Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը այցելել են Երևանի պետական հումանիտար քոլեջ, որտեղ ներկայացվել է Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող կրթական երկու նախագծերի մեկնարկը:
Երևանի պետական հումանիտար քոլեջը պաշտոնապես միացել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության մասնագիտական կրթության ծրագրին՝ (DSD) և միաժամանակ դարձել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Պֆորտա քաղաքի մասնագիտացված դպրոցի երևանյան գործընկերը: DSD ծրագիրը (գերմաներեն լեզվի դիպլոմ) իրականցվում է գերմաներենի խորացված ուսուցմամբ Հայաստանի 6 դպրոցներում, իսկ Երևանի պետական հումանիտար քոլեջը դարձել է առաջին ՄԿՈՒ հաստատությունը, որը միացել է այս ծրագրին:
Քոլեջում այս ծրագրի ներդրմանը գերմանական կողմը համաձայնություն է տվել ավելի քան մեկ տարվա փորձարկումից և դիտարկումից հետո: Ծրագիրը հնարավորություն կտա քոլեջի ուսանողներին ստանալ գերմաներենի խորացված գիտելիքներ (B1 մակարդակ), որը բավարար հիմք է առանց իմացության հավելյալ ստուգումների միջին մասնագիտական, առանձին դեպքերում նաև բարձրագույն կրթություն ստանալ Գերմանիայում:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ծրագրի մեկնարկի կապակցությամբ շնորհավորելով ուսանողներին՝ նշել է, որ Հայաստանը լինելով փոքր երկիր, որն ունի հին և արժանավոր պատմություն՝ հրաշալի հասկանում է, որ կրթությունն այն գործիքն է, որով որոշվում է մեր ներկան և ապագան. «Մեր երկրի և յուրաքանչյուր քաղաքացու ապագան պետք է կառուցենք կրթության միջոցով:
Մենք ապրում ենք գիտելիքահեն աշխարհում, որտեղ կրթության վրա հիմնված ապագան այլընտրանք չունի: Կրթությունը միայն կոնկրետ առարկաների ուսուցումը չէ, կրթությունը նաև այլ մշակույթների և պատմությունների նկատմամբ բաց և այլ մշակույթների համար հասանելի լինելն է: Այս իմաստով օտար լեզուների որակյալ կրթությունը կարևոր խնդիր է: ՀՀ-ում այժմ մշակվել է օտար լեզուների ուսուցման հայեցակարգ, որն առաջիկայում կդրվի հանրային քննարկման:
Նպատակը օտար լեզուների ուսուցման զարգացումն է, որը կնպաստի մեր երկիրն ավելի բաց և հասանելի դարձնել նորարարությունների, տարբեր քաղաքակրթությունների և հասարակությունների համար: Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ անկախության շրջանում մենք անցել ենք արդյունավետ ճանապարհ և ունենք համատեղ գործունեության նվաճումներ»,- նշել է Դ. Սահակյանը՝ ընդգծելով, որ Գերմանիայի կառավարությունը մեծ ներդրում ունի անկախ Հայաստանի կրթական համակարգում:
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները տեղեկացրել է, որ իրենց երկրամասի համագործակցությունը Հայաստանի հետ սկսվել է դեռ 2005 թվականից. «Մենք քաղաքական համընդհանուր աջակցություն ենք հայտնում Հայաստանի դպրոցներում և ՄԿՈՒ հաստատություններում գերմաներենի զարգացմանը և ուսումնական հաստատությունների միջև հորիզոնական կապերի ամրապնդմանը»,- նշել է Մ. Թուլները՝ հավելելով, որն ինքը տպավորված է հայ ուսանողների ներկայացրած արդյունքներով:
Ուսանողները բարձրաստիճան հյուրերին դիմավորել են առանձնակի հանդիսավորությամբ՝ բակում ցուցադրվել են Սուրբ Հարության տոնի հետ կապված հայկական ազգային ավանդույթները, իսկ այնուհետև դահլիճում գերմաներեն-հայերեն լեզուներով բեմականացում է ներկայացվել:
Հյուրերը նեկա են եղել նաև «Նոյան Տապան» առցանց նախագծի շնորհանդեսին, որի ընթացքում քոլեջի ուսանողները տեսակապով Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Պֆորտա քաղաքի մասնագիտացված դպրոցի սովորողներին ներկայացրել են Հայաստանի պատմամշակութային կոթողները՝ 3D մոդելավորմամբ: