ՀՀ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՌԴ-ՈՒՄ ՉԻ ԱՆՑՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում երթեւեկության կանոնների փոփոխության արդյունքում նրանք, ովքեր ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ: Այս փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից: Այսինքն՝ օտարերկրյա, այդ թվում`ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չեն կարող աշխատել որպես վարորդ: Նրանք Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանան Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով:

Հայտնի է, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնել ՌԴ, որտեղ հիմնականում զբաղվում է տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելով: Ռուսաստանում ամեն երրորդ հասարակական տրանսպորտի կամ տաքսիի ղեկին կարող ենք տեսնել աշխատանքային միգրանտի: Հիմնականում նրանք Միջին Ասիայից են: Բայց այս ամենը շուրջ երկու ամսից փոփոխվելու է, քանի որ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին Դաշնային օրենքում» իրականացված փոփոխությունները: Ըստ այդմ, արգելվում է աշխատանքի ընդունել օտարերկյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին: Նոր պայմանների համաձայն այս տարվա հուլիսի 1-ից օտարերկրացի քաղաքացիները իրավունք ունեն աշխատել որպես վարորդ միայն ռուսական վարորդական իրավունք ունենալու դեպքում` ըստ համապատասխան կարգերի: Նշենք, որ օտարերկրյա վարորդները ռուսական վարորդական իրավունք ձեռք բերելու համար նախեւառաջ պետք է դիմեն Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչություն:
Ի դեպ, այս օրենքը չի վերաբերվում այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական ավտոմեքենաներից են օգտվում, այդ թվում են նաեւ զբոսաշրջիկները: Օրենքում կատարված փոփոխություններն առաջին հերթին տարածվում են այն քաղաքացիների վրա, որոնք համարվում են հասարակական տրանսպորտի եւ տաքսիների վարորդներ: Իսկ եթե գործատուն համարձակվի աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացու, ապա պետք է վճարի պետական տուգանք` 50 հազար ռուբլիի չափով: Այժմ միգրանտ-վարորդները, որոնք Ռուսաստանում աշխատում են որպես վարորդ, ունեն ընդամենը երկու ամիս ավտոդպրոց դիմելու, անհրաժեշտ քննությունները հանձնելու եւ ռուսական վարորդական իրավունք ստանալու համար: Բացի այդ՝ այս օրերին դիմելու դեպքում հնարավոր է, որ նրանք չկարողանան տեղավորվել ժամանակի մեջ, քանի որ Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչությունը հարցում է անելու տվյալ երկիր, որպեսզի ճշտի՝ արդյո՞ք քաղաքացին այնտեղ ստացել է վարորդական իրավունք, թե՞ ոչ:
Բնականաբար, օրենքի այս փոփոխությունը դժգոհություններ է առաջացրել աշխատանքային միգրանտների մոտ: Բանն այն է, որ նրանք իրենց երկրներում վարորդական դասընթացների են հաճախում, քննություն հանձնում, պետական վճարներ կատարում, իսկ հիմա ստիպված են լինելու օտար երկրում կրկին դասերի մասնակցել, քննություն հանձնել եւ ավելի շատ գումարներ ծախսել` վարորդական իրավունք ձեռք բերելու համար:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ընթացքում ընկերություններ կան, որոնք սկսել են աշխատանքի ընդունել միայն այն քաղաքացիներին, որոնք ունեն ռուսական վարորդական իրավունք: Օրինակ` տաքսի ծառայություններ կան, որտեղ աշխատում են միայն Ռուսաստանի քաղաքացիները:
Վերջերս էլ Մոսկվայի ավտոբուսային ընկերություններից մեկի ղեկավարությունը պարտադրել է իր աշխատակիցներին փոխել վարորդական իրավունքի վկայականը ռուսականով: Աշխատակիցներից շատերը հրաժարվել են` պատճառաբանելով, որ գումարներ ու մեծ ժամանակ են ծախսելու դրա համար: Արդյունքում նրանց մեծ մասն ընկել է կրճատման տակ: Սա զարմանալի չէ, քանի որ օրենքի այս փոփոխության մասին խոսվում էր դեռեւս 2013 թվականից:
Ի դեպ, ավագ սերունդի ներկայացուցիչները` 45-ն անց, որոնք կապ են ունեցել խորհրդային դպրոցի հետ եւ լավ տիրապետում են ռուսերենին, արագ են ընկալում նյութերը: Իսկ ահա երիտասարդ աշխատանքային միգրանտների համար դժվար է հասկանալ դասախոսի խոսքը, եւ նրանք նախընտրում են պատասխանները սովորել գրքերից, ինչը վատ է անդրադառնում քննությունների արդյունքների վրա: Այս ամենի արդյունքում աշխատանքային միգրանտների մի զգալի մասը, որը ֆինանսական միջոցներ չունի՝ վարորդական դասընթացներին հատկացնելու համար, ամռանը կմնա առանց աշխատանքի: Նրանց մի մասը հնարավոր է՝ փոխի աշխատանքը` նախընտրելով զբաղվել շինարարությամբ, մի մասը կսկսի անօրինական տաքսի վարել, իսկ մի մասն էլ կվերադառնա հայրենիք:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Ռուսաստանում վարորդական իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ վճարումների չափը կազմում է մոտ 29 հազար ռուսական ռուբլի` շուրջ 250 հազար դրամ: Ըստ այդմ, ավտոդպրոցում դասընթացներին մասնակցելու արժեքը կազմում է 20 հազար ռուբլի՝ 200 ռուբլի լուսանկարի, 1000 ռուբլի` բուժզննման, 50 ռուբլի` վարորդական իրավունքի կազմի, 1360 կամ 1560 ռուբլի՝ Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչության պլաստիկ ձեւով իրավունքի վկայականի եւ 2500 ռուբլի՝ քննության վերահանձնման համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԳՈՒՄԱՐԸ ՅՈՒՐԱՑՐԵԼ Է
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում մեկնարկել է Ռուբեն Հովհաննիսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. հունիսի 11-ին իր հոր` Գագիկ Հովհաննիսյանի անունով բացված «Գագիկ Հովհաննիսյան» ԱՁ-ի եւ «Նաիրի ինշուրանս» ՍՊԸ-ի միջեւ կնքել է աշխատանքային պայմանագիր եւ հոր փոխարեն ձեռք բերելով ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվություն, պարտադիր ապահովագրության վկայագրեր կնքելու լիազորություն` ստացել է «Նաիրի ինշուրանս» ՍՊԸ-ին հասանելիք դրամական միջոցները հավաքագրելու եւ տիրապետելու իրավունք, ապա վկայագրեր կնքելու համար հատկացված գաղտնաբառն օգտագործել է ուրիշի գույքը շարունակաբար հափշտակելու դիտավորությամբ: Համաձայն մեղադրական եզրակացության` Ռուբեն Հովհաննիսյանը 2014թ. հունիսի 11-ից մինչեւ 2015թ. փետրվարը ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով կատարել է ապահովագրական գործարքներ եւ յուրացրել իր վստահությանը հանձնված, գործարքներից ստացված առաձնապես խոշոր չափի` 5 միլիոն 534 հազար 395 դրամ գումար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանշներով (Յուրացնելը կամ վատնելը` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը խոշոր չափերով): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

ՊԱՍՏԱՌՆԵՐԸ ԴԵՌ ՓԱԿՑՎԱԾ ԵՆ
Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից 25 օր է անցել, սակայն ընտրությունների «ուրվականը» դեռ ներկա է մեր իրականության մեջ: Տավուշի մարզի շենքերի պատերին, ճանապարհների եզրերին, էլեկտրական հոսանքի հենասյուներին եւ այլուր պատռված, կիսապատռված, կամ դեռեւս ամբողջական տեսքով հառնում են կուսակցությունների թեկնածուների քարոզչական պաստառները եւ նկարները: Ըստ օրենքի` դրանք պետք է հանվեն այն անձանց կողմից, ովքեր փակցրել են, այսինքն` կուսակցությունների եւ թեկնածուների միջոցով: Եթե դա չի արվում, մաքրման գործը պետք է կատարեն համայնքապետարանները, ում տարածքում առկա են քարոզչական նյութերը: Համայնքապետարանները դեռեւս չեն շտապում այդ գործը կատարել: Առջեւում մայիսյան անձրեւներն են, դրանք թրջելու, փչացնելու են քարոզչական պաստառներն ու նկարները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս