Ապրիլի 2-ին տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին մնացել է մոտ երկու ամիս: Չնայած թեկնածուների առաջադրումներին քիչ ժամանակ է մնացել, այնուամենայնիվ, քաղաքական դաշտը դեռեւս ակտիվ վերադասավորումների փուլում է: Ի տարբերություն քաղաքական շատ ուժերի՝ դեռեւս ամիսներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ձեւավորեցին դաշինք՝ «Ելք» անունով:
Հունվարի 21-ին էլ տեղի ունեցավ «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովը: Ո՞րն է դաշինքի հաջորդ քայլը, եւ ի՞նչ ծրագրեր ունեն այդ քաղաքական ուժերը, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՔՊ կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանից: Ի պատասխան հարցման՝ Սիմոնյանը տեղեկացրեց. «Պետք է գրենք դաշինքի ծրագիրը, ձեւավորենք ցուցակը: Մեկնելու ենք նաեւ ԱՄՆ՝ հանդիպելու մեր հայրենակիցների հետ եւ նրանց ծանոթացնելու մեր ծրագրերը»: