Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այսօրվա հայտարարությունից հետո հայտարարությամբ է հանդես եկել ռազմական գործիչ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հիմնադրած «Միացյալ Հայաստան» շարժումը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սեյրան Օհանյանի սպասված քաղաքական հայտը ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակին նոր ու հաղթական լիցք է հաղորդում:
Փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի բարձրագույն իշխանությունը կարո՛ղ է և պետք է ներառի մարտական հիրավի փառավոր ուղի անցած՝ հաղթանակներից չհպարտացած և կորուստներից չընկճված հրամանատարների:
Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության միակ կայացած կառույցի՝ բանակի ստեղծման ակունքներում կանգնած և կայացման գործում մեծագույն ներդրում ունեցած մարտական գեներալը ի վիճակի է նույն հաջողություններին հասնել նաև քաղաքական ասպարեզում: Ժամկետանց ու պարտված քաղաքական գործիչներին փոխարինելու է գալիս երկրի հոգսերով իսկապես մտահոգ, իր կենսագրությամբ հաղթանակներ ամրագրած մտավորական, մարտական գեներալը:
Ուստի Միացյալ Հայաստան շարժումն անվերապահորեն սատարում է Սեյրան Օհանյանին և իր համախոհներին, գաղափարակիցներին, նաև մարտական ընկերներին կոչ է անում միանալ նոր ձևավորվող քաղաքական ուժին: Մենք մեր ողջ ներուժը, մեր կարողություններն ու հնարավորությունները օգտագործելու ենք Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժի հաղթանակի համար»:
Միացյալ Հայաստան շարժման խորհուրդ
Արթուր Ալեքսանյան
Արամ Ավետիսյան