Կապիկի տարին համակարգային առումով կորուստների ծանր տարի էր նաեւ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի համար: Իհարկե, անձնական կյանքում նա խոշոր ձեռքբերումներ ունեցավ, բայց երիցս սթափվելու հայտնի կոչերը շարունակում են արդիական մնալ Ձեր համակարգի յուրաքանչյուր աշխատողի համար:
Շան համաստեղության տակ ծնված ոստիկանապետին աստղերը հուշում են լինել առավել զգոն, չկորցնել հավատարմության հատկությունները, հեռանալ ներպալատական խարդավանքներից, շիտակ լինել, քանի որ աքաղաղը կտցահարելու հատկություն ունի: 2017-ը եւս կլինի փորձություններով լի, որոնցից դուրս գալու գինը հնարավոր է՝ շատ թանկ արժենա: Պայքարը լինելու է ողջ տարվա Ձեր անշեղ ուղեկցիը. պայքար ներսում Ձեր եսի հետ, դրսում՝ անհասկացվածությունը հաղթահարելու գործում, համակարգում՝ արդարության պատրանքն ապահովելու համար եւ, ամենակարեւորը, պայքար՝ քաղաքացիների դեմ, որոնք կաշխուժանան մինչեւ ամռան ամիսները ներառյալ:
Աստղերը խորհուրդ են տալիս առաջնորդվել խղճի մտոք եւ ականջալուր չլինել կողքի կարծիքներին, որոնք կտանեն Ձեզ դեպի մեկուսացման, ինչը կբերի իմիջի զգալի անկման: Աշնանը գուցե Ձեզ տրվի խաղաղվելու հնարավորություն, եթե մինչ այդ Ձեր խղճի հետ հաշտ գործեք:
Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում
Պետական եւ քաղաքական այրերի ապագան գուշակեց Թագուհի Թովմասյանը