Երեկ Գյումրու Թատերական հրապարակում՝ շախմատի դպրոցի մոտ, տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք:
Ավելի ուշ հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 258-ի (խուլիգանության) հատկանիշներով:
Նշենք` Aravot.am-ը գրել էր , որ վիճաբանությունը եղել է երկու անձի միջև, այնուհետ, ըստ բնակիչների, հնչել են կրակոցներ։ Թաղի բնակիչները ճանաչել են, որ վիճաբանողներից մեկը «Շիրակ» ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է, մյուսը՝ գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդանն է։
Վարդան Եդիգարյանը Գյումրու ավագանու անդամ է, գազի գրասենյակի տեղամասի պետ է եղել, որին ազատել են աշխատանքից, իսկ ՀՀԿ-ական Սերգեյ Ամիրբեկյանի վարորդը ուժային կառույցներում տարբեր պաշտոններ զբաղեցրած Անդրանիկ Պողոսյանի՝ «Կոբալ Անդոյի» որդին է։ Վերջիններս սկսել են թունդ վիճաբանության մեջ մտնել հենց գազի գրասենյակում, որը տեղափոխվել ու շարունակվել է թատրոնի մոտ։
Եվ ահա ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ իրավապահները պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունը, եւ այժմ նրանց հայտնաբերելու եւ հարցաքննության կանչելու նպատակով քայլեր են ձեռնարկվում: Ասել է, թե միջադեպի մասնակիցները կռվից հետո անհետացել են: Չի բացառվում, որ ավելի ուշ կասկածյալների նկատմամբ հետախուզում հայտարարվի:
Ի դեպ, նկատենք, որ Գյումրու գազի գրասենյակի տեղամասի պետ Սերգեյ Ամիրբեկյանի անվան շուրջ մեկ անսվա ընթացքում սա երկրոդ միջադեպն է գրանցվում: Բանն այն է, որ մայիսի 12-ին գրել էինք, որ նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, իր ընկերների հետ մտել է իրենց ընտանիքին պատկանող, սակայն վարձավճարով տված գազալցակայան ու ծեծի ենթարկել աշխատակիցներին:
Ըստ նույն տեղեկությունների՝ տուժել էր «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանը: Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, թե ինչից է սկսվել վեճը: Ըստ այդմ, դեպքը տեղի է ունեցել 10 օր առաջ Գյումրու Մուշ թաղամասում, երեկոյան ժամին, Ղուկասյաններին պատկանող, բայց վարձակալությամբ հանձնված գազալցակայանում:
Նշենք, որ Ղուկասյաններին պատկանող 3 գազալցակայաններից երկուսը վարձակալությամբ վերցրել է «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանը: Գազալցակայան այցելած երիտասարդների քեֆը լավ է եղել, նրանք վիճաբանել են աշխատակիցների հետ, բարձր հայհոյանքներ հնչեցրել, իսկ Ղուկասյանի եղբոր որդին՝ Կոլյա Ղուկասյանը, տեղում զանգահարելով Սերգեյ Ամիրբեկյանին՝ նրանից պահանջել է իրեն նշանակել գազի առաջին տեղամասի պետ:
Լուսանկարը` Aravot.am-ի
Քնար Մանուկյան