Ի՞նչ հետևություններ են արել նախարարները վարչապետի հրահանգից հետո. «դրայվասեր» ղեկավարի հերթական զգուշացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր թիմը ստացել է փոփոխություններ անելու քվեն, այդ պատճառով իմ հորդորը բոլոր իմ թիմակիցներին՝ աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ՝ ե՛ւ պատասխանատվությունը, ե՛ւ համապատասխան ջանքերը, ե՛ւ բոլոր մեր գործողությունները: Այնպես որ, ուրախացնում եմ ձեզ՝ մեր աշխատանքային ռեժիմը ավելի է ծանրանում»,- այսպիսի «աչքալուսանքով» ապրիլի 6-ին կառավարության նիստը սկսեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նկատենք, որ սա Կարապետյանի՝ արտակարգ ռեժիմով աշխատելու առաջին հրահանգը կամ հորդորը չէր: Վարչապետության անցած ութ ամիսների ընթացքում «դրայվասեր» կառավարության ղեկավարը մի քանի անգամ զգուշացրել է, որ պետք է օր ու գիշեր աշխատեն՝ արդյունք ստանալու համար: Սակայն հատկապես նախընտրական մեկ ամսվա ընթացքում գրեթե բոլոր գերատեսչություններում անսովոր խաղաղություն ու պասիվություն էր նկատվում: Պետական ապարատում աշխատողները՝ օգտվելով այն փաստից, որ իրենց ղեկավարներն ընկղմվել են քարոզչության թոհուբոհի մեջ, աչքաթող էին արել իրենց բուն պարտականությունները:

Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը փորձեց գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել, թե ի՞նչ է փոխվելու վարչապետի այս հայտարարությունից հետո:

Լեւոն Ալթունյան, ՀՀ առողջապահության նախարար

-Պարո՛ն Ալթունյան, ի՞նչ է իրենից ենթադրում գերատեսչությունների արտակարգ ռեժիմով աշխատելը, եւ Ձեր նախարարությունը ի՞նչ է անելու արտակարգ ռեժիմով:

-Արտակարգ ռեժիմը նշանակում է, որ այդ ռեժիմի ներքո մենք աշխատելու ենք շաբաթական ոչ թե 40 ժամ, այլ 70, նշանակում է, որ շաբաթ եւ միգուցե որոշ կիրակիները բացակայելու են որպես հանգստյան օրեր:

-Այսինքն՝ աշխատելու եք նաեւ շաբաթ եւ կիրակի օրերի՞ն:

-Շաբաթ պարտադիր, կիրակի հնարավոր է:

Սուրեն Կարայան, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար

-Պարո՛ն Կարայան, վարչապետ Կարապետյանը արդեն որերորդ անգամ հրահանգում է աշխատել արտակարգ ռեժիմով: Հնարավո՞ր է, որ նախորդ հրահանգներից հետո նկատելի արդյունք չի եղել, դրա համար էլ եւս մեկ անգամ նման հրահանգ տվեց վարչապետը:

-Իմ կարծիքով, ուղղակի սա երեւի ազդակ էր, որ նույն տեմպերով շարունակենք:

-Դուք ո՞ր խնդիրներին եք արտակարգ ռեժիմով անդրադառնալու, արտակարգ ռեժիմով ի՞նչ աշխատանք եք կատարելու:

-Մեր բոլոր աշխատանքները:

-Նախընտրական քարոզչության շրջանում գրեթե բոլոր գերատեսչությունները մատնվել էին անգործության, եւ որեւէ շարժ չէր նկատվում…

-Ես մեր գերատեսչության մասին կարող եմ խոսել, եթե մեր գերատեսության կայքէջը նայեք, մենք երբեք պասիվ չենք եղել:

-Համենայն դեպս, ի տարբերություն նախորդ ամիսների՝ պասի՞վ չէիք:

-Ո՛չ, այդպես չէ:

Իգնատի Առաքելյան, ՀՀ գյուղատնտեսության նախարար

-Պարո՛ն Առաքելյան, վարչապետի՝ արտակարգ ռեժիմով աշխատելու հրահանգից հետո ո՞ր խնդիրներին եք անդրադառնալու, եւ ի՞նչ է իրենից ենթադրում գերատեսչությունների արտակարգ ռեժիմով աշխատելը:

-Բոլոր խնդիրներին էլ անդրադառնալու ենք: Մինչեւ այդ էլ արտակարգ ռեժիմով ենք աշխատել, տենց էլ աշխատելու ենք, դա հիշեցում էր:

-Նախընտրական շրջանում անգործության մատնվելու հետեւանք չէ՞ այս հայտարարությունը:

-Ո՛չ, ուղղակի որոշ գերատեսչությունների ղեկավարներ քանի որ արձակուրդում էին եւ զբաղվում էին ընտրություններով, դրա հետ էր կապված ընդամենը:

Վահան Մարտիրոսյան, ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

-Պարո՛ն Մարտիրոսյան, ինչի հետեւանք էր վարչապետ Կարապետյանի՝ արտակարգ ռեժիմով աշխատելու հրահանգը. հատկապես նախընտրական շրջանում նկատված անգործությա՞ն:

-Ո՛չ, նույն ձեւի ակտիվ աշխատել ենք առաջ, հիմա նորից հրահանգեց, որ այդ ակտիվությամբ շարունակենք եւ ոչ թե հանգստանանք:

-Բնականաբար կհիշեք, որ վարչապետը նման հրահանգներ էլի է հնչեցրել: Միգուցե դրանից հետո առաջընթաց չի՞ նկատել գերատեսչությունների աշխատանքներում:

-Ո՛չ: Նա ուղղակի միշտ նշում է, որ իր հսկողության տակ է, եւ պետք է աշխատենք շատ ակտիվ, լուծումներ գտնենք շատ արագ արձագանքենք ցանկացած հարցի, ուղղակի դա էր:

-Որքա՞ն է տեւելու արտակարգ ռեժիմը:

-Արտակարգ ռեժիմը տեւելու է ամբողջ մեր աշխատանքային գործունեության ընթացքում:

-Ի՞նչ խնդիրներ կան Ձեր ոլորտում, որոնք պահանջում են արտակարգ ռեժիմով աշխատանք եւ հրատապ լուծումներ:

-Շատ կան. ե՛ւ տրանսպորտային խնդիրներ, ե՛ւ ճանապարհային, ե՛ւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, խնդիրներ շատ կան, եւ լուծումները փորձում ենք արագ գտնել:

Հ.Գ. Գերատեսչությունների շատ ղեկավարներ չբարեհաճեցին անգամ կառավարության նիստից հետո իջնել ներքեւ եւ զրուցել լրագրողների հետ, թերեւս «ծլկեցին» իրենց սիրելի ետնամուտքով: Նկատենք, որ լրագրողներս արդեն մոռացել ենք, թե երբ ենք վերջին անգամ կարողացել կառավարության նիստերից հետո տեսնել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին եւ էլի մի քանի արտոնյալների:

Համենայն դեպս, կարիք կա, որ վարչապետը եւս մեկ անգամ բոլորին հրահանգի լրատվամիջոցների հետ աշխատել բաց եւ թափանցիկ՝ պայմանով, սակայն, որ հրահանգելուց հետո իր օրինակով ենթականերին շփման ձեւը ցույց տա:

Վահագն Հակոբյան




Լրահոս