Ինչպես տեղեկացրել էինք` հունվարի 13-ին Երևանի բնակիչ Ա.Հ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտարարություն էր տվել, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհի Ք. Ա.-ն Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չի վերադարձել:
2017 թ. հունվարի 17-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կասկածանքով բերման է ենթարկվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Գարեգին Եղիազարյանը, որը հայտնել է Ք. Ա.-ի դիակի գտնվելու վայրը:
Դին հայտնաբերվել է Արարատի մարզի Սևակավան բնակավայրի վարչական տարածքի սկզբնամասում, ձորակի լանջին:
Դիակի տեղը ցույց տալուց հետո Գարեգին Եղիազարյանը` նույն ինքը հիշյալ տաքսի ավտոմեքենայի վարորդը, խոստովանել է, որ դեկտեմբերի 27-ին ինքն է իր ավտոմեքենայում խեղդամահ արել Ք. Ա.-ին, որից հետո դիակը նետել է նշված վայրը: