Եվրոպան հետաքրքրված չէ Ղարաբաղով. Ալեքսանդր Ռաար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջապես կարողացավ հասնել միջազգային դիտորդների թիվը 7-ով ավելացնելուն եւ ԼՂ խնդրի շրջանակներում արդեն հասցեական հայտարարություններ է անում՝ Ադրբեջանին քննադատելով հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների համար:

Այս առնչությամբ միջազգային փորձագետ Ալեքսանդր Ռաարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ միաժամանակ ընդգծելով, թե դա պետք է անեն հենց կոնֆլիկտի կողմ հանդիսացող երկրները առանց միջնորդների: Ռաարի խոսքով՝ այժմ Եվրոպան այն վիճակում չէ, որ խառնվի Ղարաբաղյան հակամարտությանը. վերջինս շարունակում է մնալ ստվերում եւ միջազգային փորձագետի խոսքով,՝ տեղի ունեցող գործընթացներին կխառնվի միայն պատերազմի դեպքում:

Ռաարի խոսքով, սակայն, այս պարագայում նոր պատերազմի հավանականությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ հաղթողներ, միեւնույնն է, չեն լինելու: Որքան էլ կարող է տարօրինակ թվալ, Ռաարը կարծիք հայտնեց, թե որոշ ժամանակ անց Ղարաբաղյան հակամարտության հարցում կարող է մեծանալ Չինաստանի դերակատարությունը, որը փորձում է մեծ քայլերով ամուր հիմքեր դնել տարածաշրջանում:

– Պարո՛ն Ռաար, Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող գործընթացներում Եվրոպան կարծես թե չի խառնվում: Ո՞րն է պատճառը:

– Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով, եւ բոլորն են դա հասկանում: Սակայն այժմ Եվրոպական Միությունը կանգնած է մեծ մարտահրավերների առջեւ եւ պետք է վերակառուցի իր պաշտպանողական քաղաքականությունը: Այժմ եվրոպական երկրները զբաղված են ներքին հարցերով, խնդիրներով: Ես այժմ չեմ տեսնում այդ հարցում Եվրոպայի ակտիվացման նախադրյալներ: Այժմ Եվրոպայի համար դրա ժամանակը չէ:

– Այսինքն` այս պահին Ղարաբաղի հարցի ժամանա՞կը չէ:

– Ընդհանրապես ժամանակ չկա: Միգուցե առանձին մասնագետներ, գործիչներ դրանով զբաղվում են, սակայն Եվրոպան ամբողջությամբ դրանով չի հետաքրքրվում: Հիմա Ղարաբաղյան խնդիրը հեռվում է մնացել: Ես կրկին նշում եմ, որ միգուցե առանձին անհատներ դրանով զբաղվում են, սակայն ամբողջապես այժմ դա Եվրոպայի հետաքրքրությունների առանցքում չի գտնվում:

– Դուք նշեցիք, որ միայն բանակցություններով կարող է հարցը լուծվե՞լ: Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, եթե նաեւ Ձեր խոսքում նշեցիք, որ հետաքրքրություն առկա չէ:

– Ղարաբաղի համար ժամանակ կա այն առումով, որ ոչ մի կոնֆլիկտ չլինի: Հենց այդ առումով էլ պետք է անընդհատ բանակցել: Եթե Դուք հարցնեք Եվրոպային, ապա վերջինս կասի այն, ինչ ասել է այս վերջին 30 տարիների ընթացքում, որ կոնֆլիկտը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով` բանակցությունների միջոցով: Բայց Դուք տեսնում եք, որ այժմ Եվրոպան չունի այն ուժը կամ ազդեցությունը տարածաշրջանի վրա, որպեսզի որեւէ կերպ գործի: Եվրոպան կարող է ամեն ինչ անել, որ կոնֆլիկտներ չլինեն, սակայն այս հարաբերություններում այլ քայլերի հիմքեր չեմ տեսնում:

– Արդո՞ք Ադրբեջանը չի կարող օգտվել այն հանգամանքից, որ այժմ մյուս երկրները զբաղված են այլ հարցերով եւ դիմել նոր արկածախնդրության:

– Գիտե՛ք, այժմ Եվրոպան չունի հետաքրքրություն եւ ուժ զբաղվելու նաեւ Ուկրաինայում ընթացող գործընթացներով: Հենց կոնֆլիկտի կողմերը պետք է որոշեն այս հարցը` առանց միջնորդների: Ղարաբաղյան հակամարտության հարցում, իմ կարծիքով, լրիվ այլ դերասաններ կարող են սկսել խաղալ, այդ թվում` նաեւ Չինաստանը, որը Ձեր տարածաշրջան է մտնում մեծ քայլերով` ընդլայնելով իր քաղաքականությունը: Չինական ազդեցությունն իրոք մեծանում է նաեւ քաղաքական առումով, եւ ես մտածում եմ, որ կանցնի ժամանակ, եւ տարածաշրջանային խնդիրներով կզբաղվեն ոչ թե եվրոպացիները, այլ Շանհայական համագործակցության ղեկավարները:

– Դատելով Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներից՝ պատերազմի հավանականություն առկա՞ է:

– Ես կարծում եմ` ոչ, քանի որ այդ պատերազմում հաղթողներ չեն լինի: Եթե պատերազմ սկսվի, Եվրոպան կակտիվանա եւ «կրակը հանգցնողի» դեր կկատարի, ուղղակի հույսեր, որ Եվրոպան այժմ ինչ-որ բան կանի ինչ-որ մեկի փոխարեն, պետք չէ սպասել: Մոտ տասը տարի առաջ Եվրոպան բոլորովին այլ էր, հանգիստ, ուներ մեծ էներգիա` զբաղվելու այլ երկրների, այլ մարդկանց հարցերով: Այժմ Եվրոպան զբաղված է պարբերաբար տեղի ունեցող ահաբեկչություննեով, սակայն պատերազմը ոչ մեկին ձեռնտու չէ:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս