ՖՈՏՈ. Ո՞ւր է «կորել» երգչուհի Անահիտ Շահբազյանը և ինչո՞ւ է պասիվացրել գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, ինչ երգչուհի Անահիտ Շահբազյանը ընտանիք կազմեց, սկսեց պասիվացնել իր գործունեությունը շոու-բիզնեսում: Նախորդ տարվա հուլիսին պսակադրված երգչուհուց «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` մտավախություն չունի արդյոք, որ անձնական կյանքին նվիրվելու արդյունքում կարիերան կարող է տուժել. «Նախ ասեմ, որ ընտանեկան կյանքս շատ հետաքրքիր է եւ ոգեւորիչ: Ընտանիքս անում է ամեն բան, որպեսզի առաջ գնամ»,-պատասխանեց Անահիտը:

Նա տեղեկացրեց, որ շուտով երկրպագուների դատին կհանձնի նոր տեսահոլովակ` նկարահանված «Արեւ» երգի հիման վրա. «Երգն ինձ նվիրել է Արսեն Գրիգորյանը (ռոմանսի Արսեն). թե՛ երաժշտության եւ խոսքերի, թե՛ գործիքավորման հեղինակը հենց ինքն է: Ասեմ, որ նկարահանվել է ոչ ծախսատար տեսահոլովակ, որի մտահղացումն ամուսնունս է (երաժիշտ Կարեն Զադիրյանը նաեւ ռեժիսոր է-հեղ.)»,-ասաց երգչուհին:

Ինչ վերաբերում է համերգային գործունեությանը, Անահիտը նշեց, որ առաջիկայում «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ պետք է մեկնի արտերկիր` մասնակցելու բարեգործական համերգների:

Բացի այդ` երգչուհին պատրաստվում է ձեւավորել նոր բենդ եւ հանդես գալ հետաքրքիր ծրագրով. «Նախկին բենդիս հետ մշտապես ներկայացրել ենք ջազ երաժշտություն, որը, իհարկե, ընդունվում էր հանրության կողմից, բայց ես հասկացա, որ մարդիկ մեզնից ավելին են ակնկալում, միայն ջազով հնարավոր չէ նրանց գոհացնել, ուստի որոշեցինք նոր բենդիս հետ մատուցել նաեւ փոփ, ֆոլկ երաժշտություն: Հուսամ` մեր նոր նախաձեռնությունը հաջողություն կունենա»,-մեկնաբանեց նա:

Գործնական ծրագրերից զատ` Անահիտի հետ զրուցեցինք նաեւ անձնականից եւ հարցրինք` ընտանիքում համալրում սպասվում է, թե ոչ. «Դեռ ոչ, բայց հույս ունեմ, որ այս տարի անպայման ամեն բան կստացվի: Եթե նման նորություն ունենամ, հաստատ չեմ թաքցնի, ուրախ կլինեմ այդ մասին հայտնել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս