«Ես որոշում եմ կայացրել ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական եւ մասնավորապես ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով՝ հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման»,- այսպիսի զուսպ եւ ինչ-որ տեղ «շաբլոն» տողերով երեկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վերջապես հանդես եկավ քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարությամբ:
Իհարկե, անսպասելի չէր Օհանյանի այս հայտարարությունը: «Ժողովուրդը» դեռեւս ամիսներ առաջ էր գրել նախկին ՊՆ նախարարի՝ քաղաքականություն մուտք գործելու ծրագրերի մասին, նախօրեին էլ հստակ նշել էինք, որ երկար սպասված այդ հայտարարությունը հենց երեկ է լինելու: Բայց թե որքանով հեշտ կընթանա Օհանյանի անցումը ռազմական դաշտից դեպի քաղաքական, պարզ կդառնա առաջիկայում եւ մեծապես կախված կլինի այն հանգամանքից, թե քաղաքական որ ճամբարում՝ ընդդիմադիր թե իշխանական, նա կծավալի իր գործունեությունը:
Իսկ մինչ Օհանյանը անձամբ կհայտարարի իր որոշման մասին, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ, «Երրորդ հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը նախօրեին հրավիրած ասուլիսում շտապեց հատարարել, որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես եւ այդ իրավիճակից դուրս գալու ելքերը իրենք Օհանյանի հետ գնահատում են նույն ձեւով: Եվ քանի որ Դալլաքյանը պաշտոնապես հայտարարել է, որ ինքը հանդես է գալու ընդդիմադիր դաշտում եւ համագործակցելու է Օհանյանի հետ, ենթադրվում է, որ Օհանյանին եւս կտեսնենք ընդդիմադիր դաշտում:
Անցած ճանապարհը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ողջ գիտակից կյանքում գործունեություն է ծավալել ռազմական դաշտում` թե՛ Լեռնային Ղարաբաղում եւ թե՛ Հայաստանում. նախ՝ հրաման կատարողի դերում է եղել, ապա՝ հրաման արձակողի: Արցախյան գոյամարտում Սեյրան Օհանյանը մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին։ 1992թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնում։ 1994թ. սեպտեմբերից մինչեւ 1998թ. հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։ 1998թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։ 1999թ օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար, 2000թ. հունվարին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։ Իսկ արդեն 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Սեյրան Օհանյանն այն պաշտոնյաներից է, ով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններում նշանակալի դերակատարություն է ունեցել. «Կուզենայի նախազգուշացնել բոլոր քաղաքացիներին, որ ցանկացած փորձ ներգրավվելու արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը … զինված ուժերի կողմից անմիջապես արժանանալու է համարժեք եւ խիստ հակազդեցության՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մասնավորապես զերծ մնալ … քաղաքում թեկուզ եւ փոքր խմբերով հավաքվելու փորձերից, նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ … զինված ուժերը պարտավոր են համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ»: Այս տեքստի հեղինակը նույն ինքն է` Սեյրան Օհանյանը, ով այդ օրերին զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: 2008-ի մարտի 2-ին հնչեցված այս սպառնալիքները հասցեագրված էին ՀՀ քաղաքացիներին: Ըստ էության, Սեյրան Օհանյանը այն բարձրաստիճան պաշտոնյաների թվում է, ովքեր 10 մարդու արյան գնով ապահովեցին Սերժ Սարգսյանի իշխանությունը: Ու պատահական չէ, որ դրանից հետո՝ 2008թ. ապրիլի 14-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով նա նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, եւ ինչպես հայտնի է՝ այդ պաշտոնին մնաց մինչեւ 2016 թվականի սեպտեմբերը:
Կարեն Կարապետյանի գալստյամբ վերաձեւավորված կառավարությունում Օհանյանին չհաջողվեց պահպանել իր պաշտոնը, եւ հենց այդ փաստը դրդեց Օհանյանին իր երկար տարիների ռազմական ճանապարհը ընդհատել՝ մուտք գործելով քաղաքական դաշտ:
Ինչ միջոցներով եւ
ինչ հեռանկարներով
Գաղտնիք չէ, որ քաղաքական դաշտում ազդեցիկ գործունեություն ծավալելու համար միայն համախոհների մարդկային ռեսուրսները քիչ են: Լուրջ հայտ ներկայացնելու համար Օհանյանին հարկավոր են նաեւ նյութական ռեսուրսներ: «Ժողովուրդ»-ը Օհանյանի` պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկացավ, որ նա պաշտոնապես ունի միայն 18 մլն դրամ հետ գցած գումար, իսկ եկամտի չափը կազմել է ավելի քան 7 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից եւ կենսաթոշակից: Բնականաբար աշխատավարձի եւ կենսաթոշակի հույսին ապրող մարդուն, այն էլ հայկական քաղաքական իրողությունների պայմաններում, չի հաջողվի ցանկալի արդյունք ապահովել: Օհանյանի բիզնեսների եւ ունեցվածքի մասին մամուլը տարբեր տարիներին տարբեր տեղեկություններ է հրապարակել: Թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, եւ արդյոք նախկին ՊՆ նախարարն իր անձնական ունեցվածքը կներդնի քաղաքական ծրագրերի իրականացման գործում, դժվար է ասել: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Օհանյանը նաեւ ռուսական ուժային շրջանակների հետ սերտ կապեր ունի, եւ չի բացառվում, որ ռուս ընկերներն օգնության ձեռք մեկնեն:
Թե ինչպիսին կլինի Սեյրան Օհանյանի քաղաքական կարիերան, արդյոք այն նույնքան հաջող կլինի, որքան ռազմականը, դժվար է կանխատեսել: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում Օհանյանի քաղաքական ապագան այսպես կանխորոշեց. «Քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին, կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարող արձանագրել շատ մեծ արդյունքներ, բայց ինչ-որ մի տեղ քաղաքական արեւի տակ կարողանում են զբաղեցնել` ունենալով որոշակի քաղաքական ծրագիր, ամբիցիաներ»: Վերջում հավելենք, որ երեկ՝ ողջ օրվա ընթացքում, մի խումբ ազատամարտիկներ ողջունեցին Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն, իսկ «Միացյալ Արմենիա» շարժումը` Արթուր Ալեքսանյանի` Ամարասի Արթուրի գլխավորությամբ, հրապարակավ իր աջակցությունը հայտնեց Սեյրան Օհանյանին:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՑ
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել եւ բռունցքով հարվածել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին: Պատճառը եղել է այն, որ լրագրողի հարցը դուր չի եկել պատգամավորին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի` իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ մամուլի հրապարակումների, ինչպես նաեւ «Հրապարակ» օրաթերթի լրագրողի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` ծեծ: Մեր տեղեկությունը հաստատեցին նաեւ hատուկ քննչական ծառայությունից: Հրավիրվե՞լ է հարցաքննության պատգամավորը, թե ոչ, առայժմ պարզել չհաջողվեց: Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ երբ հաստատվի պատգամավորի մեղադրանքը, ՀՔԾ-ն պետք է Ազգային ժողովին դիմի, որպեսզի փակ գաղտնի քվեարկությամբ պատգամավորները թույլ տան Ռուբիկ Հակոբյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ: Ինչո՞ւ, որովհետեւ պատգամավորն անձեռնմխելի է:
ՄՈՆՈՊՈԼԻԱ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունն այսօր տեղի ունեցող նիստի ժամանակ փոփոխություն է մտցնելու «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդ փոփոխության` սահմանվելու է, որ հունվարի մեկից վիճակախաղերի եւ շահումով խաղերի պետական տուրքի չափը հինգ անգամ ավելացվելու է` 100 մլն դրամի փոխարեն դառնալով 500 մլն դրամ:
Ինչպես հայտնի է` ոլորտում գործող ընկերություններն այս ընթացքում հանդիպումներ են ունեցել թե՛ ֆինանսների եւ թե՛ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություններում: Երկու գերատեսչություններն էլ հայտնել են, որ նրանց բարձրացրած մտահոգությունների մասին կհայտնեն իրենց վերադասներին: Բայց ինչպես պարզվում է` հայրենի կառավարությունը ոչ մի զիջման չի պատրաստվում գնալ եւ որոշել է այս դաշտում մոնոպոլիա ստեղծել:
Նշենք, որ օրենքի այդ դրույթի ուժի մեջ մտնելուց հետո շուկայում առկա 4 ընկերություններից կմնա միայն 65%-ը տիրապետող մեկ ընկերություն, այն է` «Վիվառո» ՍՊԸ-ն, որը պատկանում է Վահե, Վիգեն Բադալյան եղբայրներին: Նրանք գործում են նախագահականի հովանավորության տակ: Ահա թե ում համար է կառավարությունը պաշտոնական մենաշնորհ ստեղծում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ
Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: «Անցնող 2016 թվականն առանձնահատուկ էր մեր նորագույն պատմության մեջ: Մենք ստիպված եղանք դիմակայել մեզ անակնկալի բերելու անհաջող փորձ կատարած ոսոխին, իսկ դրանից ընդամենը ամիսներ անց հանգուցալուծել երկրի մայրաքաղաքի կենտրոնում զինված հարձակում իրականացրած եւ պատանդներ վերցրած հանցախմբի ստեղծած իրավիճակը: Այս եւ տարվա ընթացքում տեղի ունեցած այլ իրադարձությունների ժամանակ ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումները, իրականացնելով իրենց գործառույթները, դրսեւորեցին պատրաստվածության անհրաժեշտ մակարդակ, թույլ չտվեցին, որ կատարված ոտնձգություններն ունենան անդառնալի հետեւանքներ մեր պետականության եւ սահմանադրական կարգի համար»,-ասված է նրա ուղերձում:
ՆՈՐԸՆՏԻՐՆԵՐՈՎ
Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀԱԿ նորընտիր վարչության նիստ: Վարչությունը, համաձայն համագումարում կայացված որոշման, լրամշակել եւ հաստատել է համագումարի բանաձեւը, որը կհրապարակվի առաջիկա օրերին: Վարչության անդամ Ավետիս Ավագյանը հաղորդում է ներկայացրել խորհրդարանական ընտրություններին տեղամասերում նկարահանումն ու ուղիղ հեռարձակումը կազմակերպելու միջկուսակցական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ:
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Այս մասին որոշումը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: