«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրենի դուստրը տուն չունի. որքան է նորընտիր պատգամավորի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Նորա Առուստամյանը, որը մանդատ է ստացել Խաչիկ Մանուկյանի մանդատը վայր դնելու արդյունքում, ըստ պաշտոնական հայտարարգրի` ոչ տուն ունի, ոչ ավտոմեքենա եւ ոչ էլ թանկարժեք գույք: Ի դեպ, նա որպես օգնական աշխատել է ԱԺ-ում եւ եղել է Գագիկ Ծառուկյանի օգնականը:

Նորա Առուստամյանը, որը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենի դուստրն է, որպես եկամուտ հայտարարագրել է ՀՀ ազգային ժողովից ստացած 1 մլն 821 430 դրամ աշխատավարձը, որը ամսական կազմում է 151 հազար դրամ: Իսկ «այլ եկամուտը», որը կազմել է 2 մլն 105 հազար դրամ, ստացել է իր հորից` Սեդրակ Առուստամյանից: Երիտասարդ պատգամավորուհու դրամական միջոցները կազմել են 317 հազար դրամ:
Տեղեկացնենք, որ «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակներով ավելի շատ ձայներ հավաքած պատգամավորներին ստիպել են վայր դնել մանդատները, որպեսզի Ն. Առուստամյանը դառնա պատգամավոր:

Ըստ որոշ տեղեկությունների` խորհրդարանական ընտրություններին Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքից ամենաշատ ընտրակաշառք բաժանողներից մեկը Սեդրակ Առուստամյանի դուստրն է եղել: Նա վստահ է եղել, որ ավելի քան 10 հազար ձայն է հավաքելու իր եւ դաշինքի համար, բայց մարդիկ ուրիշին են ընտրել: Արդյունքում՝ Առուստամյանը հավաքել էր ընդամենը 4789 ձայն: Սակայն Գագիկ Ծառուկյանը համառորեն պնդել է, որ ԱԺ գնա հենց իր մտերիմ Սեդրակի դուստրը, քանի որ մտերմությունից զատ, ամենաշատ գումարը հենց նա է ծախսել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս