ՀՀԿ-ականներն ընդհատակ են անցել. ինչո՞ւ են խուսափում մեկնաբանել իրենց ոչ ձեռնտու իրադարձությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն օրինաչափ է դարձել, երբ ՀՀ-ում կարևոր իրադարձություն է լինում և ՀՀԿ-ականներն ընդհատակ են անցնում: Այս անգամ այդ իրադարձությունը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կուսակցությունից դուրս գալու որոշումն է:

Սակայն բոլոր ՀՀԿ-ականները կարծես ընդհատակ են անցել, և չկա գեթ մեկը, ով կպատասխանի հեռախոսազանգերին և կմեկնաբանի այդ որոշումը: Ի վերջո, ՀՀԿ-ից դուրս եկած անձը շարքային կուսակցական չէ, այլ ՀՀԿ փոխնախագահ, մշտապես բարձր պաշտոններ զբաղեցրած անձ, ով տարիներ շարունակ եղել է ՀՀԿ շտաբի պետ:

Սակայն նույնիսկ այս որոշումը ՀՀԿ-ականները չեն ցանկանում մեկնաբանել, նրանք կամ չեն պատասխանում հեռախոսազանգերին, կամ անջատում են, կամ էլ հայտարարում, թե բոլոր հարցերին կպատասխանեն վաղը` Հովիկ Աբրահամյանի խոսքից հետո: Մեզ հետ զրույցում նման կերպ պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը` ասելով, թե սպասում է Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, իսկ մեկ այլ պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ նշեց, թե այսօր որևէ հարցի չի ցանկանում պատասխանել` նույնիսկ չլսելով հարցին:

Այն, որ նման կարևոր իրադարձություններից հետո ՀՀԿ-ում մշտապես ցայտնոտ է տիրում, ապացուցվել է բազմիցս: Ամենաթարմ օրինակը կարող ենք համարել Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալը, երբ ՀՀԿ-ականները կրկին հօդս էին ցնդել կամ գերադասում էին ԲՀԿ նախկին առաջնորդի վերադարձին անդրադառնալ հայտարարությամբ:

Բոլորիս հիշողության մեջ թարմ են նաև հունիսյան դեպքերը, երբ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո ՀՀԿ-ականներին երկար ժամանակ գտնել չէր հաջողվում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս