Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դետեմբերի 3-ին՝ ԲՀԿ քաղխորհրդի նիստի ավարտից հետո, կուսակցության անդամները զրուցել են Գագիկ Ծառուկյանի հետ, եւ ըստ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի՝ Ծառուկյանը նշել է, որ ինքը, որպես երկրի համար մտահոգ անձնավորություն, անպայման մասնակցելու է առաջիկա քաղաքական գործընթացներին: Թե ինչ ձեւաչափով ու երբ, Ծառուկյանը խոստացել է հանդես գալ առանձին հայտարարությամբ:
Իսկ առայժմ մեզ տեղեկություններ հասան, որ հնարավոր է՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնա «Ծառուկյան դաշինքով»: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի, ինչպես նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ, ով եւս մասնակցել է դեկտեմբերի 3-ի հանդիպմանը:
-Պարո՛ն Բոստանջյան, դեկտեմբերի 3-ին՝ ԲՀԿ քաղխորհրդի նիստի ավարտից հետո, կուսակցության անդամները, այդ թվում եւ Դուք, հանդիպել եք Գագիկ Ծառուկյանի հետ: Ի՞նչ հարցեր եք քննարկել:
-Իհարկե, գաղտնիք չի, ինչ գաղտնիք կա այդտեղ, մենք քաղխորհրդի նիստի արձանագրությունը, որոշումը տարել ենք, հանձնել ենք պարոն Ծառուկյանին: Այնտեղ են եղել բավականաչափ մեծ թվով մարդիկ՝ բացի քաղխորհրդի անդամներից, ու պարոն Ծառուկյանը պարզապես ասել է, որ ես որոշ ժամանակից հետո պատասխան կտամ՝ հարմար գտնում եմ, թե ոչ: Սա է եղել ողջ պատմությունը:
-Իսկ Դուք Գագիկ Ծառուկյանի հետ Ձեր քաղաքական ապագայի հետ կապված առանձին չե՞ք խոսել:
-Բացարձակապես: Որեւէ նման խոսակցություն ընդհանրապես որեւէ մեկի վերաբերյալ չի եղել: Կարող եք այն, ինչ Ձեզ փոխանցեցի, մեզանից յուրաքանչյուրից հարցնել: Ծառուկյանն ասաց՝ սիրելի ժողովուրդ, հասկանում եմ ձեզ, շատ ընդունում եմ ձեր ասածը, բայց ես պետք է մտածեմ՝ որոշում կայացնելու համար, խնդրում եմ՝ ինձ ընձեռեք հնարավորություն, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կարողանամ մտածել, թե ինչ եմ անելու:
-Այդ հանդիպումից հետո այլ հանդիպում Դուք չե՞ք ունեցել:
-Ես որ չեմ ունեցել:
-Անցել է արդեն 2 շաբաթից ավել, բայց Գագիկ Ծառուկյանը դեռ մտածում է: Ի՞նչն է խանգարում նրան խոստացած մեկ շաբաթից հետո հայտնել իր որոշման մասին:
-Ինքս էլ մտածում եմ, որ մեկ շաբաթը անցել է, երեւի պայմանավորված է այլ հանգամանքներով, երեւի հետաձգվել է, բայց ես լսել եմ այդ մեկ շաբաթը:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ հանգամանքներով կարող է պայմանավորված լինել այդ հետաձգումը, ինչի՞ն է սպասում Գագիկ Ծառուկյանը. Սերժ Սարգսյանի թույլտվությա՞նը, թե՞ այլ խնդիր կա:
-Եթե ես ասեմ, դա կլինի մասնավոր, արժեք չներկայացնող միտք: Գիտեք, ընդհանուր առմամբ քաղաքական այդ դաշտը, համակարգի ձեւավորումը հասարակ երեւույթ չի, եւ դրանով պայմանավորված՝ ուզում եմ ենթադրել, որ անպայման անձամբ ինքը կունենա մտքեր, խոսակցություններ, որոնց մասին ես տեղյակ չեմ եւ ոչ էլ կուզենայի իմանալ, քանի որ դա արդեն մարդու անձնական գործն է:
-Անկախ Գագիկ Ծառուկյանի վերադարձից՝ Դուք կցանկանայի՞ք 2017թ-ին Ձեզ տեսնել խորհրդարանում:
-Մտածում եմ, որ տարիքային առումով, ամենայն հավանականությամբ, երիտասարդ, շատ ավելի մեծ ավյունով մարդիկ գտնվելու պարագայում մեր երկրի համար դա լավ է: Անձամբ ես այդպես մեծ հուզականություն չունեմ այս ամենի վերաբերյալ, բայց միեւնույն ժամանակ Գագիկ Ծառուկյանը որոշակի պարագաներում պետք է նախատեսի, թե ինչպես պետք է լինի, ինչպես պետք է կուսակցությունը գործի: Եթե այդ պարագայում ցանկալի կլինի իմ այնտեղ ընդգրկվելը, այն ժամանակ, ամենայն հավանականության, երեւի թե իրավունք չեմ ունենա հակառակ պնդումը անել:
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյան
-Տիկի՛ն Տոնոյան, Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպած քաղաքական գործիչները լսել են, որ նա ասել է, թե առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պետք է մտածի եւ որոշում կայացնի: Անցել է արդեն շուրջ 2 շաբաթ, բայց Ծառուկյանի հայտարարությունը ուշանում է, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ինչպես գիտեք՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ առաջիկայում քաղաքականություն վերադառնալու թեմայի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա: Ես այս պահի դրությամբ որպես հիմք կընդունեմ պարոն Ծառուկյանի հայտարարությունը, հստակ ժամկետներ չեն նշվել, ինչպես պարոն Ծառուկյանը խոստացել է՝ առաջիկայում հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:
-Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնա «Ծառուկյան դաշինքով»: Կա՞ նման քննարկում:
-Անկեղծ ասած, նման տեղեկատվության չեմ տիրապետում:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ, Ս. ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԱՅՍՕՐ
Իր աղմկահարույց ասուլիսից հետո տեւական ժամանակ ձգելով ինտրիգը՝ Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ, «Երրորդ հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը երեկ վերստին հանդիպեց լրագրողների հետ:
Ի տարբերություն հոկտեմբերի 11-ի՝ երկու ժամ տեւած ասուլիսի, այս անգամ Վիկտոր Դալլաքյանի հանդիպումը լրագրողների հետ տեւեց մեկ ժամ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ու ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոններից, լքում է Հանրապետական կուսակցությունն ու մտնում ակտիվ քաղաքականություն:
Այս ասուլիսի ժամանակ էլ Դալլաքյանը, ըստ էության, ամբողջապես չբացեց խաղաքարտերը, ընդամենը սահմանեց խաղի մի քանի կանոններ: Նախ նա նշեց գլխավոր կանոնը, որը պետք է ընդհանուր լինի բոլոր այն քաղաքական ուժերի համար, որոնք ցանկանում են համագործակցել իրենց հետ. «Մենք պատրաստ ենք համագործակցել այն բոլոր քաղաքական ուժերի եւ անհատների հետ, որոնք դնում են հետեւյալ խնդիրը. Հայաստանում խաղաղ ճանապարհով՝ ընտրությունների միջոցով, իշխանափոխություն իրականացնել: Այսինքն՝ քաղաքական ուժերը, որոնք ընդունում են այն մոտեցումը, որ 2017 թվականին ընտրությունների միջոցով պետք է իրականացնել խաղաղ իշխանափոխություն, մենք պատրաստ ենք այդ քաղաքական ուժերի հետ համագործակցել»: Վիկտոր Դալլաքյանը իր խոսքում, ըստ էության, նշեց նաեւ այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են կամ արդեն ունեն դաշինքային հարաբերություններ իրենց հետ. «Եթե մեզ հաջողվի հասնել լայն համագործակցության եւ այդ համագործակցության շրջանում ձեւավորվել, դաշինքային հարաբերություններին կարող են մասնակցել ե՛ւ հայտնի կուսակցություններ, ե՛ւ հայտնի քաղաքական ռազմական գործիչներ, որոնք կարող են գլխավորել այդ դաշինքի ցուցակը»:
Ասուլիսի ընթացքում Դալլաքյանն անդրադարձավ նաեւ դեկտեմբերի 23-ին կուսակցության սպասվելիք համագումարին, ապագայի ծրագրերին, այս ընթացքում տեղի ունեցած քաղաքական «թաքուն» հանդիպումներին. «Այս ընթացքում ես հանդիպել եմ բազմաթիվ կուսակցությունների լիդերների հետ, եղել են որոշակի քննարկումներ, կուզեք՝ նաեւ քաղաքական կոնսուլտացիաներ, եւ առաջիկայում հրապարակայնորեն մենք կանդրադառնանք այդ հարցերին»:
Րաֆֆի Հովհաննիսյան, Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան, թվարկելով այս քաղաքական եւ ռազմական գործիչների անունները՝ Դալլաքյանը շտապեց կանխել լրագրողների հարցերը նրանց հետ հնարավոր համագործակցության մասին. «Ընդամենը կարող եմ ասել այն, որ ես որոշակի հանդիպումներ ունեցել եմ տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ»:
Դալլաքյանը բացահայտեց նաեւ արդեն գրեթե «բացահայտվածը». «Իմ հրաժարականից հետո ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Սեյրան Օհանյանի հետ: Մենք ՀՀ-ում ստեղծված իրավիճակը գնահատում ենք նույն ձեւով, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը: Եւ կարող եմ ասել՝ առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, որով նա կհայտարարի իր մուտքը քաղաքականություն, եւ մենք համագործակցելու ենք»:
Չնայած Դալլաքյանը որոշեց պահել ինտրիգը՝ չբացահայտելով Սեյրան Օհանյանի հայտարարության կոնկրետ օրը, սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սեյրան Օհանյանը, ըստ ամենայնի, հայտարարությամբ հանդես կգա հենց այսօր:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում նոր «Հարկային օրենսգրքի» վիճակախաղերի եւ շահումով խաղերի պետական տուրքի չափը հինգ անգամ ավելացնող դրույթը: Ինչ է սա նշանակում: Այսինքն` հունվարի 1-ից ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ շահումով խաղերի ոլորտի համար նախատեսված տարեկան տուրքը բարձրացվելու է 450%-ով, այսինքն` 4,5 անգամ, գոծող օրենքի համաձայն՝ 100 մլն դրամի փոխարեն՝ 500 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը «Եվրոֆուտբոլ» ընկերության իրավաբանական գծով տնօրեն Մառլեն Սմբատյանից հետաքրքրվեց, թե ինչ են պատրաստվում անել հունվարի 1-ից հետո: Ի պատասխան մեր հարցմանը` Սմբատյանը տեղեկացրեց. «Դեռ սպասում ենք ֆինանսների նախարարության եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության արձագանքին, հանդիպել ենք, խոսք են տվել համապատասխան պաշտոնատար անձանց իրավիճակը ներկայացնել, բայց դեռեւս ոչ մի առաջընթաց չկա»:
Սմբատյանի խոսքով` ամեն ինչ անելու են, որ «Հարկային օրենսգրքի» այդ դրույթը փոխվի:
888 ՀԱԶԱՐԱՆՈՑ ԱՍՈՒԼԻՍԸ
Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց նախարարության 2016 թվականի եւ իր պաշտոնավարման 3 ամսվա գործունեության արդյունքները: Ինչպես հայտնեց նախարարը` ասուլիսը կազմակերպելու համար ծախսել է 888 հազար դրամ: Իրեն բնորոշ «հուզվածությամբ», իր ղեկավարի` վարչապետ Կարեն Կարապետյանի նախընտրելի լակոնիկ ոճով Մարտիրոսյանն ամփոփեց տարին: Հատկանշական էր հատկապես ասուլիսից հետո Մարտիրոսյանի զրույցը լրագրողների հետ: Պարզվեց՝ նախարարն իր հետ բերել էր նաեւ Հանրապետական կուսակցության կանոնադրության «շպարգալկան» եւ անհամբեր սպասում էր, որ լրագրողները, երբ կուսակցության կանոնադրության մասին հարցնեն, կարողանա պատասխանել հստակ` փորձելով ապացուցել, որ ինքը ծանոթացել է, հավանել է եւ տեղյակ է արդեն «հարազատ» կուսակցության կանոնադրությունից: Անկեղծ էր, այո՛, ստացվե՞ց համոզել, որ գիտակցված է ՀՀԿ-ական դարձել, իհարկե, ո՛չ:
1800 ԴՐԱՄԱՆՈՑ ԲԱՑԻԿՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը դեկտեմբերի 12-ին պայմանագիր է կնքել «Հայրապետ հրատարակչություն» ընկերության հետ՝ բացիկների գնման նպատակով: Ըստ այդմ, գնվել է 550 հատ բացիկ, իսկ յուրաքանչյուր բացիկի համար վճարվել՝ 1800 դրամ: Այսինքն՝ պետական միջոցներից 550 հատ բացիկի համար հատկացվել է 990 հազար դրամ: ՀՀ կառավարության աշխատակազմի պահանջով բացիկները ծրարով պետք է լինեն, թուղթը՝ 285 գրամ, արծաթե ուռուցիկ դաջվածքով, միջուկով՝ պերգամենտ 130 գրամ: Ենթադրվում է, որ բացիկները Ամանորի համար են նախատեսված: