ArmLur.am-ի խմբագրությունն արդեն մի քանի օր է՝ բազմաթիվ ահազանգեր է ստանում Երևանի տարբեր վարչական շրջանների բնակիչներից այն մասին, որ իրենց բակային տարածքներում և բազմաբնակարան շենքերի մայթերին առատ ձյան պատճառով գոյացել են սառցաբեկորներ, որի հետևանքով մարդիկ սայթաքել են՝ ստանալով տարբեր աստիճանի կոտրվածքներ:
Ըստ նրանց՝ արդեն մի քանի օր է ինչ բնակիչները չեն նկատել ո՛չ քաղաքապետարանի, ո՛չ «Սանիթեք»-ի ներկայացուցիչներին մաքրման աշխատանքներ կատարելիս:
Այս խնդրի շուրջ ArmLur.am- ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Երևանի բոլոր վարչական շրջաններին տրամադրվել են համապատասխան չափի աղի և ավազի խառնուրդներ. «Առաջնահերթությունը դրվել է թեքային հատվածների վրա, քանի որ այնտեղ սահելու հավանականությունն ավելի մեծ է»:
Արթուր Գևորգյանի խոսքով՝ այն հատվածներում, որտեղ աղ ու ավազով մշակում չի արվել, տեղի պատասխանատուները կենթարկվեն համապատասխան տույժերի: Վերջինս նշեց նաև, որ բարձրացված խնդրի շուրջ կկատարվեն համապատասխան ուսումնասիրություններ:
ArmLur.am-ը զրուցեց նաև «ՍԱՆԻԹԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մամլո խոսնակ Էլեոնորա Շխրդյանի հետ:
«Բողոքներ լինում են, որ ստանում ենք, դրանք միանգամից փոխանցվում են համայնքի պատասխանատուներին և ղեկավարներին և բողոքի հասցեներով գնում ենք: Բոլոր հասցեներում էլ մաքրման աշխատանքներ կատարվում են: Գրաֆիկ ունենք, դրանով աշխատում ենք»,-նշեց նա:
Ստացվում է, որ ArmLur.am-ը մինչև քաղաքացիների խնդրով չդիմեց «ՍԱՆԻԹԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, այն, թերևս, չէր պատրաստվում «մատը մատին տալ» :
Հավելենք, որ և՛ Երևանի քաղաքապետարանից և՛ «ՍԱՆԻԹԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից մեզ հավաստիացրին, որ անմիջապես կձեռնարկվեն համապատասխան գործողություններ: Իսկ մենք համակ ուշադրությամբ կհետևենք այդ աշխատանքներին:
Լիդա Եղիազարյան