Վանաձոր «ՋԷԿ»-ի աշխատակիցները երեկ կրկին բողոքի ցույց են անցկացրել Լոռու մարզպետարանի բակում՝ պահանջելով 2011 թվականի 4 ամսվա իրենց աշխատավարձերը: Ինչպես միշտ, այս անգամ նորից աշխատակիցները հանդիպել են Լոռու մարզպետի հետ ու խնդրել միջնորդել աշխատավարձերը վճարելու հարցում:
Մեզ հայտնի դարձավ, որ մարզպետը իր աջակցությունն է հայտնել գործարանի աշխատակիցներին` հավաստիացնելով, որ ամեն ինչով կանգնած է նրանց թիկունքին, եթե ցուցարարների քայլերը կլինեն օրենքի սահմաններում:
Աշխատակիցների խոսքով՝ ամիսներ առաջ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելեց Լոռի, դրա նախորդ օրը գրեթե ամբողջությամբ վճարվեցին աշխատակիցների պարտքերը, իսկ 2011 թվականի պարտքերը պետք է ամիսներ անց վճարվեին, ինչը, սակայն, մինչ օրս չի արվել: Աշխատակիցները սպառնում են՝ դիմելու են կտրուկ քայլերի, մինչեւ որ չստանան իրենց աշխատավարձերը:
Երեկ արդեն շուրջ 100 աշխատակիցներ հավաքվել էին գործարանի դարպասների առջեւ, որպեսզի արգելեին գործարանի տարածքից դուրս բերվող գույքի վաճառքը. «Գործարանը ապամոնտաժում են, մեզ ասել էին, որ էդ վաճառված ապրանքով մեր գումարներն են վճարելու, բայց մինչ օրս ոչ մի գումար չենք ստացել»,-ասում էին աշխատակիցները` հավաստիացնելով, որ հերթապահություն են իրականացնելու դարպասների առաջ՝ կանգնեցնելու համար մեքենաների մուտքն ու ելքը գործարանի տարածք:
«Վանաձոր ՋԷԿ»-ը ընդհանուր առմամբ 4 ամսվա աշխատավարձի պարտք ունի շուրջ 150 աշխատակիցների: Վերջերս գործարանի ղեկավարությունը մեծածավալ կրճատումներ իրականացրեց պահակային եւ անվտանգության բաժիններում: Նախկին գրեթե բոլոր աշխատակիցները դարձան գործազուրկ՝ այդպես էլ չստանալով չվճարված աշխատավարձերը: Փոխարենը գործարանի անվտանգությունը սկսեց պահպանել մասնագիտացված կազմակերպություն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս Երեւանից 3 շինբրիգադ է այցելել գործարան, որպեսզի մեծածավալ ապամոնտաժման աշխատանքներ իրականացնեն:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր