Ինչպես հայտնի է՝ նախօրեին Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելոռուսի Գերագույն դատարանը մերժել էր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջան արտահանձնելու որոշման շուրջ: Լապշինը ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող էր եւ պետք է աներ Հայաստանի ԱԳՆ-ն, որ չարեց. այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ:
-Պարո՛ն Արզումանյան, փաստորեն Բելառուսը, ի վերջո, Ադրբեջանին արտահանձնեց բլոգեր Ա. Լապշինին…
-Հնչած բոլոր մտքերն արտացոլում են մեր բոլորի զայրույթը, ցասումը, դա միջազգային իրավունքի ոտնահարում էր եւ ազատ խոսքի նկատմամբ բռնարարք:
-Ի՞նչ պետք է աներ այս ուղղությամբ մեր ԱԳՆ-ն, որ չարեց:
-Դա արդեն արտաքին գործերի նախարարին հարցրեք, հազարավոր դիվանագիտական կանալներ կային, որոնք պետք է գործի դրվեին, տասնյակ գործիքակազմ կար՝ պետք է անեին:
-Կնշե՞ք կոնկրետ մեկը:
-Տասնյակները կան, եւ դրա մասին թող իրենք բացատրեն, թե ինչու որեւէ քայլի չեն դիմել:
-Հունվարի 31-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Լապշինի արտահանձնման թեմային, ասել էր. «Վստահ եմ՝ նրանց, ովքեր խոչընդոտում են մարդկանց հիմնարար ազատությունների ու իրավունքների իրականացմանը, դա հեղինակություն չի բերում: Դա խայտառակություն է, որը որոշ դեպքերում որոշների ինքնության բնորոշիչ մասն է կազմում»: Արդյո՞ք այսպիսի բարոյախրատական տեքստերով հնարավոր է ինչ-որ հարց լուծել:
-Մեզ չի հետաքրքրում՝ Բելառուսի կամ որեւէ այլ երկրի վարկը կբարձրանա, թե կիջնի: Մեզ հետաքրքրում է, որ սա կարող է նախադեպ հանդիսանալ եւ բարդացնել մեր բարեկամների այցելությունները ԼՂՀ, սա բարդացնում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը, որը կարեւորագույն գերակայություններից մեկն է մեր արտաքին քաղաքականության:
Վահագն Հակոբյան