Արագածոտնի մարզի Արուճ գյուղի 36-ամյա բնակչուհի Ալլա Կարապետյանի կողմից սեփական երեխային 5000 դոլարով վաճառելու գործով նախաքննությունն ավարտվել և գործ ուղարկվել է դատարան:
Դատական տեղեկատվական համակարգից ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին: Դատական առաջին նիստի օրը դեռեւս հայտնի չէ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կինը 2016թ. ապրիլի սկզբին «Արմենիա» հանրապետական ԲԿ-ում աղջիկ երեխա է ունեցել, սակայն նորածնին մեկ այլ ԲԿ-ի բուժքրոջ միջոցով վաճառել է Տափերական գյուղի դպրոցի մանկավարժներից մեկին:
36-ամյա կինը սեփական երեխային վաճառել է 5000 դոլարով, որից 2000 դոլարը բաժին է հասել միջնորդին՝ գործարքը կատարելու համար:
Միջնորդ հանդիսացած անձն էլ եղել է «Արամյանց» ԲԿ-ի գինեկոլոգիական բաժանմունքի բուժքույր:
Այսպիսով, ըստ մեղադրանքի` Գոհարիկ Խաչատրյանը, Կարինե Անտոնյանը, Քրիստինե Կիրակոսյանը և նորածնի մայրը` Ալլա Կարապետյանը, կազմակերպել են խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը և ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը՝ այդ նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելով:
Գոհարիկ Խաչատրյանին և Կարինե Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի և 38-325-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Ալլա Կարապետյանին և Քրիստինե Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել 168-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Բժշկուհին ու բուժքույրը հանցանքի բացահայտումից հետո կալանավորվել էին, հետագայում, փաստորեն, ստորագրությամբ ազատ են արձակվել: