Բոլորը բանակցում են բոլորի հետ. որևէ մեկը չի ասում, թե մասնավորապես ու հատկապես ինչի շուրջ են բանակցում. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մնացել է երեք ամսից պակաս ժամանակ, սակայն, չնչին բացառություններով, Հայաստանի քաղաքական դաշտում դեռևս, մեղմ ասած, որոշակիություն չկա՝ ինչպես են քաղաքական ուժերը մասնակցելու դրան։ Տևական ժամանակ է՝ գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են, որ բանակցում են իրար հետ նախընտրական դաշինքներ կազմելու շուրջ։ Բոլորը բանակցում են բոլորի հետ, բայց որքան շատ են նրանք բանակցում, այնքան ավելի է ընդգծվում այդ գործընթացի դատարկությունը, քանի որ գրեթե որևէ մեկը չի ասում, թե մասնավորապես ու հատկապես ինչի շուրջ են բանակցում ու հատկապես որ գաղափարի, տեսակետի, սկզբունքի վերաբերյալ ընդհանրություններ կամ տարաձայնություններ ունեն։

Չեն ասում ոչ թե՝ որովհետև գաղտնի է, այլ՝ որովհետև Հայաստանի քաղաքական կյանքում չկան գաղափարներ, տեսակետներ, սկզբունքներ, և ամեն ինչ հանգում է որևէ գնով ու որևէ կերպ խորհրդարանում հայտնվելու նպատակին։ Ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ քաղաքական օրակարգում չկա որևէ բանավեճ երկրի զարգացման այս կամ այն ուղղության, որևէ ռազմավարական հարցում այլընտրանքային մոտեցումների մասին, և բանավեճ կոչվածը հանգում է ընդամենը հաշվարկներին, թե որ ուժը որ ուժի ու ամենակարևորը՝ իշխանության հետ ինչպիսի պայմանավորվածության շրջանակում կհաղթահարի Ազգային ժողով անցնելու արգելքը։

Այսօրվա իրավիճակը հերթական անգամ, բայց շատ ավելի ընդգրկուն կերպով ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դաշտի դատարկությունը, քաղաքականության բացակայությունն ընդհանուր առմամբ։ Տարիներ շարունակ իշխանությունների հետևողական ջանքերով ու ընդդիմադիրների հետևողական թուլություններով քաղաքականությունը հասցվեց ընդամենը մանդատակռվի մակարդակի, որը քաղաքականության՝ իշխանության երազած մակարդակն է։ Արդյունքում՝ ապրիլի 2-ին հասարակությունն ընտրություն է կատարելու իշխանության և իշխանության որոշած ոչ իշխանական ուժերի միջև, որոնց դեռևս իներցիայով անվանում ենք ընդդիմություն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս