Ինչու է փակվում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը, նշել էր, թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն պետք է փակվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախարարի այս հայտարարությունն իրականում բավականին խորը արմատներ ունի:

Եվ այսպես՝ նախարարը իր նոր հայեցակարգով առաջարկել էր հիվանդանոցային ձեւով բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավման, ծառայությունների բարեփոխման մի քանի տարբերակ։

«Առաջին՝ ազատությունից զրկված անձանց երկրորդային մասնագիտական բժշկական օգնություն տրամադրել միայն քաղաքացիական հիվանդանոցներում եւ փակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, եւ երկրորդ՝ վերազինել «Դատապարտյալների հիվանդանոցը» եւ այն վերափոխել որոշակի մասնագիտական ձեւով բժշկական օգնություն եւ սպասարկում մատուցող հաստատության»,- ասել էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Թերեւս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի փակման մասին խոսք չէր լինի, եթե 2016 թվականի աղմկահարույց բացահայտումը չլիներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տեսակցությունների կազմակերպման եւ իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, քրեակատարողական հիմնարկի երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի կազմակերպել եւ իրականացրել են մարմնավաճառությամբ զբաղվող կանանց՝ Ալլային, Լուիզային եւ Դիաննային, հիշյալ քրեակատարողական հիմնարկի երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակում տեսակցել 3 դատապարտյալների հետ: Ավելին՝ պաշտոնատար անձինք հանդիպումը կազմակերպել էին տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող հիշյալ դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ, կալանավորվեց քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: Այսքանով ամեն ինչ չավարտվեց. մեղադրանք առաջադրվեց նաեւ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մեզ հետ զրուցում ասել էր, որ դեպքից հետո ՔԿՀ-ի հսկողությունն ուժեղացվել է: Բայց դա, կարծես թե, ելք չդարձավ, եւ իրավապահների կողմից ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասին բացահայտումները ստիպեցին նոր քայլերի գնալ: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ բացի մարմնավաճառների աղմկահարույց դեպքերից՝ իրավապահները այլ բացահայտումներ են արել: Մասնավորապես, օրինակ, հիվանդանոց-ՔԿՀ-ում գտնվում են այնպիսի դատապարտյալներ, որոնք բուժման անհրաժեշտություն չունեն: Այսինքն՝ այն բարձրաձայնումները, որ դատապարտյալները որոշ գումար վճարելով՝ բանտից հայտնվում են հիվանդանոցում, իրականությանը համապատասխանում են:

Ավելին՝ մեզ լուրեր հասան, որ ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, որոնց վրա դրված է եղել դեղորայքի պահպանման, բաց թողնման եւ հաշվառման պարտականությունը, որոշ խախտումներ են թույլ տվել: Հիշեցնենք՝ դեռես 2014 թվականին ՀՔԾ-ում քննվում էր նմանօրինակ քրեական գործ: Հիվանդանոցում ստուգման արդյունքներով հայտնաբերվել էր հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պակասորդ եւ ոչ հոգեմետ դեղորայքի ավելցուկ:

Եվ ահա այսօրինակ դեպքերն են, ամենայն հավանականությամբ, հիմք դարձել ՔԿՀ-ն փակելու կամ վերափոխելու համար: Իսկ թե նոր հայեցակարգը ինչ կփոխի, ցույց կտա ժամանակը: Նշենք, որ վերոնշյալ աղմկահարույց գործերով նախաքննությունը դեռեւս շարունակվում է: «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ գործի շրջանակներում նաեւ հարցաքննվել է ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանը, բայց մեղադրյալների թիվը այսքանով չի սահմանափակվի:

Քնար Մանուկյան




Լրահոս