ՀՀ վերահսկիչ պալատը անցած տարի ստուգումներ է իրականացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» եւ «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ներում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՎՊ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:
Ըստ այդմ, խախտվել է տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգի պահանջը: Նշենք, որ խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած, չաշխատող քաղաքացիներին: Սակայն ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» եւ «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ների մեկական խնամվողներ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ գործատուների հետ:
Բացի այս՝ պարզվել է նաեւ, որ 2015-2016 թվականների ընթացքում մատակարարված սննդամթերքի գները զգալիորեն աճել են 2014 թվականին մատակարարված փաստացի գների համեմատ: Եւ սա այն դեպքում, երբ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ ՊՈԱԿ-ների կողմից ձեռքբերված ապրանքատեսակների համար գնաճ տեղի չի ունեցել:
Օրինակ՝ եթե «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին 2014 թվականին հացը մատակարարվել է 1 կգ-ը 264 դրամով, ապա 2015-ին այն կազմել է 348 դրամ, իսկ 2016-ին` 298 դրամ: Իսկ ընդեղենի՝ ոլոռի, պահածոյացված ոլոռի, սիսեռի, լոբու, լոբու հատիկի, ոսպի, միջին գները 2014թ-ին կազմել են 1կգ-ի համար 518 դրամ, 2015-ին՝ 569 դրամ, 2016-ին` 666 դրամ: Ձավարեղենի (բրինձ, բլղուր, հնդկաձավար, ցորենաձավար, հաճար) եւ 6 այլ ապրանքատեսակների միջին գինը 2014-ին կազմել է 1կգ-ը 282 դրամ, բայց 2015-ին՝ 378 դրամ, իսկ 2016-ին` 381 դրամ: Նույն պատկերն է արձանագրվել նաեւ բանջարեղենի, մսամթերքի, քաղցրավենիքի համար: Գնանկում արձանագրվել է միայն կաթնամթերքի մասով: Իսկ «Նորքի տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում գնաճ է արձանագրվել հացի, մսամթերքի, բանջարեղենի, համեմունքների, մրգերի մասով: Այսպես՝ եթե 2015-ին 1կգ հացը մատակարարվել է 282 դրամով, ապա 2016-ին՝336 դրամով:
Ի դեպ, ՊՈԱԿ-ները միեւնույն ժամանակ նույն ապրանքատեսակը ձեռք են բերել զգալիորեն տարբեր գներով: Օրինակ՝ եթե Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատը 2014-ին ձավարեղենը ձեռք է բերել 282 դրամով, ապա Նորքի տուն-ինտերնատը այն գնել է 395 դրամով: Իսկ ահա խոզի միսը Նորքի տուն-ինտերնատը 2014 թվականին գնել է 1430 դրամ, բայց միեւնույն ժամանակ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատը այն ձեռք է բերել 1800 դրամով: Սա այն դեպքում, երբ ըստ ԱՎԾ-ի կողմից հրապարակված տվյալների՝ վերոհիշյալ ապրանքատեսակների համար գնաճ տեղի չի ունեցել:
Բացի այս՝ ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ մատակարարված կանացի գուլպա, բամբակյա անդրավարտիք, տղամարդու բամբակյա կիսագուլպա եւ բարձի երես ապրանքատեսակների համար պայմանագրով տրված տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանել սոցապ նախարարի՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ի հրամանով սահմանված պահանջին:
Նաեւ՝ կանացի աշնանային վերարկու, շրջազգեստ, ներքին սպիտակեղեն՝ կանացի, զուգագուլպա, կիսագուլպա կանացի, աշնանային վերարկու՝ տղամարդու, ներքին սպիտակեղեն՝ տղամարդու, հողաթափ, սավան, ծրար անվանումներով ապրանքների բնութագրերը էականորեն տարբերվել են նախարարի հրամանով առաջարկվածից:
Խախտումներ են արձանագրվել նաեւ «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին 2015 եւ 2016 թվականների խնամքի համար անհրաժեշտ բժշկական խալաթների մատակարարման դեպքում: Ըստ գնման պայմանագրերի՝ որպես տեխնիկական բնութագիր նշված է միայն «բատիստե կտորից» արտահայտությունը, իսկ նախարարի՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ի հրամանի համաձայն՝ բժշկական խալաթը պետք է լինի. «Բատիստե կտորից, հատուկ բժշկի համար: Չափսեր… , գույնը….: Ցանկացած արտադրության, համապատասխան պիտակավորմամբ: Մակնշումը լվանալու եղանակի եւ բաղադրության մասին պարտադիր՝ արտադրողի կողմից»: Սակայն արձանագրվել է, որ մատակարարված խալաթները որեւէ կերպ չեն բնորոշում, որ դրանք հատուկ բժշկի համար են, առավել եւս չկա համապատասխան պիտակավորում, նշված չէ արտադրողի անվանումը, ինչպես նաեւ որեւէ մակնշում չկա կտորի բաղադրության, լվանալու, մանրէազերծելու եղանակի մասին:
ՎՊ բացահայտումների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ե՛ւ Երեւանի թիվ 1 եւ Նորքի տուն-ինտերնատների տնօրենների հետ: Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մարկոսյանն ասաց. «Նախ՝ ես տնօրենի ԺՊ նշանակվել եմ անցած տարվա հոկտեմբերին, իսկ նշված ապրանքատեսակների մասով գնումները տեղի են ունեցել մինչ իմ՝ տնօրենի պաշտոնում նշանակվելը: Բայց նշեմ, որ հացի եւ մյուս ապրանքատեսակների մասով գնումների մրցույթին հաղթել է այն մասնակիցը, որը ցածր գին է առաջարկել»:
Իսկ Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանը, անդրադառնալով ԲՊ բացահայտումներին, հայտարարեց, որ իրենք անցած տարի հացը ձեռք են բերել 1 կգ-ն 264 դրամով:
Հուսանք՝ նշված բնագավառում ՎՊ-ի կողմից արձանագրված խախտումները ընթացիկ տարում չեն կրկնվի, իսկ դրանք իրականացնողները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ