ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 1940 թ. ծնված Ստեփան Մարկոսյանի սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Մայիսի 5-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում, շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում դիակ կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրում հայտնաբերել տվյալ տան բնակիչ, 1940թ. Ստեփան Մարկոսյանի դիակը՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով:
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ 1994 թ. ծնված։ Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ քննչական կոմիտե