ԳՅՈՒՂԸ ՈՉՆՉԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռին, լինելով հանրապետության ամենամեծ մարզը, սոցիալապես անապահով բնակիչների ցուցանիշով եւս առաջիններից է: Խիստ ծանր կացության մեջ են գտնվում հատկապես գյուղական համայնքները:Սվերդլով համայնքը հենց այդպիսի գյուղերից է: Այն ունի 1100 բնակիչ, մեծ մասը` հատկապես երիտասարդությունը, գտնվում է հանրապետությունից դուրս` ապրուստի միջոց վաստակելու նպատակով: Հողերի մեծ մասը չի մշակվում, այդ պատճառով էլ հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրը անասնապահությունն է: Հողերի անջրդի լինելու հետեւանքով գյուղացիները ստիպված են ջուր գնել: Համայնքապետ Կամսար Չերքեզյանն ասում է, որ գյուղի բնակչությունը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում. «Ժողովուրդը չի կարողանում վճարել հողի հարկը, բնակլիմայական պայմաններն էլ այնպիսին են, որ հողից արդյունք չենք ստանում, այդ պատճառով էլ հողը չեն օգտագործում: Պլանը չենք կատարում, բյուջեն էլ թերի է հավաքագրվում: Նախատեսված ծրագրեր կան, որոնք չենք կարողանում իրականացնել»: Ծնելիության մակարդակից այս տարի գյուղապետը գոհ է, սակայն ցավն այն է որ երիտասարդներն են հեռանում. «Արտագնա աշխատանքի մեկնածներից շատեը չեն վերադառնում, ոմանք տանում են նաեւ իրենց ընտանիքները»,-ցավով փաստում է Չերքեզյանն ու ավելացնում. «Դպրոցում աշակերտների թիվը բավարար է, յուրաքանչյուր դասարանում 17-18 երեխա է սովորում, դպրոցի շենքն էլ լավ շենք էր, բայց երկրաշարժից հետո գտնվում է անմխիթար վիճակում, լուրջ վերանորոգման կարիք ունի»: Սվերդլով համայնքն ունի նաեւ բազմաթիվ այլ խնդիրներ. ճանապարհները լուսավորված չեն, գերեզմանների ցանկապատն իսկական ավերակ է հիշեցնում: Խիստ հրատապ է նաեւ գյուղ տանող ճանապարհի խնդիրը: Այն ժամանակին մինչ Ուռուտ  գյուղը պետական միջոցներով բարեկարգվել է, սակայն ճանապարհաշինարարներն այդպես էլ Սվերդլովին չեն հասել: Ճանապարհի փոսերում գյուղացիները ստիպված ավազ են լցրել: Թեեւ խնդիրները բազմաթիվ են, սակայն  առաջնայինը Սվերդլովի համայնքապետը համարում է խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը. «Հարակից սարերը հարուստ են ջրային պաշարներով, սակայն ջուրը գյուղ չի հասնում: Ճիշտ է, խողովակների 3 կմ հատվածը վերանորոգվել է, սակայն ներքին ցանցն ամբողջովին անպետք է»: Առանց այն էլ դժվարին կյանքով ապրող սվերդլովցիները նույնիսկ խմելու ջուր չունեն, ուր մնաց, թե մտածեն հողերը ոռոգելու մասին: Գյուղացու ապրուստի միջոցը հողն է, այն էլ չի ջրվում: Ժողովուրդն ասում է, թե քաղաքացուն պահողը գյուղացին է, բայց այսօր մեկն էլ պետք է, որ գյուղացուն պահի: Սվերդլովի օրինակը միակը չէ: Նման գյուղերը բազմաթիվ են հանրապետության ողջ տարածքում: Հայաստանում գյուղ ասելիս հետզհետե պետք է մոռանանք գյուղատնտեսության մասին: Գյուղերը կվերածվեն ընդամենը հանգստյան գոտիների ամռան տապից փախչող հովեկների համար:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆՎանաձոր




Լրահոս