ԼԸ ՊԵՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԼԻՆԻ ԱՋ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԱՄԲՈԽԱՀԱՃՈՒԹՅԱՆ ՏՐԻՈՒՄՖԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 7-ին՝ կիրակի օրը, կկայանա Ֆրանսիայի նախագահի ընտրության երկրորդ փուլը: Մրցապայքարում մնացել են երկու թեկնածուներ՝ Ազգային ճակատը ներկայացնող Մարին Լը Պենն ու Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը: Այսօր փորձենք ընթերցողին ներկայացնել եվրոպայի քաղաքական ամենահակասական գործիչներից Մարի Լը Պենին ու նրա դավանած գաղափարները:

Լը Պենը իր հարստությունն ու քաղաքական գործչի կարիերան, կարելի է ասել, ժառանգաբար է ստացել: Ֆրանսիական մամուլը բազմիցս է Լը Պենների՝ Փարիզի արվարձաններում խոյացող ընտանեկան առանձնատունը հռչակել Ազգային ճակատի կենտրոնական շտաբ, որտեղից ընտանիքը ղեկավարել է քաղաքական ուժի գործունեությունը: Աստիճանաբար ներքաշվելով կուսակցական եւ քաղաքական գործունեության մեջ՝ 2011թ. Մարին Լը Պենը կուսակցության ղեկը վերցրեց իր հորից՝ ֆրանսիական աջ ծայրահեղականության հայտնի գործիչ Ժան Մարի Լը Պենից: Նա, ստանձնելով կուսակցության ղեկավարի պաշտոնը, փորձեց տարանջատվել հոր գաղափարներից՝ ավելի մեղմ քաղաքականության առաջարկներով հանդես գալով: Եթե նրա հոր ղեկավարման շրջանում Ազգային ճակատը գերազանցապես ֆրանսիական քաղաքականության լուսանցքայիններից էր, ապա այսօր դստեր շնորհիվ ձեռնոց է նետել պահպանողականներին ու սոցիալիստներին: Հատկանշական է, որ նա իր հորն անգամ հեռացրեց կուսակցությունից այն հայտարարության համար, ըստ որի՝ Հոլլոքոստը պատմության սոսկ մի աննշան մանրամասնություններից է:
Ինչպես արդեն նշվեց՝ Լը Պենի ընտանեկան հարաբերությունները ամբողջովին քաղաքականացվել են կուսակցության ներսում: Որպիսի չարիք սա կդիտվի հայաստանյան պահպանողականության «տիտան» ՀՀԿ-ի եւ հատկապես Գալուստ Սահակյանի համար, որը կոչ էր անում չքաղաքականացնել անգամ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնը: Ինչեւէ, Լը Պենի նախկին երկու ամուսինները ժամանակին ակտիվորեն աշխատել են Ազգային ճակատում: Նույն կերպ աչքի է ընկնում նաեւ նրա ներկայիս կողակիցը՝ Լուի Էլիոտը, որը Ազգային ճակատի փոխնախագահն է, Մարին Լը Պենի զարմուհին էլ կուսակցության խոշորագույն իրավաբաններից է: Որքան էլ Լը Պենը հրաժարվեց կուսակցության ղեկավարի պաշտոնից նախագահական ընտրություններում «բոլոր ֆրանսիացիների» նախագահը դառնալու մեսիջ ուղարկելու ձգտումով, նրա անմիջական թիմակիցներն ու աջակցող հիմնական կորիզը շարունակում են մնալ ընտանեկան կապերով կապված գործիչներն ու Ազգային ճակատը: Լը Պենը փորձում է դրսեւորվել որպես անկախ ու կայացած գործիչ, որը Ֆրանսիայի առաջին կին նախագահը դառնալու իրական շանսեր ունի:
Դրանք հատկապես առնչվում են այն հանգամանքի հետ, որ Մարին Լը Պենը ցուցադրաբար տարանջատում է իրեն հոր հայացքներից ու գաղափարներից: Ավելին՝ նրա անձնական հմայքը նույնպես նշանակություն ունի ընտրողներին գրավելու իմաստով: Այնուամենայնիվ, սկզբունքորեն նրա եւ հոր միջեւ դժվար է մեծ տարբերություններ գտնել: Նույնիսկ նրա կողմից հրապարակված 144 կետանոց հռչակագիրը ակնհայտորեն գրված է հենց այդ ոգով: Նա սատարում է կուսակցության գիծը՝ կոշտ միջոցներ ձեռք առնել ներգաղթյալների դեմ եւ ամրապնդել սահմանային անվտանգությունը: Իր ընտրարշավի ընթացքում Լը Պենը որպես թիրախ հռչակել է մահմեդականներին՝ բացասաբար վերաբերվելով վերջինների էթնիկ-ազգային սովորույթներին: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայում կանանց հարգում են, չեն պարտադրում թաքցնել դեմքը, անկաշկանդ գինի են խմում, քննադատում կրոնն ու վայելում խոսքի ազատությունը: Նա պահանջել է նաեւ կասեցնել ոչ եվրոպական ներգաղթյալների մուտքի արտոնագրերը: Այս քաղաքականության համար Լը Պենը որպես առաջնահերթություն է ընդունել «ներգաղթը իր խստագույն նվազագույնին հասցնելու» սկզբունքը:
Նա անթաքույց կերպով միմյանց է կապում Ֆրանսիայում տեղի ունեցող ահաբեկչական ակտերը ներգաղթի ու ծայրահեղական իսլամի ներկայացուցիչների հետ: Պնդում է, որ ֆրանսիացիների շահերը պետք է գերակայեն ամեն ինչի ու յուրաքանչյուրի նկատմամբ: Լը Պենը հայտարարել է, որ ընտրվելուց հետո 6 ամսվա ընթացքում հանրաքվե է նշանակելու Եվրոպական Միությունը լքելու հարցի առնչությամբ: Նրա պոպուլիստական կարգախոսներն ու խոստումները վերլուծաբաններին հիշեցնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը նույնպես պարտավորվում էր պաշտպանել սովորական աշխատավորների ու ֆերմերների շահերը՝ ընդդեմ «չար վերնախավի»: Գլոբալիզացիան հռչակելով թշնամի՝ Լը Պենը նույնպես առաջարկում է պարփակվել սեփական սահմաններում ու տուրք տալ բացառապես Ֆրանսիայի հզորացմանը:
Ապրիլի 23-ին կայացած նախագահական ընտրության առաջին փուլում Մարին Լը Պենը վաստակել էր ընտրողների մոտ 22 տոկոսի աջակցությունը՝ հայտնվելով 2-րդ հորիզոնականում: Սոցիոլոգիական հարցումները համոզված պնդում են, որ երկրորդ փուլում նա, միայնակ մնալով Էմանուել Մակրոնի դեմ, պարզապես չի կարողանա հաղթել: Շատերն են հիշում 2002թ. նախադեպը, երբ նրա հայրը կրկին հասավ երկրորդ փուլ, սակայն պարտվեց Ժակ Շիրակին: Վերջինս այդժամ ստացավ մոտ 78 տոկոս ձայն՝ իր շուրջը համախմբելով Ֆրանսիայի քաղաքական գրեթե ողջ էլիտային: Սովորական քաղաքացիներն էլ իրենց հերթին էին շտապում ընտրատեղամասեր՝ կանխելու աջ ծայրահեղականության հաղթանակը: Պատմական նախադեպը հուշում է, որ Մարին Լը Պենը կարժանանա հոր ճակատագրին՝ անշուշտ, շատ ավելի մեծ թվով ձայներ ստանալով:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ՀՈՎԱԶ, ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ` 15 ՄԼՆ ՏՈՒԳԱՆՔ

Ինչպես հայտնի է` Խոսրովի պետական արգելոցում շուրջօրյա հսկողությունն իրականացվում է հատուկ ջոկատի եւ տեղամասային տեսուչների կողմից: Սակայն Խոսրովի պետական արգելոցում պահպանության գծով փոխտնօրեն Ռաֆիկ Պետրոսյանի խոսքերով հիմնական խնդիրներից մեկն այն է, որ արգելոցի տարածքը բաց է, եւ բոլոր տեղերից կարող են մարդիկ մուտք գործել: Միաժամանակ պահպանության գծով փոխտնօրենը հավաստիացրեց, որ արգելոցում որս չկա: Փոխարենը նկատեց, որ կենդանական աշխարհի աճ կա: Արգելոցը բաժանված է չորս տեղամասի:

«Ժողովուրդ» օրաթերթը փոխտնօրեն Պետրոսյանից տեղեկացավ, որ արգելոցի պահպանության համար նախատեսված ռենջերների աշխատավարձը ցածր է` հավելավճարի հետ միասին 80 հազար դրամի չափ: Այդ մասին օրեր առաջ խոսել է նախ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարի խոսքերով՝ ռենջերների ինստիտուտի կայացման խնդիր կա ե՛ւ լիազորությունների, ե՛ւ տեխնիկական զինվածության, ե՛ւ աշխատավարձի առումով:
Հատկապես վերջինը սուր է. «Մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են: Ահազանգերի դեպքում հնարավոր է՝ գիշերվա ժամը երկուսին նրանք գնան շրջագայության: Չէ որ այս դեպքում մարդուն քնից հանում, տանում ենք»,- ներկայացրեց Պետրոսյանը: Մեր զրուցակիցը նկատեց նաեւ, որ եթե ռենջերները որսագողի կամ որսագողության դեպք հայտնաբերեն, ապա իրենք իրավասություն չունեն տեղում արձանագրություն կազմելու»: Միայն պետք է բռնենք, հանձնենք ԲՆ-ի բնապահպանական պետական տեսչությանը, քանի որ իրենք են որոշում տուգանքի չափը: Մենք նաեւ իրավասու ենք դեպքը հանձնել ոստիկանությանը»,- ներկայացրեց Պետրոսյանը` ընդգծելով, որ վերջին շրջանում նման դեպքեր տեղի չեն ունեցել: Նա տեղեկացրեց, որ ե՛ւ բեզոարյան այծ, ե՛ւ կովկասյան ընձառյուծ` հովազ, որսալու դեպքում տուգանքի չափը կազմում է 3 մլն դրամ: Իսկ եթե որսը տեղի է ունեցել արգելոցի տարածքում, ապա տուգանքի չափը բազմապատկվում է 5-ով`դառնալով 15 մլն դրամ:
Փոխտնօրենը հավաստիացրեց, որ արգելոցը պահպանող եւ հսկող հատուկ ջոկատը զենքով ապահովված է: Այսօրվա դրությամբ ռենջերները չունեն նաեւ ավտոմեքենաների, վառելիքի եւ հագուստի խնդիր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՎՆԱՍՆԵՐԸ ԿՀԱՇՎԱՐԿԵՆ, ՍԱԿԱՅՆ…
Ապրիլի լույս 27-ի գիշերը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտի բնակավայրերում ցրտահարություն է եղել: Տուժել են Արճիս, Հաղթանակ, Պտղավան, Դեղձավան գյուղերի պտղատու այգիները եւ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները: Արճիսի այգեգործները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ ցրտահարությունը հիմնականում եղել է Դեբեդ գետի ափին եւ ցածրադիր տեղանքում գտնվող այգիներում: Ծաղկած ընկուզենիները, սալորենիները, ծիրանենիները վնասվել են տարվա այդ ժամանակաշրջանի համար անսովոր ցուրտ եղանակի պատճառով: Դեղձավանից տեղեկացանք, որ վնասվել են արքայանարնջի, սալորի այգիները, կարտոֆիլի ցանքատարածությունները: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանին հարցրինք, թե ինչքա՞ն են կազմում վնասի չափերը: Նա ասաց, որ ցրտահարությունից պետք է մեկ շաբաթ անցնի, որպեսզի պատճառված վնասի չափը պարզ դառնա: Վ. Սուքոյանը հայտնեց, որ համայնքներում կկազմվեն հանձնաժողովներ, որոնք կճշտեն ցրտահարության պատճառած վնասները: Համայնքապետարանները վնասների մասին տվյալները կներկայացնեն Տավուշի մարզպետարան, որն էլ իր հերթին դրանք կուղարկի գյուղատնտեսության ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություններ: Վերջին տարիներին Տավուշի մարզում տեղի ունեցած ցրտահարությունների եւ կարկտահարությունների պատճառած վնասների վերաբերյալ տեղեկությունները մշտապես ներկայացվել են կառավարություն, սակայն տուժած գյուղացիներին պետության կողմից դրամական կամ որեւէ այլ աջակցություն չի ցուցաբերվել:

 

 

ՈՐ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՉՀԱՆՁՆԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթանում է Վիգեն Դովլաթբեկյանի դատավարությունը: Նա իր նախկին կնոջ կողմից իրենց մանկահասակ երեխային՝ 2015թ. ծնված տղային մանկատուն տեղափոխելու գործողությունները խափանելու նպատակով 2016թ. դեկտեմբերի լույս 14-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, տան մուտքի դուռը բացելու միջոցով մուտք է գործել Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող Լուսինե Խաչինյանի բնակելի տուն՝ խախտելով բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Վ. Դովլաթբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով (Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը): Սույն հոդվածը նախատեսում է 500-100 հազար դրամ տուգանք կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք: Վ. Դովլաթբեկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս