Armlur.am-ը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ քննարկել է մշակույթի ոլորտի մի քանի ծրագրեր: Դրանցից առաջինն առնչվում է գրահրատարակչության ոլորտին: Վերջերս նախարարը հայտարարեց, որ ժամանակակից գրականությանն աջակցելու նոր տարբերակ է մշակվել. 2017-ին նախատեսվում է եռամսյա հեռուստատեսային հաղորդում, որին մասնակցելու է 5 հրատարակիչ, 15 գրող` իրենց ստեղծագործություններով, 30 մտավորական եւ մեր հասարակությունը` ուղիղ եթերում:
Հրատարակիչները ընտրելու են 15 գրողներից 5-ին, միմյանց հետ բանակցելու են, թե ով ավելի շատ հոնորար կվճարի ստեղծագործության դիմաց, ով ավելի մեծ տպաքանակով կհրատարակի: Մտավորականությունն ու հասարակությունն էլ ընտրելու են եւս 5 գրողի ստեղծագործություն: Գրական շրջանակներում կարծիքներ են շրջանառվում այն մասին, որ սա հիշեցնում է հեռուստատեսային շոու-աճուրդի: Մենք հետաքրքրվեցինք` գրքի ընտրությունն արդյոք նպատակահարմար է իրականացնել այս տարբերակով:
Նախարարի հետ զրուցեցինք նաեւ նրա առաջարկով ստեղծվող համահայկական սիմֆոնիկ նվագախմբի մասին, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող մեր հայրենակիցները: Երաժշտական աշխարհում քննարկվում է այն կարծիքը, որ սա բազմատեսակ ռեսուրսների վատնումի տեղիք կտա: Մենք պարոն Ամիրյանին հարցրել ենք` ինքը նման մտահոգություն ունի, թե` ոչ:
Եվ մյուս թեման, որի շուրջ զրուցել ենք, վերաբերում է մի շարք արվեստագետների, այդ թվում` նկարիչների և քանդակագործների մտահոգությանը. նրանք նշում են, որ պետական պատվերներ հազվադեպ են ստանում և ստիպված են լինում իրենց աշխատանքները առաջարկել փողատերերի, որոնք սկսում են ճաշակ թելադրել: Armlur.am-ը հետաքրքրվել է` այս պայմաններում ինչպես պետք է արվեստագետն իր գոյությունը պահպանի:
Մանրամասները՝ տեսանյութում
Աննա Բաբաջանյան, Նարեկ Սարգսյան