Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակցուհին ամուսնացել է «Իսլամական պետության» ահաբեկչի հետ և տեղափոխվել Սիրիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին թարգմանչուհի Դանիելա Գրինը տեղափոխվել է Սիրիա և այնտեղ ամուսնացել «Իսլամական պետության» ահաբեկիչ Դենիս Կուսպերտի հետ, փոխանցում է CNN-ը:

Գրինը նախազգուշացրել է Կուսպերտին այն մասին, որ ԱՄՆ-ի իշխանությունները նրա դեմ հետաքննություն են սկսել, և ամուսնությունից մի քանի շաբաթ անց, ամենայն հավանականությամբ, գիտակցելով իր սխալը՝ վերադարձել է տուն:

Կինը համաձայնվել է համագործակցել հետաքննության հետ, ինչպես նաև մեղավոր է իրեն ճանաչել սուտ վկայություններ տալու համար: Արդյունքում նրան 2 տարվա ազատազրկման են դատապարտել, և նա ազատ է արձակվել 2016թ. ամռանը: Դեպքը տեղի է ունեցել 2014թ., սակայն ԶԼՄ-ներին հայտնի է դարձել վերջերս:

Կուսպերտը, ով գերմանացի նախկին ռեփեր է, համարվում էր ահաբեկչական խմբավորման ամենաազդեցիկ գրոհայինը: Նա զբաղվում էր ահաբեկչական գործունեության քարոզչությամբ, մասնավորապես, մասնակցում էր տեսահոլովակներում, դրանցից մեկում՝ գլխատած մարդու գլուխը ձեռքին:

CNN-ը հարց է ուղղում, թե արդյոք ամերիկյան արդարադատությունը չափազանց մեղմ չէ՞ր վարվել Գրինի հետ:




Լրահոս