ՀՀԿ ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆ ՈՒ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՆԵՂՎԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գործող իշխանությունը մի չգրված օրենք ունի. քիչ թե շատ հեղինակություն ունեցող անձանց բերել իշխանության ինչ-որ օղակ, պատասխանատու պաշտոնի նշանակել, ապա վարկաբեկել՝ ցույց տալով հեռանալու ճանապարհը: Հիմա նույն ձեռագիրը կիրառվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի դեպքում, որին «ճանապարհելու» թեման ընտրական օրենսգիրքն է՝ 4 տարվա մշտական բնակության արդեն լուծելի դարձած, բայց խնդրահարույց մատուցվող հարցը:

Երբ նրան վարչապետ նշանակելու որոշումը հիմնավորում էր Սերժ Սարգսյանը, գրեթե փրկիչ մատուցեց՝ Կարապետյանին համարելով փոփոխությունների սիմվոլ: Այդ սիմվոլը, սակայն, պարզվում է՝ ՀՀԿ-ի ներսում այնքան էլ ընկալված չէ: Եւ հիմա վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ աշխատում է ավելի շատ ներիշխանական թեւը, քան ընդդիմադիր կամ հասարակական զանգվածները:
Ինչպե՞ս, բացատրենք: Կարեն Կարապետյանը ՀՀԿ հնաբնակների համար յուրային չի ընկալվում: Ու նրանք ամենեւին էլ չեն ցանկանում, որ Կարապետյանը հաջողի: Ինչո՞ւ, որովհետեւ չեն կարողանում ազատ ելումուտ անել վարչապետի մոտ, նրան համարում են դրսից եկած մարդ, որին «իրավունք վերապահված չէ» կառավարելու երկիրը իր խաղի կանոններով: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իշխանական կայքերից մեկին տված հարցազրույցում ակնարկել էր «դրսից եկածի» ֆակտորը: Իսկ Կարեն Կարապետյանը, կարծես թե, առանձնապես չի ձգտում փոխել իր պահվածքը՝ առավել խորացնելով իր եւ հնաբնակների միջեւ առաջացած անջրպետը:
Վարչապետի դեմ ակնհայտորեն աշխատող մյուս թեւը Սերժ Սարգսյանի փեսա, լրատվական դաշտից որոշ մասով մեկուսացված Միքայել Մինասյանի փոքրաթիվ թիմն է: Նրանց պատկանող լրատվամիջոցներում Կարեն Կարապետյանին բացահայտ ծաղրում են, անթաքույց քննադատում են: Երեւույթ, որ դժվար պատկերացնելի է, քանի որ գոնե նախկին իշխանության օրոք բուրգի ներսում իրենց թիմին «ատամներով պահելու» ավանդույթը սրբորեն պահպանվում էր: Հարձակման էին ենթարկվում միայն ընդդիմադիր ուժերը՝ մրցակցային սկզբունքներից ելնելով եւ ոչ գոտկատեղից ներքեւ հարվածներով: Հիմա, կարծես թե, ավանդույթը փոխվել է: Խճճվել ու լղոզվել է ամեն ինչ:
Լրատվական դաշտը, որը կոչված է իրապես լրատվություն հաղորդելու եւ գործում է անհամեմատ անկախ դաշտում, դեռեւս մեծապես սատարում է Կարեն Կարապետյանի փոփոխությունները: Թե ինչքան կարող է դա տեւել, դժվար է ասել, բայց գործադիրի ղեկավարին շանս տալու ձգտումն ակնհայտ է իրական լրատվամիջոցների կողմից: Նկատենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանին հետեւողականորեն «ոչնչացնելու» մասով ուշագրավ պասիվություն եւ անտարբերություն է դրսեւորվում ՀՀ նախագահի նստավայրից իշխանական կամ, այսպես ասած, պատասխանատու լրատվամիջոցների գործունեության համակարգող պաշտոնյաների կողմից: Մինչդեռ հենց նրանց տիրապետության տակ եղած կայքերն ու հեռուստաընկերություններն են «հարձակվում» վարչապետի դեմ:
Ու այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Եթե փորձենք դրա պատասխանը գտնել տրամաբանության շրջանակներում, դժվար է, գուցե չստացվի, իսկ եթե դիտարկում ենք անձնական ու քաղաքական ամբիցիաների շրջանակում, ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Ինչպե՞ս, բացատրենք: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանն իրականում Հայաստան եկավ, վարչապետի պաշտոնում նշանակվեց, որպեսզի Հանրապետական կուսակցությունը հնարավորություն ունենա նոր, թարմ, չվարկաբեկված անձի իմիջի տակ թաքնվելով՝ ձայներ հավաքել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այսինքն՝ Կարապետյանը ընտրություններում որպես բուտաֆորիա է օգտագործվելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը իր տարբեր թիմակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրականում ՀՀԿ-ն այսօր ունի 20 տոկոս ձայներ հավաքելու շանս, որը գոհացուցիչ չէ, եւ պետք է ամեն գնով աշխատել բարձրացնել ՀՀԿ-ի ձայներ հավաքելու հնարավորությունը: Բայց որպեսզի չստացվի այնպես, որ Կարապետյանի դեմքով ՀՀԿ-ն հաղթանակ տանի, ու վարչապետը սկսի նոր պահանջներ ներկայացնել, միաժամանակ սկսվել է նրան «օդերից իջեցնելու» օպերացիան: Կարապետյանը պետք է այնքան խոցելի դառնա, որպեսզի ներիշխանական պայմանավորվածությունների ու «ռազբորկաների» ժամանակ «բարոյական իրավունք» չունենա նոր պահանջներ ներկայացնել:
Ահա թե ինչու են իշխանական շրջանակները թիրախավորել «օտար» վարչապետին եւ նրա թիմին: Թույլ չի տրվում Կարապետյանին բաժնեմաս ունենալ իշխանությունից:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ տարբեր գործիչներ այս օրերին հետեւողական կերպով ամենատարբեր մարդկանց են հանդիպում, նույնիսկ ՀՀԿ-ից նեղացածներին, առաջարկում, համոզում, խնդրում են, որպեսզի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ներգրավվեն եւ ձայներ բերեն իշխող կուսակցության համար: Բայց պայմանը ի սկզբանե դրված է, որ պարտադիր չէ՝ բոլորը խորհրդարան մտնեն: Նրանց ընտրություններից հետո տարբեր պաշտոններ կբաշխվեն:
Իսկ թե ովքեր կմտնեն խորհրդարան, ամենաբարդ հարցն է ՀՀԿ-ի համար, քանի որ տարբեր թեւերի բաժանված ՀՀԿ դերակատարները յուրաքանչյուրը իր ցուցակն է կազմում, որպեսզի ներկայացնի Սերժ Սարգսյանին, քանի որ վերջնական խոսքը, բնականաբար, նրանն է լինելու:
Եւ այսպես, խիստ նախնական տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանից հետո առաջին ցանկալի եռյակը կլինի այսպիսի դասավորվածությամբ՝ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյան, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան եւ ՀՀ ԱՆ Արփինե Հովհաննիսյան: Եռյակից, սակայն, երկուսն իրավունք ունեն պատգամավորության թեկնածուներ առաջարկելու՝ Մարգարյանն ու Սարգսյանը:
Թեեւ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը եւս իր յուրայինների ցուցակն է կազմում, այնուամենայնիվ, նրան դժվար 1-2 մանդատից ավել տրվի: Մեկը կլինի Սամվել Ֆարմանյանը:
Բնականաբար, Կարեն Կարապետյանին էլ պատգամավորների ցուցակ կազմելու հնարավորություն կտրվի: Կա նաեւ ավանդական պատգամավորների ցուցակ, որը կազմվում է խմբակցության անդամներից, նաեւ Սերժ Սարգսյանի մտերիմների միջնորդությամբ՝ Բարսեղ Բեգլարյան, Բակո Սահակյան, Զորի Բալայան եւ այլն:
Այսպիսով՝ ՀՀԿ-ում դեռ շատ բան հստակեցված չէ: Ներքին ինտրիգները գնալով խորանում են: Միայն հայտնի է, որ 20 տոկոս քվեները պետք է կրկնապատկել եւ դեռ ավելին՝ ոչնչի առջեւ կանգ չառնելով:
Ներկուլիսային իրավիճակն իմի բերեց

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 
ՄԱՆՎԵԼԸ ՍԵՅՐԱՆԻ ՊԱՀԱՊԱ՞Ն
«Վահագնի» թաղամասի անվտանգությունն ապահովում է «Երկրապահ Սեքյուրիթի» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Արման Գրիգորյանը: Հետաքրքիրն այն է, որ նույն «Վահագնի» թաղամասում է բնակվում նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ու ստացվում է, որ Գեներալ Մանվելն ապահովում է նաեւ Սեյրան Օհանյանի անվտանգությունը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Վահագնի» թաղամասի «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ից հետաքրքրվել՝ արդյո՞ք այդ պահնորդական ընկերությունն է իրականացնում թաղամասի անվտանգությունը: Սակայն խուսափեցին մեր հարցերին պատասխանելուց: Իսկ ճշտող հարցը` արդյո՞ք «Երկրապահ Սեքյուրիթի»-ն է անվտանգությունն ապահովող ընկերությունը, «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին: Ստացվում է, որ գեներալ Մանվելը պաշտպանում է Սեյրան Օհանյանի անվտանգությունը:

 

 

ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ին «քցել» են, եւ հիմա այս ընկերությունը փորձում է դատարանի միջոցով վերադարձնել իր հասանելիք գումարները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն անհատ ձեռներեցների դեմ թվով 7 դատական հայց է ներկայացրել դատարան` պահանջելով վերադարձնել իրեն հասանելիք գումարը, որ պետք է վճարեին ժամանակին վերցված ապրանքի դիմաց: «Ժողովուրդ»-ը նաեւ պարզեց, որ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ին վերադարձվելիք գումարի չափը կազմում է մոտ մեկ միլիոն դրամ:

 

 

ԶԱՔԱՐՅԱՆԸ` ՇՏԱԲԻ ՊԵՏ
«Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը. այս փաստը երեկ հաստատել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Ի դեպ, Իշխան Զաքարյանը երեկվանից արդեն մեկնել է արձակուրդ. հասկանալի է` քաղաքական գործընթացներին ազատ մասնակցելու համար: Հիշեցնենք, որ Զաքարյանն օրերս «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասել էր, որ այս ընտրություններում ինքը կանգնելու է Ծառուկյանի կողքին: Նրա արձակուրդը լրանում է ապրիլի սկզբին:

 

 

ՇՏԱԲԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը երեկ վարչության նիստ է գումարել, որի ժամանակ կազմավորվել է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը: Նիստի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի ընտրությունների հետ առնչվող եւ ընթացիկ այլ հարցեր: ՀԱԿ հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն նշված: Ենթադրվում է, սակայն, որ շտաբի կազմում լինելու են կուսակցության նորընտիր վարչության անդամները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շտաբը ղեկավարելու է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, որը նախորդ ընտրություններում եւս եղել է այն ժամանակ ՀԱԿ դաշինքի շտաբի պետը:

 

 
ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ
Հայկական կողմը զբաղվում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում երեկ նշել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Դժվար է կանխատեսել, թե ինչպես կլուծվի հարցը, քանի որ Ալիեւի իշխանությունն անտեսում է միջազգային իրավունքի ցանկացած նորմ, գտնվում է միջազգային խաղից դուրս: Տվյալ դեպքում կոպտորեն խախտվել է տեղաշարժի ու խոսքի ազատությունը», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Քոչարյանը: Փոխնախարարը դրական է գնահատել նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այդ հարցի առնչությամբ:

 

 

ԴԵՌ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում չի քննարկվել, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում ով է գլխավորելու կուսակցության նախընտրական շտաբը, եւ ով է գլխավորելու նախընտրական ցուցակը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք դա կքննարկենք կուսակցության խորհրդի նիստում»,-վստահեցրել է ՀՀԿ խոսնակը:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենին եւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:




Լրահոս