ԱՎԱՐՏՎԵՑ ՕԲԱՄԱՅԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ. ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԹՐԱՄՓՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կայացավ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պաշտոնական արարողությունը: ԱՄՆ-ն արդեն նոր նախագահ ունի, որի կառավարումը խոստանում է լինել բավականին աղմկահարույց՝ հաշվի առնելով նախընտրական քարոզարշավն ու ընտրությունների անակնկալ արդյունքները: Այսպիսով՝ ավարտվեց ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կառավարման ժամանակաշրջանը, որն այլեւս պատմության սեփականությունն է, եւ վերջինիս է վիճակված գնահատելու նախկին նախագահի ձեռքբերումներն ու կորուստները:

2008թ. Բարաք Օբաման հանդես էր գալիս իբրեւ ամերիկյան երազանքի իրական մարմնավորում` որպես մի տաղանդավոր քաղաքական գործիչ, որը դժվարին պայմաններում կարողացել էր հասնել աշխարհի թերեւս բարձրագույն պաշտոնին: Օբամայի երիտասարդ լինելն ու հասարակությանը մատուցած թարմ գաղափարները նրան դրականորեն առանձնացնում էին իր մրցակիցներից: Նախ ներկուսակցական պայքարում Օբաման հսկայական առավելություն ուներ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի, իսկ ընտրությունների վերջին փուլում արդեն Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն Մաքքեյնի նկատմամբ: Հիշարժան է, որ Օբամայից առաջ ԱՄՆ-ում իշխում էր հանրապետականների վարչակազմը, եւ ամերիկյան քաղաքական տրամաբանության շրջանակներում լիովին օրինաչափ էր, որ հաջորդ նախագահը պիտի ներկայացներ Դեմոկրատական կուսակցությունը: Հանրապետական-դեմոկրատ փոխատեղումները հարկ է ընկալել պատմական ցիկլերի հաջորդականության համատեքստում` պայմանավորված փոփոխությունների հանդեպ ամերիկյան հասարակության մշտական ծարավով: Նույն իմաստով զարմանալի չէ, որ Օբամայից հետո Սպիտակ տան կառավարումն անցնում է հանրապետականների ձեռքը` ի հեճուկս արդեն նախկին նախագահի բավականին բարձր վարկանիշի:
Միացյալ Նահանգներում հետաքրքիր պրակտիկա է գործում, երբ սոցիոլոգիական հարցումներով չափվում է պաշտոնավարման ժամկետը ավարտող նախագահի հանրային վստահության աստիճանը: Այդ ավանդույթը գալիս է դեռ 1950-ականներից: ԱՄՆ 33-րդ նախագահ Հարիի Թրումընը Սպիտակ տունը լքում էր մոտ 32 տոկոս վարկանիշով, Դ. Այզենհաուերը` 59, սպանությունից առաջ Քենեդու վարկանիշը մոտ էր 60-ին, նրա հաջորդ Ջոնսոնը պաշտոնից հեռանալիս վայելում էր ամերիկացիների սոսկ 45 տոկոսի հավանությունը, Նիքսոնը` 25, Ֆորդը` 52, Քարթերը` 34, Ռեյգանը` 58, Բուշ ավագը` 48, Քլինթոնը 62, Բուշ կրտսերը` 30: Եվ ահա վերջին հարցումներով Օբամայի վարկանիշն ամերիկացիների մոտ տատանվում է 58-60 տոկոսի շրջանակներում: Կարելի է ասել՝ նման ցուցանիշով Օբաման վերջին 50 տարիների ԱՄՆ լավագույն նախագահներից մեկն է: Հետաքրքիր է, որ վերջինս նույնիսկ չէր էլ խուսափում հրապարակավ այդ մասին բարձրաձայնելուց` պնդելով, որ երրորդ անգամ առաջադրվելու հնարավորություն ունենալու պարագայում անպայման կհաղթեր Դոնալդ Թրամփին: Ամերիկյան քաղաքական շրջանակներում բավականին հիմնավոր կարծիք կա այն մասին, որ բացի Հիլարի Քլինթոնից, ով էլ լիներ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, հեշտությամբ կկարողանար հաղթել Դոնալդ Թրամփին: Հատկապես շեշտվում է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի անունը, որը ընտրարշավի սկզբում կարծես ցանկանում էր իր անմիջական մասնակցությունն ունենալ, սակայն Քլինթոնի շրջապատին հաջողվել էր սաստել բավականին հեղինակավոր փոխնախագահին: Իրավամբ, Ջո Բայդենը մեծ հեղինակություն է վայելում թե՛ ամերիկյան ընտրողների, թե՛ քաղաքական ընտրախավի շրջանում, եւ պատահական չէ, որ Օբաման նրան պարգեւատրեց ԱՄՆ բարձրագույն պարգեւով՝ Ազատության նախագահական մեդալ-շքանշանով, որը նախկին նախագահներից ստացել է միայն Ռոնալդ Ռեյգանը, իսկ Հռոմի պապերից Հովհաննես Պողոս 2-րդը: Ի դեպ, իր նախագահական վերջին ելույթում Օբաման առանձնակի շնորհակալություն էր հայտնել Բայդենին` որպես փոխնախագահության համար իր առաջին եւ լավագույն ընտրություն ու մտերիմ ընկեր:
Կառավարման 8 տարիների ընթացքում Օբամայի ձեռքբերումները ամերիկյան հեղինակավոր պարբերականները 50-ից հասցնում են 400-ի: Որոշակի չափազանցություններից զատ` անհնար է չհամաձայնել, որ ԱՄՆ 44-րդ նախագահը իրական հաջողություններ է արձանագրել թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում: Առաջին հերթին ասվածը վերաբերում է ամերիկացիների սոցիալապես անապահով խավերի համար ապահովագրության համակարգի ներդրմանը, որը հանրապետականները հետեւողականորեն փորձում են վերանայել: Օբաման նման համակարգի ներդրմամբ արել էր մի բան, որ անկարող էին եղել նախորդ 5 նախագահները: Նա կարողացավ հաղթահարել նաեւ 2008թ. սկսված ֆինանսական ճգնաժամը` թերեւս ամենածանրը 1930-ականների Մեծ դեպրեսիայից հետո: Նա ավարտեց Իրաքի պատերազմը, որոշակիորեն կրճատեց ամերիկյան զորքերի թվաքանակը Աֆղանստանում: Օբամայի վարչակազմը ոչնչացրեց «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Օսամա Բեն Լադենին` լուծելով 2001թ. սեպտեմբերի 11-ի տեռորիստական ակտի վրեժը: Օբամայի վարչակազմին են վերագրում նաեւ արաբական գարնան ու դրանով պայմանավորված` Մերձավոր Արեւելքի բռնակալների իշխանազրկումը, նավթի գների շեշտակի անկումն ու Ռուսաստանի դիրքերի խայտառակ թուլացումը: Ի վերջո, Օբամայի իշխանությանը հաջողվեց Ռուսաստանին թշնամացնել Ուկրաինայի հետ` Պուտինին զրկելով արեւելյան սահմանի հուսալի բուֆերային գոտուց: Աշխարհաքաղաքական տեսանկյունից` Ուկրաինայի անջատումը Ռուսաստանից խստագույնս սասանում է վերջինի դիրքերը` նրան զրկելով կայսրության ավանդական ընկալումից: Այս առումով, Օբամայի քաղաքականությունն ու հաջողությունները կարծես անգնահատելի են ԱՄՆ արտաքին քաղաքականության ապագայի համար:
Եվ այսպես՝ այսօր արդեն մեկնարկել է Թրամփի ամենահակասական, հակաքաղաքական նախագահության դարաշրջանը: Օբամայի վարչակազմի անդուլ քննադատությամբ հանդես գալով եւ ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մեծագույն ջատագովությամբ հանդերձ` Թրամփը հարկադրված է լինելու սկզբունքային հարցերում շարունակել Օբամայի կուրսը: Վերջինս ենթադրում է թուլացնել Ռուսաստանն ու Չինաստանը` չզիջելով աշխարհակարգի ժանդարմի կարգավիճակը որեւէ մեկին: Որքան էլ Ռուսաստանը շտապի ուրախանալ Սպիտակ տանն իր ցանկալի թեկնածուի հայտնվելով` չպետք է մոռանա, որ ԱՄՆ-ն առաջին հերթին համակարգ է, եւ ընդունված խաղի կանոնները խախտելը Թրամփի համար կարող է նախագահությունն արժենալ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
«ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ»-Ի ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ԱՆՑՆՈՒՄ Է 300-Ը

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը հրապարակել է ընկերության պարտատերերի պահանջների նախնական ցանկը: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության նախնական պարտատերերի թիվը կազմում է 307, որոնց մեջ են մտնում նաեւ մի քանի ընկերություններ: Ըստ այդմ, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն մոտ 9 մլն 950 հազար դոլար պարտք է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին, 219 մլն 262 հազար դրամ՝ «Նաիրիտ-2» ընկերությանը, 2 մլն 97 հազար դրամ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արհեստակցական արհմիությանը: Բացի այս՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն պարտք է նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ավելի քան 10 մլրդ 377 մլն դրամի չափով, իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պարտք է ավելի քան 1 մլրդ 359 մլն դրամ, 89 մլն 334 հազար դրամ՝ «Երեւան ջուր» ընկերությանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն պարտք է «Մեգատեքս գրուպ» ընկերությանը՝ 39 մլն 300 հազար դրամ, «Էներգոկոր» ՍՊԸ-ին՝ 38 մլն 685 հազար դրամ, «Բիզնես ընդ մենեջմենթ սիսթեմս» ընկերությանը՝ 1.2 մլն դրամ, «Մետէքսիմ տերմինալ» ՍՊԸ-ին՝ ավելի քան 11 մլն դրամ: Հիշեցնենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի անցած տարվա նոյեմբերի 28-ի վճռով սնանկ ճանաչվեց: Դատարանը բավարարել էր «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հայցը: Իսկ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ՀԷՑ-ին պարտք է շուրջ 1.2 մլրդ դրամ:
Ս. Հ.

 

 

 
ՑՈՒՑԱԿԱԳՐՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի բարեգործական գրասենյակում արդեն 5-6 օր է` քաղաքացիների ցուցակագրում է սկսվել: Ս. Բալասանյանի՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավոր դառնալու ցանկություն ունեցող որդին, ով Գյումրիում ղեկավարում է «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը, սկսել է քաղաքացիների անձնագրային տվյալները հավաքագրել: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ քաղաքացիներից ճշտում են բնակության հասցեն, տարիքը եւ կրկնօրինակում անձնագիրը:
Սոցիալապես անապահով քաղաքացիներից մեկը, ով երեկ է գրանցվել օգնություն ստանալու ակնկալիքով, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ տվել է իր եւ ընտանիքի մյուս անդամների անձագրի կրկնօրինակը, իսկ իրեն ասել են, որ երբ օգնությունը եղավ, կզանգեն, կկանչեն: Տեղեկացնենք, որ «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի գրասենյակը գտնվում է Գյումրու Ջիվանու անվան փողոցի վրա եւ հսկվում է Բալասանյանների թիկնապահների կողմից: Գրասենյակի հարեւանությամբ էլ Բալասանյանների շքեղ առանձնատունն է եւ «Պոլոզ Մուկուչ» ռեստորանը: Գյումրիում խոսակցություններ կան, որ քաղաքացիներին Բալասանյանները 10 հազար դրամ են բաժանելու, իսկ ցուցակագրումը իրականացնում են, որպեսզի ՀՀԿ-ի ղեկավարությանը ցույց տան, թե քանի ձայն կարող են ապահովել: Բանն այն է, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվող որոշ թեկնածուներ չեն ցանկանում այնտեղ տեսնել Բալասանյանի որդուն:
Հիշեցնենք, որ Խաչատուր Բալասանյանը մասնագիտությամբ դիվանագետ է, կրթվել է Չինաստանում: Մտերմիկ շրջապատում էլ հայտարարել է, որ ցանկանում է այնտեղ մշտական բնակություն հաստատել:
Ն. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Գյումրի

 

 

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ի ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ
«Ժողովուրդ»-ի հունվարի 19-ի համարում գրել էի, որ հունվարի 17-ին Նոյեմբերյան քաղաքի խանութներից մեկից գնված հացի մեջ կինս հայտնաբերել էր «գայկա»: Նյութը տպագրվելուց հետո սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արագ արձագանքեց: Իջեւան քաղաքից Նոյեմբերյան ժամանեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը: Նա այդ ծառայության 2 աշխատակիցների հետ դեպքի կապակցությամբ ուսումնասիրություններ կատարեց: Վ. Գալստյանն ինձնից վերցրեց հացի կտորը, որի մեջ մխրճված էր «գայկան»: Տեղեկացա, որ դրանից հետո նա եղել է այն խանութում, որտեղ վաճառվել է չարաբաստիկ հացը: Դիտելով խանութի տեսանկարահանման սարքի տեսագրությունը՝ խանութի վաճառողուհու հետ զրույցի միջոցով նա պարզել է, թե ում արտադրած հացն է գնել տողերիս հեղինակը: Վ. Գալստյանն իր աշխատակիցների հետ եղել է հացաթխման արտադրամասում, որտեղից այդ հացն առաքվել է խանութ: Վ. Գալստյանն ասաց, որ իրենց ուսումնասիրություններով պարզվել է, որ հացի արտադրության գործընթացի ժամանակ «գայկան» չէր կարող հացի մեջ հայտնվել, այն հավանաբար հետո է հայտնվել՝ «տեխնիկական պատճառով»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս