Քաղաքացու կենսաթոշակի վճարումն ուշացրե՞լ էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.am-ի խմբագրություն էր զանգահարել Երեւանի բնակչուհի Էմմա Խնկոյանը, ով դժգոհելով պատմել էր, որ իր կենսաթոշակը իրեն պետք է տուն բերեն, սակայն դեռ չեն բերել: Պատճառն այն է, որ ինքը անկողնային պառկած է, ինչի համար էլ փոստատարը այն պետք է բերեր տուն: Տիկին Խնկոյանի խոսքով` այն դեռ պետք է հունվարի 4-ին կամ 5-ին բերեին, բայց մինչ օրս չի ստացել:

«Թող գան տեսնեն, որ Նոր տարի չեմ արել: Կիսասոված պառկած եմ: Իմ հարեւանն ինձանից ավելի վատ վիճակում է ապրում, իրեն էլ տուն չեն բերել թոշակը»,- ArmԼur.am-ին ներկայացրել էր տիկին Խնկոյանը:

Խնդրի առնչությամբ ArmԼur.am-ը դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն: ՍԱՊԾ մամուլի խոսնակ Արամայիս Շահբեկյանը ArmԼur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վճարման առաջին 2 օրերին կենսաթոշակը փոստային բաժանմունքներում են վճարում, իսկ վճարման երրորդ օրվանից սկսած փոստատարներն այցելում են մարդկանց տները:

«Այսինքն այսօր՝ հունվարի 9-ը տունայցերի առաջին օրն է: Ընդ որում, եթե թոշակառուն տանը չի լինում, ապա նրանք կրկին են այցելում և այդպես մինչեւ ամսի 20-ը», – նշեց նա:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ ավելի ուշ, մեզ հայտնի դարձավ, որ ՍԱՊԾ-ն զբաղվել է այս խնդրով, իսկ քաղաքացին այսօր ստացել է իր կենսաթոշակը:




Լրահոս