ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության նախկին պետ Սամվել Սանամյանը, ով այժմ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականն է, Կոտայքի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել:
Իր ողջ գիտակից կյանքում բարձր պաշտոններ զբաղեցրած Սանամյանը բավականին պատկառելի ունեցվածք է կուտակել: Նա հայտարարագրել է, որ Ծաղկաձորում ունի մեկ բնակարան, ավտոտնակ, Հրազդանում՝ 1 հա հողամաս, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրաջնում՝ 0.2 հա հողամաս: Բացի այս՝ Սանամյանը Երեւանում առանձնատուն ունի եւ 2012 թվականի արտադրության «Մերսեդես E 200» մակնիշի ավտոմեքենա: Սանամյանի միակ թանկարժեք գույքը 11 մլն դրամանոց «Frank Muller» ժամացույցն է: Նա որպես եկամուտ հայտարարագրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացած աշխատավարձը՝ 8 մլն 61 հազար դրամ: Այսինքն՝ նա ՊԵԿ-ում ամսական ստացել է 671 հազար դրամ աշխատավարձ: Ռեյտինգային թեկնածուն նաեւ հայտարարագրել է, որ ունի 70 մլն դրամ եւ 320 հազար դոլար դրամական միջոց: Սրանք պաշտոնապես:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ Սանամյանը նաեւ Ղազախստանում պանրի արտադրությամբ է զբաղվում: Որտեղի՞ց Սանամյանին այդ արտադրամասը, եւ ինչպես է նա կարողացել պետական պաշտոններ զբաղեցնելուն զուգահեռ՝ այդքան կարողություն կուտակել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Սանամյանի հետ:
-Պարո՛ն Սանամյան, Դուք հայտարարել եք, որ պատգամավորները կտրված են իրենց ընտրողներից, նրանց առաջ քաշած շատ հարցեր մնացել են օդում: Խոսքը կոնկրետ ո՞ր պատգամավորի մասին է:
-Կոնկրետ պատգամավորի մասին չէ: Ընդհանրապես պատգամավորը պետքա ժողովրդի մեջ լինի, ոչ թե ժողովրդից կտրված: Կոնկրետ ոչ մեկին նկատի չունեմ, բայց նկատի ունեմ, որ մարդիկ պատգամավոր են դառնում, որ գնան, ԱԺ-ում նստեն, աշխատավարձ ստանան, քնեն ընդեղ, վեր կենան, գան, բայց ժողովրդի հոգսով պետքա ապրեն, ժողովրդի մեջ պետքա մտնեն: Հրազդանում ես չեմ տեսել պատգամավոր, որ ունենա գրասենյակ, պատգամավորն էլ օր ունենա, որ գա, ժողովրդի հետ խոսի, նրանց հարցերին պատասխանի: Մի հասկացողություն պետք է լինի՝ պատգամավոր, քաղաքապետ, մարզպետ, սխա՞լ բան եմ ասում:
-Իսկ ու՞մ եք Ձեր ընտրատարածքում թիրախավորել, ու՞մ եք Ձեզ մրցակից համարում:
-Ես մրցակից ոչ մեկին չեմ տեսնում, ես ընդամենը կողմնակից եմ նորմալ պայքարի, քարոզարշավի, բոլորն էլ մրցակից են, ով որ կարա, թող նորմալ պայքարի, ձայներ հավաքի:
-Իսկ ՀՀԿ-ից մյուս առաջադրվածներին մրցակից համարո՞ւմ եք:
-Ինչպե՞ս: Ես Հայաստանի հանրապետական կուսակցությունից եմ առաջադրված, խի պիտի իրանց մրցակից ընկալեմ:
-Բայց Ձեր թիմակիցներից շատերը չեն հասկանում մեկը մյուսին եւ իրար են ծեծում այլ ընտրատարածքներում:
-Ես ուշադիր լսելու ունակություն ունեմ եւ բոլորին հասկանում եմ:
-Դուք հայտարարել եք, որ դեմ եք ընտրակաշառքին, բայց մամուլը գրել է, որ 2016 թվականի ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Դուք Արամ Դանիելյանին սատարելու համար ընտրակաշառք եք բաժանել:
-Ուրեմն, ես կողմ եմ, որ էն ընտրակաշառքը, որ բաժանվումա, այդ գումարն ամբողջությամբ դրվի, եւ քաղաքում ինչ-որ մի բան ստեղծվի, ոչ թե փոշիացնեն էդ գումարը: Տենց փաստ չկա, որ մեկին ընտրակաշառք են տվել, ինչ-որ մեկն էլ չի եկել, հայտարարություն տվել, որ ասի, ես էլ իմանամ՝ տվել են, թե չեն տվել, ընդամենը ձեր մամուլից գիտեմ, որ ընտրակաշառք են բաժանել:
-Պարո՛ն Սանամյան, Դուք մեծ ունեցվածքի տեր եք, պետական տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած անձը ինչպե՞ս է կարողացել կուտակել այդ ունեցվածքը:
-Ուրեմն, ասեմ, նախ առաջին հերթին՝ մինչեւ ինձ հայրս աշխատել է 45 տարի եւ բարձր աշխատավարձով, ե՛ւ հայրս, ե՛ւ մայրս: Երկրորդը՝ ես նույնպես բավականին երիտասարդ հասակից սկսել եմ աշխատել, ես ունեցել եմ գործարան Հրազդանում, այսինքն՝ 23 տարեկանում ես ունեցել եմ գործարան եւ արտադրություն եմ ծավալել: Երբ մարդիկ սապոկ ու կոշիկ էին առնում, տանում Ռուսաստան, ես արտադրություն էի ծավալում, շատ մեծահարուստներ կերազեին՝ այն ժամանակ այդպիսի գործարան ունենային եւ արտադրություն ծավալեին: Եթե պետական պաշտոնի ենք նշանակված եղել, նշանակում է՝ ձեռքներս պետք է ծալած նստեի՞նք: Բնականաբար երեխաներս մեծացել են, աշխատել են, օգնել են, հիմա էլ աշխատում են:
-Դուք ունեք բիզնեսներ, որոնք Ձեր անունով չեն, բայց Ձերն են:
-Ես բիզնեսներ չունեմ հիմա, բիզնես գործունեություն չեմ ծավալում, բնականաբար ինչ ունենք, ժամանակին ստեղծել ենք, հիմա իմ զավակներն են, էլի աշխատում են, իրանց աշխատանքով, քրտինքով ստեղծեն, եթե մի բան էլ ավել է, կարելիա կուտակել, օգնել ինչ-որ մեկին: Եթե ինչ-որ մեկը կասի՝ սա Սանամյանի բիզնեսն է, ես դա նվիրում եմ Ձեզ:
-Ըստ մեր տեղեկությունների՝ Դուք պատրաստվում եք Ղազախստանում պանրի արտադրությամբ զբաղվել: Այդ արտադրամասը ինչպե՞ս եք ձեռք բերել:
-Ղազախստանում պանրի գործարա՞ն եմ բացել: Ուրեմն նվիրում եմ քեզ: Իհարկե, չկա: Կարողա՞ մեկ էլ ասեք՝ լուսնի վրա եսիմ ինչ ունես: Ես ինչ ունեմ, ստեղա՝ թոռներով, կնոջով: Ոչ մի բան դրսում չունեմ, ինչ ունեմ, ստեղա:
Վահագն Հակոբյան