Թույլատրելի է միայն պոպուլիզմը, «փող բաժանել» չկա. «Հայկական վերածնունդ»-ը գործի է դրել իր «հին ու բարի» մեթոդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր տարերքի մեջ է. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ նրանք կրկին գործի են դրել իրենց «հին ու բարի» մեթոդները` պոպուլիզմն ու երեսպաշտությունը` այդպես փորձելով ազդել հիմնականում լյումպեն խավի վրա:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ»-ը /նախկին ՕԵԿ/ որոշել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեխ դարձնել բացառապես սոցիալական բնույթի հարցերը:

Մասնավորապես ՀՎԿ-ն իր՝ արդեն իսկ սկսած քարոզարշավը տանում է` լալահառաչ ելույթներ ունենալով օրեցօր խորացող աղքատության, աճող գործազրկության, արտագաղթի, գյուղացիների վարկերի եւ, ընդհանրապես, մարդկանց նկատմամբ բանկային տեռորի, փոքր ու միջին բիզնեսի համար ստեղծված անբարենպաստ պայմանների մասին: Սրանք, թերեւս, այն հարցերն են, որոնց այսօր առնչվում է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիք, եւ ՀՎԿ-ում հույս ունեն, որ անընդհատ այս թեմայով խոսելով՝ կկարողանան շահել մարդկանց համակրանքը: Բնականաբար, այդ ամենի մասին խոսելիս նրանք քննադատելու են իշխանություններին, բայց քննադատելու են անհասցե` առանց կոնկրետացնելու այդ երեւույթների մեղավորներին ու պատասխանատուներին: Փոխարենը «Հայկական վերածնունդի» թեկնածուներին հրահանգված է շրջանցել քաղաքական հարցադրումները եւ, «ոջիլի մասին» հայտնի անեկդոտի նման, թեմաները բերել, հասցնել սոցիալական վիճակի մասին խոսակցությունների:

Եւ, վերջապես, «Հայկական վերածնունդի» քարոզարշավի հիմնական մեխերից է լինելու ԽՍՀՄ ավանդների վերադարձի հարցը, առավել եւս, որ ուղղությամբ նրանք վաղուց են սկսել քայլեր անելը. տեւական ժամանակ է` «Հայկական վերածնունդ» կուսակցության տարածքային կառույցները հայտարարություն են տարածում ԽՍՀՄ ավանդները չստացած քաղաքացիների հաշվառման եւ ավանդների վերադարձման երկրորդ փուլ նախաձեռնելու մասին` առաջարկելով գրանցվելու համար դիմել կուսակցության գրասենյակներ: Դե, կուսակցության գրասենյակում էլ մարդկանց ցուցակագրում են, եթե կարողանում են համոզել, ապա անդամագրում ՀՎԿ շարքերը եւ, որ ամենակարեւորն է, համոզում են ընտրել իրենց` խոստանալով ավանդները վերադարձնել մեկ ռուբլին մեկ դոլարի հարաբերակցությամբ: Քիչ թե շատ գրագետ մարդու համար պարզ է, որ մարդկանց ավանդները վերադարձնողը ՀՎԿ-ն չէ, ոչ էլ գումարները տրվելու են Արթուր Բաղդասարյանի գրպանից, այլ այդ հարցը կանոնակարգված է օրենսդրությամբ, այն կառավարության իրավասության շրջանակներում է, իսկ ֆինանսական միջոցներն էլ հատկացվելու են պետական բյուջեից, ու ոչ բոլորին կհասնի հերթը: Բայց Արթուր Բաղդասարյանի հույսը շարքային քաղաքացիների ցածր իրավագիտակցությունն է, առավել եւս, երբ հեռավոր մարզերում դեռեւս կան նման կեղծ խոստումներին հավատացողներ:
Տեղի ունեցածը, համաձայնեք, ոչ այլ ինչ է, քան սեփական ժողովրդի, սեփական ընտրողի նկատմամբ ծաղր, երբ օգտվելով մարդկանց ոչ լիարժեք տեղեկացված լինելու հանգամանքից՝ ուղղակի խաբում են:

«Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանին` հարցնելով, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ իրենց քարոզարշավը պոպուլիզմի շրջանակներում է լինելու` սոցիալական հարցերի շուրջ: «Մեր քաղաքական ուժի պլատֆորմը միշտ էլ սոցիալականն է եղել: Ես կթվարկեմ մի քանի սոցիալական ծրագրեր, հենց մեր գործունեության, մեր օրենսդրական նախաձեռնության արդյունքի մասին: Դրանք երբեւէ չեն եղել պոպուլիստական ու դրանք այսօր կիրառվում են, ու հնարավոր է՝ մարդիկ չարակամորեն անվանում են պոպուլիստական: Ձեր կողմից նշված ավանդների հարցը հենց մեր օրենսդրական նախաձեռնության արդյունքում է, որ այսօր շուրջ 40 մլն դոլարի ավանդների փոխհատուցում է եղել: Դա պոպուլիստկա՞ն է: Այսօր, երբ երրորդ-չորրորդ երեխայի համար պետության կողմից տրամադրվում են միանվագ օգնություն:

Դա պոպուլիստակա՞ն է: Երբ մեր երկրում չեն սեփականաշնորհվում մանկապարտեզները, դպրոցները, մշակույթի օջախների շենքերը, դա էլի մեր օրենսդրական նախաձեռնության արդյունքում է: Դա պոպոուլիստակա՞ն է, թե՞ ոչ: Այնպես որ, մեր առաջիկա ընտրություններին ներկայացնելու ենք բավականին հետաքրքիր տնտեսական-սոցիալական ծրագիր, որի վրա աշխատել են լուրջ մարդիկ, եւ որը հնարավոր կլինի կյանքի կոչել մեր հաջողության դեպքում եւ որը բավականին իրատեսական է եւ լուրջ ծրագիր»:

Ի դեպ, քանի որ սոցիալական հարցերը միշտ էլ ընտրություններում եղել են արդյունավետ թիրախ, կամ, այսպես ասած, «ձայն բերող», ուստի իշխող ՀՀԿ-ն հրահանգել է հատկապես ուժային կառույցներին ուշի ուշով հետեւել ՀՎԿ-ի գործողություններին, եւ երբ նկատեն «փող բաժանելու» տեղաշարժ, հավաքեն բոլորին: Այս քայլով ՀՀԿ-ն, թերեւս, փորձում է Բաղդասարյանի ախորժակը զսպել՝ թողնելով հավաքի այնքան ձայն, որքան որ պայմանավորվել են: Այսինքն՝ հազիվ անցողիկ եւ ոչ ավել, քանի որ «տեղերը սահմանափակ են»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս