2016 օգոստոսի 1-ին, երբ Սերժ Սարգսյանը հանդիպեց իշխող վերնախավի հետ, ի թիվս այլ հարցերի, խոսեց նաեւ Սարի թաղում ծեծված լրագրողների թեմայից: Նա, իհարկե, լրագրողներից ներողություն խնդրեց, ապա հորդորեց մոռանալ` ինչ եղել է Սարի թաղում: Հիմա, պարզվում է, Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում «լուրջ են ընդունել»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների շուրջ ծավալված աղմկահարույց իրադարձությունների մասով հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերով քննությունները ժամանակավորապես դադարեցվել են: ՀՔԾ քննիչները գործով տուժողներին պարզաբանում են, թե այլ կարեւոր գործեր են առաջ եկել, դեռ կանդրադառնան Սարի թաղի դեպքերին:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո՝ մասնավորապես հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում էր եղել: Նախ ցուցարարներից ոմանք խմբի անդամներին սատարելու համար քարեր էին նետել ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան՝ ոստիկանները լուսաձայնային նռնակներ էին կիրառել` բռնի ուժով ցրելով հավաքը:
Այս գործողությունների հետեւանքով հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ «գազային թունավորում» եւ «սալջարդ» ախտորոշումներով շուրջ 51 անձ էր տեղափոխվել, որոնց մեջ էին եղել ոստիկաններ ու քաղաքացիներ: Իսկ ահա շուրջ 136 անձ տեղափոխվել էր ոստիկանություն:
Այս բախումներով հուլիսյան աղմկահարույց դեպքերը չավարտվեցին, հուլիսի 29-ին Սարի թաղում կրքերը կրկին թեժացան, եւ այս անգամ իշխանությունները գործի դրեցին թաղային հեղինակություններին՝ հետապնդելով եւ կոտրելով լրագրողների տեսախցիկները: Բայց, ամեն դեպքում, լրագրողներին ու օպերատորներին հաջողվեց ֆիքսել կադրեր, թե ովքեր էին Սարի թաղում ահաբեկում ու թիրախավորված բռնություն կիրառում լրագրողների նկատմամբ:
Այս աղմկահարույց դեպքերով հարուցվեց քրեական գործ՝ լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով եւ այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Իրավապահները սկզբնական շրջանում բավականին մեծ ակտիվությամբ գործի անցան, հարցաքննություններ եղան, այդ թվում եւ բարձրաստիճան պաշտոնյաների: Բայց հիմա քննության ընթացքը, ըստ էության, կասեցված է:
Հիշեցնենք, որ օգոստոսյան հայտնի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում, խոսելով Սարի թաղի դեպքերի մասին, այն որակեց «իշխանությունների ամենաէական բացթողումը»: «Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլեւս նման բան չի կրկնվելու»,- վստահեցրեց Սարգսյանը:
Ըստ էության «հատուկ քննիչներն» այս հայտարարությունը այլ կերպ են ընկալել, եւ տեւական ժամանակ է, ինչ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը դե ֆակտո չի քննվում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ վերոնշյալ դեպքերով տուժող ճանաչված անձինք, երբ ՀՔԾ քննիչներից հետաքրքրվել են, թե ինչ փուլում է գտնվում իրենց գործը, քննիչները պատասխանել են, թե հիմա այդ գործը չեն քննում, քանի որ այլ կարեւոր գործեր են առաջ եկել: Թե երբ կսկսեն քննել լրագրողներին առնչվող քրեական գործը, դժվար է ասել: Քննիչներն իրավիճակը մեղմելու համար տուժողներին վստահեցրել են, թե ամենայն հավանականությամբ փետրվարի կեսերից կվերսկսեն ակտիվ քննությունը:
Այսպիսով՝ թաղային խուժանը եւ ոստիկանության համակարգի աշխատակիցներն ու թիկնապահները դեռ շարունակում են արտոնյալ կարգավիճակում շրջել, քանի որ նրանցով զբաղվելու ժամանակ «հատուկ քննիչները» չունեն:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐԻ ԽԱՎԸ
Հունվարի 18-ին անդրադարձել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահի որդուն պատկանող «Stefano Ricci» բրենդային ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը դիմել է ոստիկանություն` խնդրելով արգելել այդ ապրանքանիշի անունով իրերի իրացումը: Ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցները գազանաբար մուտք էին գործել առեւտրի մի շարք կենտրոններ եւ փաստացի առգրավել «Stefano Ricci»-ի անունով բոլոր իրերը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը՝ միայն նշելով, որ ԿՀԴՊԳՎ աշխատակիցները «Stefano Ricci»-ից ստացված գրության հիման վրա համապատասխան առեւտրային կետերում հաշվառել են ապրանքները եւ տեղում ի պահ հանձնել վաճառողներին:
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը պարզաբանում ստացավ նաեւ ընկերության գործադիր տնօրեն Հ. Մելքումյանից, որը նշել էր. «ՀՀ ներմուծվում եւ տեղական շուկայում շրջանառության մեջ են գտնվում ապրանքներ, որոնց վրա կամ որոնց պիտակների վրա ապօրինի (կոնտրաֆակտ` կեղծ կամ նմանակված) օգտագործվում է «Stefano Ricci» ապրանքային նշանը: Տվյալ գործունեությունն արգելվում եւ պատժվում է ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով: «Գրիտտի» ՍՊ ընկերությունը, որը հանդիսանում է «Stefano Ricci» ապրանքային նշանի բացառիկ ներկայացուցիչը եւ օգտագործողը ՀՀ տարածքում, դիմել է իրավապահ մարմիններին` քայլեր ձեռնարկելու՝ պաշտպանելու «Stefano Ricci» միջազգային ապրանքանշանը: Ավելին՝ ըստ ընկերության տնօրենի՝ «Գրիտտի» ՍՊ ընկերության գործողությունները նպատակ չունեն որեւէ կերպ խոչընդոտել փոքր եւ միջին բիզնեսին»:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ:
-Պարո՛ն Կարայան, տեղյա՞կ եք «Stefano Ricci» հայաստանյան պաշտոնական ներկայացուցչության եւ մի շարք այլ առեւտրականների հետ առաջացած խնդրի մասին:
-Այո՛, հրապարակմանը ծանոթ եմ, եթե նախարարության միջամտության անհրաժեշտություն լինի, կդիմեն, բայց ներկայումս պետք է դիմեն այն մարմինների, որոնք առգրավել են:
-ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության նիստում հստակ հայտարարեց, թե որոնք են տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության գործառույթները. «Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած՝ բոլոր կառույցներով գնաք, որ իրենք իրենց ապահով զգան, որ որեւէ մեկն իրենց չխոչընդոտի»:
-Մեզ այդ հարցով, նախարարությանը չեն դիմել:
-Միգուցե չդիմեն էլ, Դուք չե՞ք պատրաստվում գնալ, խնդրին ծանոթանալ: Ինչո՞ւ ՀՀ մաքսային ծառայությունը արգելք չի սահմանում, որպեսզի մանր ու միջին գործարարները տեղեկացվեն այդ մասին եւ չներմուծեն ֆիրմային հագուստի ապրանք եւ հետագայում նման խնդրի առաջ չկանգնեն:
-Մասամբ եմ ծանոթ, ես հանձնարարություն կտամ՝ ավելի տեղականան եւ զբաղվեն խնդրով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
Իսրայելի Կնեսետի հրավերով հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանական ընդլայնված պատվիրակության այցը Կնեսետ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ:
ՊԱՌԱԿՏՄԱՆ ԵԶՐԻՆ
ArmLur.am-ի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության երեկ հրավիրած վաչության նիստն ընթացել է բավականին լարված: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը պարբերաբար «կսմիթել» են իրար: Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ պետք է դաշինքով մասնակցեն ընտրություններին, եւ որ Զարուհի Փոստանջյանը կուսակցությունը ճիշտ ուղղությամբ չի տանում: Մարտիրոսյանը նաեւ կուսակիցներին բողոքել է Փոստանջյանից` նշելով, որ վերջինս կուսակցության ներքին խոսակցությունները հանում է մամուլ, ինչպես նաեւ սպառնում է իրեն հեռացնել կուսակցությունից: Ի պատասխան` Փոստանջյանը նշել է, թե լավ է անում, քանի որ նա փորձում է մարտի 1-ի հանցագործների` Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի հետ բանակցություններ վարել, ինչը կուսակցության շահերին եւ դիրքորոշմանը հակասում է: Փոստանջյանը նաեւ սպառնացել է` այսկերպ շարունակվելու դեպքում նա, իսկապես, Մարտիրոսյանին կուսակցությունից կհեռացնի: Լարված մթնոլորտը փորձել է հանդարտեցնել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ նման միջավայրում չի կարող նիստը շարունակվել, այդ իսկ պատճառով այն ընդհատել է եւ հայտնել, որ մի քանի օր հետո, երբ կրքերը կհանդարտվեն, կշարունակեն նիստը` փորձելով ընդհանուր հայտարարի գալ:
ԱՍՏԱՆԱՅՈՒՄ
Հունվարի 19-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության պայմանագրի ստորագրման արարողությունը: «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսը կայանալու է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում 2017 թվականին: Միջոցառման շրջանակներում կցուցադրվեն վերջին տարիների լավագույն ձեռքբերումները կանաչ էներգետիկայի զարգացման բնագավառում: Ներկա դրությամբ 112 երկիր եւ 18 միջազգային կազմակերպություն հաստատել է նշված ցուցահանդեսին իր մասնակցությունը:
600 ԿՐԱԿՈՑ
Հունվարի 18-ին եւ լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: Հարավային, արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ «Սեւ նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ» եւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ՝ ընդհանուր առմամբ արձակելով շուրջ 90 կրակոց:
ՀԱԿԱՍԱԿԱՆ
«Վինար» ընկերությունը գյուղացիներին պարտք է 105 մլն դրամ: Երեկ նման հայտարարություն է արել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանն ասել էր, թե այսօրվա դրությամբ գյուղացիներին կուտակած պարտքը կազմում է 67 մլն 800 հազար դրամ: «Մեր պարտքը եղել է ավելի քան 301 մլն, որն այժմ դարձել է 67 մլն դրամ»,- նշել էր տնօրենը: Թե ինչու են նախարարության եւ ընկերության ներկայացրած տվյալները հակասում, դժվար է ասել: