Միջպետական ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքներն ավարտվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի սկզբին մեկնարկած փոսային նորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, բացառությամբ Դիլիջան- Վանաձոր ավտոճանապարհի մոտ 20 կմ հատվածի, որտեղ անձրևառատ եղանակի պատճառով փոսային նորոգումը դեռ շարունակվում է և կավարտվի մինչև մայիսի 28-ը։

Խստաշունչ ու երկարատև ձմռան պատճառով այս տարի ճանապարհի պատվածքն առավել քայքայված էր։ Միայն միջպետական նշանակության ավտոճանապարհներին 2017թ. կատարվել է շուրջ 200 հազար քմ փոսային նորոգում։ Մինչդեռ 2016թ. միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել է 110 հազար քմ նորոգում։

Ներկայում ճանապարհաշինարարները շարունակում են գծանշումների թարմացման, ճանապարհային նշանների վերականգնման, կողնակների նորոգման աշխատանքները։

Ընթացքի մեջ են և մինչև հունիսի սկիզբը կավարտվեն նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգումները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս