Հարց քաղաքացիներից` եթե բազմաբնակարան շենքում լուսավորության խնդիր կա ո՞վ է պատասխանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե բազմաբնակարան շենքում լուսավորության խնդիր կա, կամ վնասվել է շքամուտքի որեւէ առարկա, կամ շենքի տարածքում էլեկտրալարերը պոկվել են՝ առաջացնելով վտանգ բնակիչների համար, նման կազմակերպչական աշխատանքների պատասխանատուն ո՞վ է: Ո՞վ պետք է վերահսկի նման աշխատանքների կատարումը: Չկատարելու դեպքում ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվում: Արդյո՞ք քաղաքապետարանը վերահսկում է այդ աշխատանքները:

Արփինե Պետրոսյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե խոսքը վերաբերում է մուտքի լուսավորությանը, ապա այն իրականացվում է շենքի սեփականատերերի միջոցներով: Եթե շենքում վնասվել է որեւէ առարկա, պետք է դիմել շենքը սպասարկող համատիրությանը, եւ վերջինս պարտավոր է վնասված առարկան նորոգել կամ փոխել նորով (մուտքի դուռ, պատուհան, ապակի, աստիճաններ, բազրիքներ եւ այլն):

Շենքի ներսում պոկված էլեկտրալարեր նկատելիս բնակիչները պետք է անմիջապես ահազանգեն համատիրությանը, որը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնագետի միջոցով կվերացնի վթարը: Իսկ եթե էլեկտրալարերը շենքից դուրս են, այդ դեպքում պետք է դիմել վարչական շրջան կամ «ՀԷՑ» ՓԲԸ: Շենքի ներսում աշխատանքների կազմակերպման պատասխանատուն համատիրությունն է:
Քաղաքապետարանը ընդհանուր վերահսկողություն է իրականացնում շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերով սահմանված աշխատանքների կատարման նկատմամբ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչ խոսք, քաղաքապետարանը գեղեցիկ ձեւով ներկայացրել է պատասխանը, սակայն իրականությունն այլ բան է փաստում: Հաճախ են դեպքերը, երբ բնակիչները դիմում են համատիրություն, որտեղից պատասխանում են, որ դա իրենց գործառույթը չէ, եւ արդյունքում քաղաքացիների խնդիրները մնում են օդում կախված:




Լրահոս