ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով ժամկետային զինծառայող Վարդան Մաթևոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
08.04.2016թ.` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը:
Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն: Մյուս 4 զինծառայողներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը՝ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեքենան ունեցել է արգելակման համակարգի անսարքություններ, ինչի մասին իրավասու անձինք նախապես տեղյակ են եղել։
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի նյութաապահովման վաշտի պայմանագրային զինծառայող, վարորդ ԱԱզիզյանի, ավտոծառայության պետ, մայոր Կ.Վահանյանի, տեխնիկական ստուգման հսկիչ տեխնիկական կետի պետ, ենթասպա Հ.Հովհաննիսյանի կողմից ավտոմեքենայի շահագործման կանոնները խախտելու հետևանքով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան շահագործվել է՝ արգելակման համակարգի անսարք լինելով հանդերձ։
Բացի այդ, նույն զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Գ.Գևորգյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով մարտական դիրքից գույքը և հերթապահություն իրականացնող անձնակազմը զորամաս են տեղափոխվել բեռնատար ավտոմեքենան համապատասխան նստարաններով չկահավորված և թափքը գույքով բեռնված։ Արդյունքում՝ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը, որի հետևանքով մեքենայում գտնվող շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ա.Ազիզյանին, Կ.Վահանյանին, Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), Գ.Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելը, եթե դրանք էական վնաս են պատճառել):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: