Տավուշցիները դժգոհ են. «ՀիմնաՏավուշ»-ի արտադրած կաթնամթերքը չի վաճառվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից: Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունն ուղղված է Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, Տավուշի սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը:

Տավուշի բնակիչները, սակայն, դժգոհ են, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի արտադրած կաթնամթերքը Տավուշի մարզում չի վաճառվում: «ՀիմնաՏավուշ»-ի Իջեւանի ֆիրմային խանութը գործել է 2015թ. մարտի վերջից: Այն իջեւանցիների շրջանում բարի համբավ ուներ, օրական 100 հազար դրամի կաթնամթերք էր վաճառում: 2016թ. հիմնադրամի Իջեւանի խանութը փակվել է: Նշենք, որ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը Տավուշի մարզի անասնապահական տնտեսություններից կաթ չի ընդունում:

Այս տարեմուտին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ասուլիսի ժամանակ լրագրողները հարց բարձրացրին, որ այդ հիմնադրամն իր արտադրած պանիրը Տավուշի մարզում չի վաճառում, առաքում է Ռուսաստան, բացի այդ՝ հիմնադրամի գործունեությունը լրատվամիջոցների համար թափանցիկ չէ:

Տավուշի մարզպետն ասաց, որ 2016թ. ընթացքում հիմնադրամը 120 հազար եվրո է ծախսել դեպի սարեր հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհներ կառուցելու համար, որպեսզի հիմնադրամին պատկանող խոշոր եղջերավոր անասունները կարողանան սարեր տեղափոխել: Բացի այդ՝ «ՀիմնաՏավուշ»-ը փոքր ֆերմաներ ստեղծելու ծրագրի շրջանակներում 2016թ. Կողբ եւ Բարեկամավան գյուղերում անասնագոմեր է ստեղծել՝ 170 հազար դոլար ծախսելով:

Նշենք, որ 2016թ. հուլիսին «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայի տարածքում հորելով ոչնչացրել են 3,5 տոննա պանիր: «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի կողմից ստեղծված «ԷկոՏավուշ» ՍՊԸ տնօրեն Հասմիկ Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ այդ պանիրը կարող էր վտանգ ներկայացնել սպառողների առողջությանը: Հավելենք, որ Իջեւանի տարածաշրջանի Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրան Սարգսյանը եւ նրա 3 համագյուղացիներ 2013 թվականից դատի մեջ են «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի հետ:

Վնասի փոխահատուցման պահանջով հիմնադրամի դեմ դիտավանցիների հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար: Հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար դիտավանցիներին կանխավճար է տվել: Ըստ պայմանագրի՝ «ՀիմնաՏավուշ»-ը հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիտացորենը գերհասունացել է եւ քիչ բերք է ստացվել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս