Ոստիկաններն ընդդեմ պետի տեղակալի. խառնաշփոթ Սյունիքի մարզային վարչությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանության Սյունիքի մարզի վարչությունում նոր աղմուկ է հասունանում: Մարզային վարչության ստորաբաժանումների շատ աշխատակիցներ պատրաստվում են դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից: Խնդիրը կապված է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ Անդրանիկ Մինասյանի հետ: Մեզ հասած տեղեկություններով՝ Անդրանիկ Մինասյանը մի քանի ամիս առաջ սեփական դիմումի համաձայն լքել է ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը: Մինասյանի հեռանալը Սյունիքի վարչությունում բավականին դրական փոփոխություն է ընկալվել, քանի որ համակարգում նրան բնութագրում են այսպես` այն ոստիկաններից մեկն է, որը «գողի ձեռքը երբեւէ բռնած չկա», եւ լավ է, որ հեռանում է:

Ահա այսպես աշխատանքից ազատման ու համակարգից դուրս գալու մասին դիմում գրելուց հետո ոստիկանությունում Մինասյանը հայտարարել է, թե համակարգում չնչին գումար` կոպեկներ է աշխատում եւ մասնավոր հատվածից առաջարկ ստանալով՝ որոշել է ընդունել այն եւ բարձր աշխատավարձով արժանապատիվ աշխատել: Ահա այդ «երազանքների» աշխատանքը ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը լքած Մինասյանը գտնում է «Տաթեւի» ճոպանուղում` ստանձնելով անվտանգության պետի պաշտոնը: Սակայն կարճ ժամանակ անց նա հեռացվում է աշխատանքից: Եւ տարակուսելին այն է, որ Մինասյանը հետ է վերադարձել այն համակարգը, որտեղ «կոպեկներ» էր ստանում եւ հանուն փողի հրաժարվել էր ծառայել: Ավելին՝ նա կրկին նշանակվել է մարզային վարչության օպերատիվ աշխատանքներով բաժնի պետի տեղակալ՝ Գորիսից գալով Սյունիքի մարզային ոստիկանության վարչություն:

Այս իրողությունը միանշանակ չի ընդունվել մարզային ստորաբաժանումների աշխատակիցների շրջանում, եւ շատ աշխատակիցներ երեկ «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում ասում էին, թե պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում գրել:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեց ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի օպերատիվ աշխատանքներով տեղակալ Անդրանիկ Մինասյանին, ով հայտնեց. «Իմ անվան հետ կապված այս պահին ոստիկանությունում որեւէ խնդիր չկա»: Իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ի պատասխան մեր հարցի, ասաց. «Փոխգնդապետ Անդրանիկ Մինասյանը, այո՛, Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալն է, համակարգում դժգոհություն չկա»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս