Այնպես չէ, որ պատգամավոր դառնալն ինձ համար երազանք է. Մուշեղ Պետոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններին Շիրակի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից է նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանը: «Ժողովուրդ»-ը թեկնածուի հետ զրուցել է նրա քաղաքական ապագայի եւ Վարագյանների հետ հնարավոր լարվածության մասին:

-Պարո՛ն Պետոյան, հաշվի առնելով, թե ովքեր են Ձեր ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները, ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

-Շատ լավ, նորմալ, որովհետեւ մեր Արթիկի շրջանում ՀՀԿ-ի միակ թեկնածուն ես եմ, այլ թեկնածու չկա:

-Շիրակի մարզում առաջադվել են նաեւ Մարտուն Գրիգորյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Վարդան Ղուկասյանը: Նրանց հետ պայքարն ինչպե՞ս եք պատկերացնում, բախումներ չե՞ն լինում:

-Չգիտեմ՝ ինչքանով եք ծանոթ՝ Գյումրին իր առանձնահատկություններն ունի, Արթիկն՝ իր, խոչընդոտներ կամ մրցակցություն մեկս մյուսի նկատմամբ չունենք, մեր տարածաշրջանի ժողովուրդն ուզում է ունենալ իր պատգամավորը, այնտեղ էլ՝ իրենցը:

-Այսինքն՝ տարածքների՞ եք բաժանել:

-Ո՛չ, դե, մենք բոլորս էլ փորձում ենք բոլոր տեղերից հարազատական կապեր կամ, չգիտեմ, ընտրազանգվածներ ունենալ, այնպես չէ, որ սահման է դրած, բայց բնականաբար հասկանում ենք, որ մեր կողմի ժողովուրդը կուզի իր համաքաղաքացին լինի, որ հեշտ լինի վաղը-մյուս օրն այդ մարդուն տեսնելը:

-Դուք Ձեզ տեսնու՞մ եք օրենսդիրում, թե՞ ընտրություններից հետո հնարավոր է՝ Ձեր մարզում որեւէ այլ պաշտոնի անցնեք:

-Գիտեք ինչ, այնպես չէ, որ պատգամավոր դառնալն ինձ համար երազանք է կամ գերխնդիր, պարզապես տեսնենք՝ ինչ հաջողություններ կունենանք, ինչպես ժողովուրդը կքվեարկի, կգնահատի նախկինում Արթիկում կատարած իմ աշխատանքները: Այնպես որ, ծանր չեմ տանի, եթե Ազգային ժողովում չլինեմ կամ մեկ ուրիշ պաշտոնում:

-Ձեր ընտրատարածքի թեկնածուներն այս շրջանում բավականին ակտիվորեն բարձրաձայնում են իրենց հանդիպումների մասին, իսկ Դուք լռում եք, ինչո՞ւ:

-Ո՛չ, ինչու, լավ էլ ակտիվություն դրսեւորում ենք, շտաբները բացված են, շատ հանդիպումներ են տեղի ունենում, պարզապես ես գիտեմ իմ ընտրազանգվածը, գիտեմ համայնքներն ու այդտեղ առկա խնդիրները: Այս պահի դրությամբ չգիտեմ՝ ով ինչ ամպագոռգոռ խոստումներ է տալիս, ինչպես յուրաքանչյուր ընտրություններից առաջ, ես նման բան երբեք չեմ արել ու չեմ էլ անելու, որովհետեւ գիտեք՝ խոսք տալ չանելը ինչ է նշանակում: Առաջին ու վերջին ընտրությանը չենք գնում, մեկ օրով չի պայմանավորված:

-Տեղեկություններ կան, որ այս շրջանում եւս լարված են Ձեր եւ Վարագյանների հարաբերությունները:

-Ո՛չ, չկա նման բան, բացարձակ անհանգստություն չկա, քաղաքական պրոցեսներ են, դե, գիտեք՝ իրենք Դաշնակցության ռեյտինգային ցուցակով են մասնակցում, որեւէ լարվածություն չեմ տեսնում:

-Բայց Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ից է, ավելին՝ ՀՀԿ-ի օգնությամբ նա ընտրվեց քաղաքապետ: Հիմա Դաշնակցությա՞նն է աջակցում:

-Այո՛, այդ իրավիճակն է, չգիտեմ, այդ հարցն իրենց պետք է ուղղեք, էլի:

Որքան էլ մրցակիցներ էիք ժամանակին, դե ֆակտո Ձեզ պետք է սատարեր որպես ՀՀԿ-ի թեկնածու:

-Այո՛, էլի, այդ հարցն իրենց պետք է ուղղեք, ես չեմ պատկերացնում՝ դա ինչպես է լինելու: Եթե հիշում եք՝ ՏԻՄ ընտրություններին ինքը ինքնառաջադրվել էր՝ լինելով ՀՀԿ խորհրդի անդամ, չգիտեմ՝ ես իմ կուսակցության որոշումները միշտ էլ հարգել եմ, ենթարկվել եմ:

Զրուցեց Վահագն Հակոբյանը




Լրահոս