Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ արդեն իսկ հրապարակվել են քաղաքական ուժերի ցուցակները: Ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունների եւ դաշինքների մի մասի ցուցակներում կան նոր դեմքեր, որոշ ուժեր, սակայն, հանդես են եկել հիմնականում հին կոնտինգենտով: Այդ շարքում նորություններ չունի նաեւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, որի համամասնական ցուցակում տեղ են զբաղեցրել կուսակցության գրեթե բոլոր պաշտոնյաները, այդ թվում` այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Կարեն Շախմուրադյանը, Միքայել Մանուկյանն ու Արմեն Բաբայանը: Ստորեւ փորձենք հասկանալ, թե ինչ նշանակություն է ունեցել ՀՀ Ազգային ժողովի գործունեությունում սույն պատգամավորների իրականացրած օրենսդրական աշխատանքը:
Կարեն Շախմուրադյանը՝ 2005թ. Տոլյատիի օդանավակայանում սպանված գործարար Ռաֆայել Շախմուրադյանի որդին, ՀՀ ԱԺ պատգամավոր է դարձել այն բանից հետո, երբ 2016թ. փետրվարին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու արդյունքում Արծվիկ Մինասյանը նշանակվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար: Շախմուրադյանի բիզնեսների շարքում են «Արմենիա-Լադա», «Կարկոմավտո» ընկերությունները: Մինչ պատգամավոր դառնալը, նա զբաղվում էր բիզնեսով, որի ղեկավարումը փոխանցել է եղբորը: Շախմուրադյանը չի թաքցնում, որ մանկության ընկերներ են Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ: Հիշեցնենք նաեւ, որ Շախմուրադյանը, 2013թ. «Մալիբու» Հայաստանի դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանի պնդմամբ՝ իրեն ծեծի էր ենթարկել` չվճարելով վերջինիս դիզայներական աշխատանքի համար: Շախմուրադյանն էլ իր հերթին էր վստահեցնում, որ իրական տուժողն ինքն է եղել, որին սադրել է վերոնշյալ Թոփալյանը` մի քանի հարված հասցնելով:
Հատկանշական է, որ այսօր Շախմուրադյանը ՀՅԴ-ի ցուցակում զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը: Հաշվի առնելով նրա ինտելեկտուալ եւ բիզնես կարողությունները` զարմանալի է, որ ՀՅԴ-ն իր պատգամավորին կարծես չի ցանկանում այլեւս տեսնել խորհրդարանում: Իսկ այստեղ 2 տարվա աշխատանքի արդյունքում Շախմուրադյանը լուրջ նվաճումներ չի ունեցել: Մասնավորապես նա ԱԺ ամբիոնին է մոտեցել միայն մեկ անգամ, իսկ հարցապնդումներով երբեւէ հանդես չի եկել: ՀՅԴ պատգամավորը բացակայել է ԱԺ 50 նիստերից, 1 անգամ հրաժարվել քվեարկությունից: Ներկա լինելու դեպքում կողմ է քվեարկել 211 անգամ, դեմ` 1, ձեռնապահ` 4: Ի դեպ, նա կողմ է քվեարկել ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանի «1000 դրամների» նախագծին, ԱԺ կանոնակարգ օրենքին եւ այլն:
Միքայել Մանուկյանի՝ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված կենսագրականի համաձայն՝ նա փորձառու դաշնակցական է, որը եղել է «Երկիր» օրաթերթի թղթակից, ՀՅԴ Գերագույն մարմնի կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու, ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ: Նա 2007-2012թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ 5-րդ գումարման պատգամավոր դարձել 2014թ. հունվարին՝ ՀՅԴ հայտնի գործիչ Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում դեսպան նշանակվելուց հետո: 1990-ականներին նա կալանավորվել էր Համբարձում Գալստյանի սպանության գործով, սակայն հետագայում ազատ արձակվել: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ այսօր Մանուկյանը Օպերայի հարեւանությամբ գործող «Մեղեդի» սրճարանի սեփականատերերից է:
Մանուկյանը 5-րդ գումարման խորհրդարանում երբեւէ ԱԺ ամբիոնին չի մոտեցել: Նույնկերպ նա երբեք հարցերով հանդես չի եկել: Դրա փոխարեն բացակայել է 101 անգամ, իսկ քվեարկություններից հրաժարվել՝ 37: ՀՅԴ-ական պատգամավորը 142 անգամ ձեռնապահ է քվեարկել, դեմ եղել 37 անգամ, իսկ կողմ քվեարկել՝ 354: Նա կողմ է քվեարկել «1000 դրամների նախագծին», սակայն բացակայել աղմկահարույց մյուս օրինագծերի քվեարկություններից, ինչպես, օրինակ, «ԱԺ կանոնակարգ-օրենք», «Բյուջե 2017», «Ապօրինի հարստացման քրեականացում» եւ այլն: Հավելենք, որ ՀՅԴ-ի՝ օրերս հրապարկված համամասնական ցուցակում Մանուկյանը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
ՀՅԴ-ի համամասնական ցուցակի 7-րդ տեղում Արմեն Բաբայանն է՝ ՀՅԴ խմբակցության անկուսակցական պատգամավորը: 2012թ. նա ՀՅԴ ցուցակում կրկին 7-րդն էր եւ պատգամավոր դարձավ կուսակցական 2 գործիչների ինքնաբացարկի արդյունքում: Հիշեցնենք, որ այնժամ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Արտյուշա Շահբազյանն ու Կարինե Հարությունյանը հրաժարվել էին մանդատից, որպեսզի հենց Բաբայանը պատգամավոր դառնա, որը համարվում էր ՀՅԴ քարոզարշավին ֆինանսական մեծ աջակցություն ցուցաբերած գործարար Հրանտ Վարդանյանի ներկայացուցիչը: Ի դեպ, Արմեն Բաբայանը «Գրանդ Քենդի» հայ-կանադական ձեռնարկության գործադիր տնօրենն էր: ՀՅԴ-ից խոստանում էին, որ Բաբայանը խորհրդարան էր գալիս ոչ թե որպես «Գրանդ Քենդիի» ներկայացուցիչ, այլ տնտեսագետ, որը իր կարողությունները պիտի ներդներ խորհրդարանում:
Եվ, իրոք, Բաբայանի խորհրդարանական գործունեությունը որոշակի արդյունավետություն ունեցել է: 5 տարվա ընթացքում նա քանիցս հանդես է եկել օրենսդրական նախաձեռնություններով, ինչպես, օրինակ, 2014թ. ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, «Հանրաքվեի մասին» օրենքը փոփոխելու, մաքսային, կրթության ոլորտներին վերաբերող եւ այլն: 2012-17թթ. ընթացքում ՀՅԴ պատգամավորը կողմ է քվեարկել 259 օրինագծերի, դեմ եղել 47 անգամ, ձեռնապահ՝ 185: Նա քվեարկությունից հրաժարվել է 22 անգամ, բացակայել 450 նիստերից: Վերջին շրջանում գերակշռում են Բաբայանի բացակաները, մասնավորապես՝ «1000 դրամների» նախագծի, «Բյուջե 2017»-ի, «Ապօրինի հարստացման քրեականացման» քվեարկություններից:
Ենթադրելի է, որ վերոնշյալ երեք պատգամավորն էլ հազիվ թե հայտնվեն խորհրդարանում, քանզի առկա իրավիճակում ՀՅԴ-ի համար 5 տոկոսանոց շեմի հաղթահարումն արդեն լուրջ հաջողություն կլինի, իսկ ԱԺ-ում ստացած մանդատները բաշխվելու են համամասնականի ու ռեյտինգայինի թեկնածուների միջեւ:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ո՞ՒՄ Է ՊԱՐՏՔ «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերության պարտատերերի պահանջների նախնական ցուցակը հայտնի է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 19-ի վճռով սնանկ է ճանաչվել: Նշենք, որ ընկերությունը հսկայական պարտքեր ունի կուտակած ոչ միայն գյուղացիներին, որոնցից կաթ է մթերել, այլեւ բազմաթիվ ընկերությունների, այդ թվում նաեւ առեւտրային բանկերին եւ ապահովագրական ընկերություններին:
Օրինակ՝ ընկերության խոշոր պարտատերերից է «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, որին կուտակած պարտքը կազմում է 10 մլն 800 հազար դոլար եւ 21 մլն 170 հազար դրամ: Բացի այս՝ «Աշտարակ կաթ»-ը պարտք է նաեւ «Մանտրա Մակինա Լիմիթեդ» ընկերությանը՝ 42 հազար 385 դոլարի եւ 500 հազար դրամի չափով: Իսկ ահա ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, որն էլ դիմել է դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով, «Աշտարակ կաթ»-ը պարտք է ավելի քան 987 մլն դրամ: Հայտնի «Ֆլեշմոտորս» ընկերությանը պարտք է մոտ 2.5 մլն դրամ, «Սիլ ինշուրանս»-ին՝ ավելի քան 2 մլն դրամ: Ի դեպ, «Աշտարակ կաթ»-ի պարտատերերից է նաեւ «Նյուզ էյէմ» ընկերությունը, որին պարտք է մոտ 1.5 մլն դրամ: Նշենք, որ «Օվալ պլաստիկ» ընկերությանը ունեցած պարտքի չափը կազմում է 113 մլն 400 հազար դրամ:
Ներկայումս «Աշտարակ կաթ» ընկերությունը ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության աջակցությամբ կառավարվում է առողջացման ծրագրի կառավարչի՝ Արտակ Ավագյանի կողմից: Միաժամանակ բանակցություններ են ընթանում նոր ներդրող ներգրավելու ուղղությամբ: Խոսքը «Ադրա Ռեմարա» ընկերության մասին է: Ինչպես հայտնի է՝ այժմ «Պարգեւ» ՍՊԸ-ի միջոցով «Անդրա Ռեմարա» ընկերությունը իրականացնում է «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագիրը: Ի դեպ, «Պարգեւ» ընկերությունը «Աշտարակ կաթ»-ի խոշոր պարտատերերից մեկն է համարվում:
Նշենք, որ այժմ խանութներում վաճառվող «Աշտարակ կաթ» ընկերության կաթնամթերքի տուփերի վրա փակցված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության դրոշմապիտակներ: Քանի որ «Աշտարակ կաթ»-ի ապրանքանիշն այժմ արտադրվում է Արցախում հաշվառված ընկերության կողմից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ՝ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՊԻ ԳՅՈՒՂՈՒՄ
4-5 օր առաջ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Դովեղ գյուղ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա Դովեղի գյուղապետարանի շենքում մասնակցել է 4 տղամարդկանց ծննդյան արարողության: Բոլորը նույն օրն են ծնվել: Նրանցից մեկը Դովեղի բնակիչ է, մյուս 3-ը՝ Նոյեմբերյան քաղաքի. կայացած, աշխատանքով ապահովված մարդիկ են: Հ. Աբրահամյանը լավ քեֆ է արել՝ հոբելյարներից յուրաքանչյուրին ծննդյան օրվա կապակցությամբ նվիրելով 250 հազար դրամ: Դովեղցի հոբելյարը Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ ուղերթներ իրականացնող տաքսի ծառայության սեփականատեր, 32-ամյա Վարուժան Բաբաջանյանի մորաքրոջ որդին է: Վ. Բաբաջանյանի շնորհիվ է, որ Հ. Աբրահամյանը ծննդյան տոնակատարության մասնակցելու համար ձյունոտ, սառցապատ ճանապարհներով 200 կմ ճանապարհ է կտրել, հասել սահմանամերձ Դովեղ: Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Վ. Բաբաջանյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդգրկված է «Ծառուկյան» դաշինքի Տավուշի մարզի վարկանիշային ցուցակում: Նա 7 տարի եղել է Նոյեմբերյան քաղաքի ավագանու անդամ: Վարուժանը 2012թ. մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու էր Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում, ավելի քան 6000 ձայն ստացավ, սակայն պարտվեց «Գրանդ հոլդինգի» աշխատակից Մարինա Մարաբյանին: Նշենք, որ սա Վ. Բաբաջանյանի հրավերով Հ. Աբրահամյանի առաջին այցը չէ Նոյեմբերյանի տարածաշրջան: 2016թ. սեպտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց 4 օր անց՝ սեպտեմբերի 12-ին, Հ. Աբրահամյանը իր տրտում տրամադրությունը փորձել է բարձրացնել Նոյեմբերյան քաղաքի գեղատեսիլ «Տանձուտ» հանդամասում, այնտեղ քեֆի է մասնակցել, ուր նրա պատվին ուլ եւ գառ է մորթվել: Ի դեպ, Դովեղը ՀՀ պաշտպանության նախարար, առաջիկա ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի մորական պապի գյուղն է, նա Դովեղում ազգակից բարեկամներ ունի: Փետրվարի 10-ին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Վ. Սարգսյանը եղել է Դովեղում, բնակիչների հետ քննարկել նրանց հուզող, սահմանին առնչվող խնդիրները: Լրագրողներին պատմել է, որ ինքը փոքր հասակում Դովեղում հաճույքով խոզի կաշի է ճաշակել:
ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ՝ ՕՐՕ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանն ընդգրկվել է «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի Տավուշի մարզի վարկանիշային ցուցակում: Գ. Աբազյանն այդ մասին հայտնեց «Ժողովուրդ»-ին: Նշենք, որ 2016թ. սեպտեմբերի 18-ին կայացան խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավարի ընտրություններ: Գ. Աբազյանը համայնքի ղեկավարի թեկնածու էր, սակայն խոշորացված համայնքի ղեկավար չընտրվեց: Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար ընտրված Կարեն Աբազյանը Գ. Աբազյանին Բարեկամավանի վարչական ղեկավար չնշանակեց: Նկատենք, որ Գ. Աբազյանը եղել ու մնում է Սեյրան Օհանյանի կողմնակիցը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ