Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 30-ամյա Տաթեւիկ Գրիգորյանը անցած տարի 600 հազար դրամով գնել է Mercedes-Benz 230 մակնիշի ավտոմեքենա: Միայն թե, նկատենք, որ մեքենայի արժեքն ինքնին կասկածելի է, քանի որ 600 հազար դրամանոց մեքենան հազիվ թե շահագործման ենթակա լինի, կամ էլ դատավորը պարզապես ցածր գին է ներկայացրել (մի զրո պակաս է գրել):
Նրա դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ եւ 12 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ դատավորը հայտարարագրել է իր աշխատավարձը` ամսական 520 հազար դրամ:
Ի դեպ, Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ ո՛չ բնակարան ունի եւ ո՛չ էլ շարժական գույք, բայց հետո աշխատանքի ընթացքում ձեռք է բերել 600 հազար դրամանոց մեքենան:
Տ. Գրիգորյանի անունը մեր ուշադրությունը գրավեց այն առումով, որ նա է քննելու Ժիրայր Սէֆիլյանի եւ նրա կողմնակիցների դեմ հարուցված քրեական գործը, որն արդեն ՀՔԾ-ն ուղարկել է դատարան: