ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչներն արդեն երկու օր է, ինչ չեն քնում: Պատճառը`երեկվա տեղացած ուժգին կարկուտն է: Ինչպես Արմավիրի մարզի մի քանի գյուղերում, այնպես էլ Շահումյանում երեկ տեղացած ուժգին կարկուտը հսկայական վնասներ է հասցրել:
Շահումյանի գյուղապետ Հարություն Նավասադրյանը ArmLur.am-ի հետ զրույցում հուսահատված նկատեց, որ երեկվա կարկուտը 100 տոկոսի չափով վնաս է հասցրել գյուղացիներին: «Ամբողջ գիշեր չենք քնել, մի քանի րոպեների ընթացքում կարկուտը մաքրեց, սրբեց ու տարավ գյուղացիների ունեցվածքը: Բայց մարդիկ միլիոններ են ներդրել, բանկերից վարկեր են վերցրել, իսկ հիմա հայտնվել են անելանելի դրության մեջ»,- ներկայացրեց գյուղապետը:
Շահումյանի գյուղապետ Հ. Նավասարդյանը ArmLur.am-ին հայտնեց նաեւ, որ այսօր առավոտյան Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը այցելել է գյուղ, շրջել այգիներով, դաշտերով եւ մանրամասն ծանոթացել իրավիճակին:
Ինչպես հայտնի է` ստեղծվել է հանձնաժողով երեկվա կարկուտի արդյունքում գյուղացիների կրած վնասները հաշվարկելու նպատակով: Շահումյանի գյուղապետ Նավասարդյանը հույս հայտնեց, որ կառավարությունը միայնակ չի թողնի գյուղացուն եւ աջակցություն կցուցաբերի: Հուսանք գործադիրը կարդարացնի եւ գյուղապետի եւ շահումյանցիների սպասելիքները:
Սյունէ Համբարձումյան