Այսօր՝ հունիսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ապրիլյան պատերազմի մասնակիցներից վեցին ավտոմեքենաներ են նվիրել։ Այս մասին հայտնում է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ով նաեւ լուսանկարներ է տեղադրել:
Նշենք, որ արարողությանը ներկա է եղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Մեքենաները հանձնվել են ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված մի խումբ զինվորների եւ սպաների:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Կարեն Խաչատրյանին այս հայրենանվեր ձեռնարկը կյանքի կոչելու համար՝ պահանջված համարելով նման նախաձեռնությունները:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: