«Քաղաքականությունն իմ բիզնեսն է»,-մի անգամ ցինիկաբար հայտարարել է Ադոլֆ Հիտլերն ու իր «բիզնեսին» զարկ տալու նպատակով պայքարել կանցլերության համար: «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երբեք նման հայտարարություն չի արել, որովհետեւ լավ է հասկացել, որ «լեզուն դիվանագետին տրված է մտքերը թաքցնելու համար», սակայն հենց այդպես էլ գործել ու գործում է` արդեն երկար ժամանակ զարմացնելով ողջ հայ հանրությանը:2008-ին նա նախագահական մրցապայքար մտավ հրեշտակային թեւիկներով ու «մաքրամաքուր» մտքերով` հպարտորեն ու վստահ հայտարարելով. «Ճիշտ է, նախագահական ընտրություններում հաղթելը կարեւոր է, բայց այն երբեք չպետք է ձեռք բերվի` օգտվելով մարդկանց համատարած աղքատությունից, ժողովրդին զանգվածաբար կաշառելու եւ լայնամասշտաբ ընտրական հանցագործությունների, ի վերջո, շղթաների եւ ազգային արժանապատվության հաշվին: Մեր ազգին ու հայրենիքին անհրաժեշտ է արդար ու ժողովրդական նախագահ, անխոցելի եւ լեգիտիմ իշխանություն` դիմակայելու արդեն իմ կողմից թվարկված մի շարք ներքին եւ բազմաթիվ արտաքին մարտահրավերներին»: Ստացվում է, որ եթե այսօր Արթուր Բաղդասարյանը նախագահի կողքին է` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, նշանակում է` հենց նման նախագահ էլ ունենք… Նկատենք, որ ժամանակին խոսակցություններ էին շրջանառվում, որ նախագահական ընտրություններում կեղծ ընդդիմություն ներկայանալու եւ ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները փոշիացնելու համար Արթուր Բաղդասարյանին խոշոր դրամական պարգեւ է խոստացվել: Իսկ մինչ այդ` 2007թ-ի կեսերին, Հայաստանի լրատվամիջոցներն ու ԱԱԾ-ն հայտարարեցին, որ 2007 թ. ապրիլի 21-ին «Մարկո Պոլո» սրճարանում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան բարձրաստիճան մի պաշտոնյայի: Այդ զրույցի ժամանակ (որի տեսագրությունը շատ «առեղծվածային» պայմաններում հայտնվել էր ԱԱԾ-ում) Արթուր Բաղդասարյանը համոզել էր դեսպանատան աշխատակցին այնպես անել, որ օտարերկրյա դիտորդները բացասական գնահատական տան առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Արդեն ընտրություններից հետո` Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Ինձ համար դա իսկապես դավաճանության դրսեւորում է: Այդ դրսեւորումը ավելի այլանդակ կերպարանք ունի այն պատճառով, որ սեփական նախաձեռնությամբ է արվել, ոչ ոք չի ստիպել, չեն խոշտանգել… Իսկ մեկ անգամ դավաճանության դիմողը ընդունակ է դա անել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ»… Դեռ «Մարկո Պոլո»-ում հանդիպում ունենալուց առաջ` 2007 թ. փետրվարի 3-ին, Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ իրեն սպանելու սպառնալիք է ստացել. «Ես պատրաստ եմ զոհվել, զոհաբերել իմ կյանքը հանուն Հայաստանի»,-պաթետիկ ու զգայացունց ասել էր նա:2008թ. նախագահական ընտրություններից հետո Արթուր Բաղդասարյանը շտապեց, Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով ասած, «կզել» Սերժ Սարգսյանի առաջ ու ստանձնել ԱԽՔ-ի պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանը նաեւ հայտարարել էր, որ Ա. Բաղդասարյանի` ԱԺ նախագահ եղած ժամանակ Անվտանգության խորհրդի նիստեր չեն արել` վախենալով, որ Արթուր Բաղդասարյանը գաղտնիքները կարող է փոխանցել օտարերկրյա աղբյուրներին: Եւ այդքանից հետո երկրի անվտանգության հարցերը հանձնվեցին «դավաճանին» ու «մատնիչին»: Այն, որ Արթուր Բաղդասարյանը «սարքովի» ընդդիմություն էր եւ կատարում էր երկրի իշխանությունների հանձնարարականները` ինքնին պարզ էր, պարզ էր նաեւ այն, թե ինչու էր նա իր կուսակցության պաշտոնաթերթում արգելել ՍերԺ Սարգսյանի լուսանկարի տպագրությունը. հանկարծ մարդիկ չիմանան, որ ինքը համագործակցում է «իրեն ծնող»-ի հետ: Արթուր Բաղդասարյանի քաղաքական կարիերան «բացառիկներից» մեկն է մեր պետության պատմության մեջ: 1985-ին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, 1988-89-ին ծառայել բանակում, 1992-ին ավարտել համալսարանը, իսկ 1993-ին` 25 տարեկան հասակում, ընտրվել Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ: Իր կենսագրության մեջ նա նշել է, որ աշխատել է նաեւ որպես «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, սակայն թերթի հրամանագրքում նման գրառում բացակայում է… 1994-1997 թթ. սովորել եւ ավարտել է ՌԴ նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիան, իսկ 1995-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունն ու ստացել իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան: Հենց 1995-ին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցությամբ Շենգավիթի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր: Բարեբեր 1995-ին նա նաեւ ընտրվել է Հայաստանի իրավագետների եւ քաղաքագետների միության նախագահ: Երկու տարի խորհրդարանում լռելուց եւ որեւէ հարց չհնչեցնելուց հետո նա միայն 1997-ին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հռետորական հարց տվեց. «Ո՞ւր է գնում մեր պետությունը»: Այս հարցն էլ դարձավ նրա քաղաքական նոր վերելքի երաշխիքը: Եվ ոչ միայն քաղաքական. նույն տարում Մոսկվայում պաշտպանեց դոկտորական ատենախոսություն, իսկ «Հանրապետություն» միավորման փլուզումից ու Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Հենց այդ ժամանակ էլ նա հայտնվեց Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում, ինչի արդյունքում ստեղծվեց «Օրինաց երկիր» կուսակցությունը: Մոռանալով Լեւոն Տեր-Պետրոսյանին արված «սիրո խոստովանությունը», անգամ նրա մասին գրած իր գիրքը` Արթուր Բաղդասարյանը մղվեց դեպի Սերժ Սարգսյանը` հասկանալով, որ տիրոջը փոխելու լավագույն ժամանակն է: 1999 թ. մայիսին Արթուր Բաղդասարյանը երկրորդ անգամ ԱԺ պատգամավոր ընտրվեց Շենգավիթի թիվ 21 ընտրատարածքից եւ դարձավ ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար: Բաղդասարյանի մասին հրապարակային խոսակցություններ ծավալվեցին 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ ահաբեկիչների` դահլիճ մտնելուց բառացիորեն 5 րոպե առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավարն ու մյուս 5 անդամները լքել էին դահլիճը…03-03-2011ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆշարունակելի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԽՔ-Ի ԲԻԶՆԵՍՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ