Պետական պարտքը կառավարելի է, բայց և վտանգավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետական պարտքի աճը վտանգավոր չէ, եթե դա գտնվում է կառավարելիության սահմաններում: Տնտեսագիտական զարգացման թեզն էլ է ասում՝ եթե դու ունես կապիտալի կարիք, բնականաբար, այդ կապիտալի կարիքը պետք է համալրես արտաքին փոխատվությունների միջոցով, որպեսզի կարողանաս կատարել ներդրումներ այնպիսի տեղերում, որտեղ մասնավորը չի կարող»,- օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Այն դեպքում, երբ Հայաստանի նման փոքր երկրի պետական պարտքը 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ արդեն իսկ կազմում է 5 մլրդ 934.8 մլն ԱՄՆ դոլար, որից 4 միլիարդ 590 միլիոն 500 հազար դոլարը արտաքին պարտքն է:

Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը եւ կենտրոնական բանկն այդ պարտքը վերցրել են միջազգային ֆինանսական կազմակերպություններից, բանկերից եւ այլ երկրների կառավարություններից: Թեպետ 2016 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը վստահեցնում էր, որ այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը, այնուամենայնիվ, դեկտեմբերի ցուցանիշն այլ պատկեր է ուրվագծում. միայն դեկտեմբերի ընթացքում պետական պարտքը աճել է 185.3 մլրդ դրամով /342.5 մլն դոլարով/:

Բայց ֆինանսների նախարարը հորդորում էր Սարգսյանի այդ հայտարարությունը ընկալել այլ տեսանկյունից. «Պարոն նախագահի ասածն այլ կերպ պետք է ընդունել. դա այն է, որ մեր տնտեսական աճի ներուժը պետք է տեղափոխվի վարկային մոտեցումից դեպի ուղղակի մասնավոր ներդրումներ»,- օրերս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր Արամյանը: Մի՞թե իրենից վտանգ չի ներկայացնում գրեթե 6 միլիարդի հասնող պարտքն այն դեպքում, երբ մեր «տնտեսության վիճակը չափազանց ծանր է»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը վտանգ տեսնում է եւ «կառավարելի» ասվածը համարում պայմանական. «Բոլոր դեպքերում վտանգը կայանում է նրանում, որ կարող է գալ մի պահ, որ այդ պահից սկսած հնարավոր չլինի արտաքին պարտքը կամ պետական պարտքը սպասարկել: Բացի դա, ի վերջո, այդ պետական պարտքն անսահման չենք կարող վերցնել, եթե տնտեսական աճ չունենանք, եթե տնտեսության մեջ փոփոխություններ չեն լինում: Այսօրվա վտանգավորությունը չափի մեջ է, որը մեծ է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Խաչատրյանը:

Այնուամենայնիվ, վերջինս առայժմ չի տեսնում այնպիսի մի իրավիճակ, որ չի կառավարվում, հակառակը՝ ասում է հենց կառավարելիության համար է, որ շարունակում են Հայաստանին վստահել եւ առանց ավելորդ պայմանների վարկեր տրամադրել. «Բայց հիմա արդեն չափի խնդիրն է: Ի վերջո, մինչ այս գուցե կառավարելի էր այն պատճառով, որ այդ չափը փոքր է եղել, եւ մենք դեռեւս ֆինանսական հնարավորություններ ունեցել ենք՝ վերցնելու այդ պետական պարտքը, հետո սպասարկելու, բայց հիմա այդ հնարավորությունները փոքր են»:

Իրականում պետական պարտքի ավելացումն ինքնին վտանգավոր չէ: Բոլոր խելամիտ երկրներում վերցրած պարտքը ծախսում են այնպես, որ հետագայում զարգանա երկրի տնտեսությունը, եւ արդյունքում պետական եկամուտների ավելացման հաշվին հնարավոր լինի ոչ միայն կառավարել, այլեւ սպասարկել այդ պարտքը՝ աստիճանաբար այն մարելով: Հայաստանում, սակայն, պատկերն այլ է: Համենայն դեպս, վերջին 8 տարիներին արտաքին վարկային միջոցների արդյունավետ ծախսման մուլտիպլիկատիվ էֆեկտը, մեղմ ասած, տեսանելի չէ:

Վահագն Հակոբյան




Լրահոս