«Ժողովուրդ»-ն արդեն գրել է այն մասին, որ աշխատանքային այցով դեկտեմբերի 8-ից 11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ: Ս. Սարգսյանը նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ: Արցախի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ եւ ԼՂՀ մշակույթի նախարարները: Ավելի վաղ մենք զրուցել էինք քննարկմանը ներկա մշակույթի գործիչներից մի քանիսի հետ եւ տեղեկացրել, թե դրա ընթացքում կոնկրետ ինչ խնդիրների մասին է բարձրաձայնվել, եւ թե նախագահն ինչպես է դրանց արձագանքել: Այժմ արդեն կանդրադառնանք հայ հանրության մի ստվար զանգվածի հուզող հարցի:
Այն բանից հետո, ինչ տեղեկություն տարածվեց, թե մշակույթի կոնկրետ որ գործիչներն են հրավիրվել հանդիպմանը, սոցցանցերում մշակույթի մի շարք գործիչներ, ինչպես նաեւ այլ օգտատերեր կարծիք հայտնեցին, որ նախագահը հերթական անգամ մի հարկի տակ է հավաքել յուրայինների, եւ որ քննարկումը, ըստ էության, ֆորմալ բնույթ է կրել: Ի դեպ, օգտատերերից շատերը, հրավիրված գործիչների շարքերում տեսնելով երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին, տարակուսանք էին հայտնել. «Նա ի՞նչ գործ ունի այնտեղ»:
«Ես նախագահի հետ հանդիպում չեմ ունեցել, մենք գնացել, համերգ ենք տվել (Ռուբեն Հախվերդյանը` իր խմբով, Դավիթ Ամալյանը զորամասերում հանդես են եկել ելույթներով, հեղ.), հետո հավաքվել ենք թեյի սեղանի շուրջ եւ տուն ենք եկել: Ինքս բացարձակ ոչ մի հարց չեմ տվել նախագահին: Ինձ հրավիրել էր Արմեն Ամիրյանը, որն իմ ընկերն է: Ես էլ չկարողացա մերժել նրան»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց պարոն Հախվերդյանը:
Հետաքրքրվեցինք` երգահանը չի կարծում արդյոք, որ հանդիպումը լավ առիթ էր` իրեն հուզող մի շարք հարցեր նախագահին ուղղելու եւ առկա խնդիրների մասին բարձրաձայնելու համար. «Իմ հարցերը, կարծեմ, հազարավոր տեղեր կարդացել են, նորից պետք է հարցեր տայի՞: Ես իմ մտածողությունը չեմ փոխել, չեմ էլ փոխելու»,-ասաց պարոն Հախվերդյանը:
Մենք թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանի հետ: Նա նշեց, որ շատ կզարմանար, եթե, օրինակ, իրեն հրավիրած լինեին հանդիպմանը. «Նախագահն այդօրինակ ոչ ստանդարտ քայլեր չի անում: Եթե ինձ հրավիրեին էլ, չէի գնա: Եթե պետք է գնայի մի տեղ, որտեղ իմ ներկայությունը ձեւական բնույթ կկրեր, ես էլ չէի կարողանա ինչ-որ բան փոխել, ավելի լավ է` չգնայի: Բայց հրավեր, բարեբախտաբար, չեղավ: Ասեմ, որ ինձ չեն հրավիրում նույնիսկ առաջնախաղերի եւ հոբելյանական երեկոների»,-մեկնաբանեց տիկին Հովհաննիսյանը:
Նրա համոզմամբ` մշակույթի գործիչներին հրավիրել են` գալիք ընտրություններին «նախապատրաստելու» համար. «Ուզում են, որ բոլորիս հայտնի օղակը նորից պտտվի, եւ ընտրություններում նույն արդյունքը գրանցվի: Իսկ կանչված մշակույթի գործիչներից շատերը պարզապես մշակույթի գործիքներ են»,-եզրափակեց դերասանուհին:
Աննա Բաբաջանյան