«Արդարությունը միշտ չէ, որ օրինականության հետ, այսպես ասենք, թեւանցուկ է քայլում»,- կարծում է մեր երկրում արդարության եւ օրինականության ապահովման կարեւորագույն ինստիտուտներից մեկի՝ արդարադատության նախարարության ղեկավարը: Տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցում «Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ զրուցել է ինչպես արդարադատության համակարգում առկա խնդիրների, այնպես էլ նախարարի հետագա քաղաքական ծրագրերի մասին:
-Տիկի՛ն Հովհաննիսյան, որպես արդարադատության նախարար, պատասխանեք խնդրեմ մեկ պարզ հարցի. Ձեր կարծիքով` Հայաստանում արդարություն կա՞:
-Հարցն այդքան էլ պարզունակ չէ եւ հարցի պատասխանն էլ այնքան պարզունակ չի կարող հնչել, ինչպես կարելի էր առաջին հայացքից ակնկալել: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել այո կամ ոչ: Արդարությունը ձգտում է, հետաքրքիր փիլիսոփայական կատեգորիա: Արդարությունը երեւույթ է, որը յուրաքանչյուրն իր հանդեպ զգում է, բայց միեւնույն ժամանակ չափում իր ներքին չափանիշներով եւ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում յուրաքանչյուր մարդ իր նկատմամբ արդարության առկայության կամ բացակայության մասին դատողություններ անում է ինքը: Կարծում եմ` արդարության միջավայրի ձեւավորման եւ ընկալումների փոփոխման առումով մենք դեռեւս շատ անելինքեր ունենք:
-Ձեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ շատ հաճախ ՀՀ քաղաքացիները կամ նրանց պաշտպանները դեռ դատական գործընթացը չմեկնարկած՝ հայտարարում են, որ իրենց իրավունքների համար պայքարում գնալու են մինչեւ վերջ՝ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ այդպիսով, փաստորեն, ընդգծելով, որ ՀՀ եռաստիճան դատական համակարգից սպասելիքներ չունեն եւ արդարությունը փնտրում են ՄԻԵԴ-ում:
– Նախ սկսեմ նրանից, որ ոչ միշտ են ՄԻԵԴ-ում հասնում հաջողության: Եթե նայենք հարաբերակցությանը, կտեսնենք, որ հաճախ ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացված բողոքներն ու դիմումները ՄԻԵԴ-ի կողմից ճանաչվում են անընդունելի: Բացի դրանից նայեք, խնդրում եմ, վիճակագրությունը եւ կտեսնեք` արդյո՞ք ՀՀ քաղաքացիներն են ավելի շատ դիմում ՄԻԵԴ, թե՞ այլ երկրների քաղաքացիներ, արդյո՞ք ՀՀ-ի դեմ են շատ վճիռներ, թե այլ պետությունների: Ի դեպ, որեւէ պարագայում ես չեմ ցանկանա, որ իմ այս խոսքերը թե՛ ձեր եւ թե՛ ընթերցողի կողմից ընկալվեն այնպես, որ արդարադատության նախարարն ասում է` ամեն ինչ նորմալ է, եւ խնդիր չկա, մտածելու առիթ չկա: Մտածելու առիթ կա յուրաքանչյուր կոնկրետ դեպքով, յուրաքանչյուր այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացին բավարարված չէ, եւ որ ավելի վատ է, երբ նա իր բողոքը հիմնում է խիստ օբյեկտիվ փաստերի վրա: Ես ասացի, որ արդարադատությունը կամ արդարությունը շատ հետաքրքիր կատեգորիաներ են: Այս առումով ցանկանում եմ ընդգծել մի երեւույթ եւս շատ հաճախ մենք մեր հանդեպ արդարության բացակայությունից բողոքում ենք նաեւ այն դեպքում, երբ մենք պարզապես բավարարված չենք մեր նկատմամբ կայացված որոշումից, եթե անգամ այդ որոշումը ձեւական եւ բովանդակային առումներով համապատասխանում են օրենքի տարրին: Օրինակ` արդյո՞ք թոռը կարող է օտարել տատիկի կողմից իրեն նվիրված բնակարանը` կացարանից զրկելով նրան: Իհարկե, կարող է: Նրա գործողությունները համապատասխանում են օրենքի տառին, բայց, իհարկե, արդարացի չեն: Այդ է պատճառը, որ արդարությունը միշտ չէ, որ օրինականության հետ, այսպես ասենք, թեւանցուկ է քայլում:
– Տիկի՛ն նախարար, շարունակում է խնդրահարույց մնալ ԱՆ ենթակայության տակ գտնվող Քրեակատարողական հիմնարկների վիճակը: Կալանավորների պահման պայմանների՝ խցերի գերծանրաբեռնվածության, սննդի որակի, բժշկական ծառայությունների եւ նաեւ կալանավորների այլ իրավունքների սահմանափակման կամ խախտման մասին ահազանգերը ձեր պաշտոնավարման ընթացքում եթե չեն ավելացել, ապա չեն էլ պակասել: Ինչու՞:
– Քրեակատարողական համակարգը բավական խնդրահարույց է իր միջավայրով, եւ, այսպես ասեմ, այնտեղ գտնվող իր դերակատարներով: Այդ համակարգը տարիների ընթացքում որոշակի բարեփոխումների ենթարկվել է, սակայն, արդյո՞ք կան խնդիրներ,այո՛, կան: Ես, որպես արդարադատության նախարար, համարու՞մ եմ այս համակարագը խնդրահարույց ոլորտներից մեկը, այո՛: Քայլեր այդտեղ ձեռնարկվու՞մ են, էլի՛ այո: Այդ քայլերն արա՞գ արդյունք են տալու, ո՛չ, որովհետեւ սա այն ոլորտը չէ, որտեղ կարելի է գեղեցիկ բառերով, մի քանի հատվածային գործողություններով խնդիր լուծել: Ես շատ հաճախ դատապարտյալների հետ զրուցելիս ականատես եմ եղել, որ թե՛ ցմահ, թե՛ այլ երկարաժամկետ ազատազրկվածներին ավելի շատ հուզում է ոչ այնքան նյութատեխնիկական եւ կենցաղային պայմանները, որքան պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի պատշաճ աշխատանքը, որի հետ կապված մենք ունենք խնդիրներ, բայց ունենք նաեւ խնդիրները լուծելու մեր պատկերացումները եւ արդեն թղթին հանձնված լուծումները:
-Անդրադառնանք ձեր քաղաքական ապագային: Վերջերս դարձաք ՀՀԿ ԳՄ անդամ: Ի՞նչ կտա ձեզ այս կուսակցական առաջխաղացումը: Հայտնի է, որ ԱԺ նոր կանոնակարգով եւս մեկ փոխնախագահ է լինելու: Հնարավո՞ր է, որ այդ պաշտոնը Դուք զբաղեցնեք:
– ԳՄ անդամ դառնալը բացառապես պատասխանատվություն է: Որեւէ նմանատիպ հարց չի քննարկվել:
-Այնուամենայնիվ, ձեր քաղաքական ապագան որտե՞ղ եք տեսնում` գործադիրու՞մ, թե՞ օրենսդիր մարմնում:
-Թիմի ներսում կայացվում են որոշումներ, եւ երբ որ համապատասխան որոշումները կլինեն, ոչ միայն ես, այլեւ հանրությունը կիմանա:
-Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը մի առիթով ասաց, որ եթե ՀՅԴ-ն որոշի, որ Գեղամ Մանուկյանը պետք է դառնա լողի չեմպիոն, ապա նա կդառնա լողի չեմպիոն: Հիմա եթե Հանրապետականը որոշի, որ Դուք պետք է զբաղեցնեք կամ այլեւս չզբաղեցնեք այս կամ այն պաշտոնը, Դուք աներկբա կընդունե՞ք այդ որոշումը, անգամ եթե այն ձեր սրտով չլինի:
-Երբ այդպիսի առաջարկություն արվի, ապա ինձ հնարավորություն կտրվի արտահայտելու իմ տեսակետը:
-Դուք համարվում եք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պրոտեժեն: Կարեն Կարապետյանի Կառավարությունում Դուք ձեզ հարմարավետ զգու՞մ եք:
-Նոր կառավարությունում եւս ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները:
զրուցեց Վահագն Հակոբյանը
Հարցազրույցի ամբողջական տարբերակն ArmLur.am-ի տեսանյութում` ավելի ուշ: