Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ Մեքսիկան ոչինչ չի վճարի ԱՄՆ-ի հետ սահմանին պատ կառուցելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն անհապաղ կսկսի Մեքսիկայի սահմանի հետ պատի կառուցումը:
Թրամփի հրամանի համաձայն՝ պատի կառուցումը պետք է ավարտվի 180 օրվա ընթացքում:
«Ես ցավում և քննադատում եմ պատի կառուցման շարունակությունը, որը տարիներ շարունակ մեզ բաժանում էր: Մեքսիկան չի հավատում պատերին, Մեքսիկան ոչինչ չի վճարի»,-ասել է Նյետոն՝ երկրի ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում:
Մեքսիկայի նախագահն ընդգծել է, որ պատի կառուցման մասին որոշումն ընդունվում է հենց այն պահին, երբ երկիրը բանակցություններ է սկսում ԱՄՆ-ի հետ՝ համագործակցության, առևտրի, ներդրումների, միգրացիայի հարցերով:
Նա նաև հայտնել է, որ երկրի ԱԳՆ-ին հրաման է արձակել ուժեղացնել ԱՄՆ-ում մեքսիկացիների պաշտպանությունը: