Երևանում հայ-տաջիկական նոր գործարար կապեր են ստեղծվում և քննարկվում համատեղ ներդրումային ծրագրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է «Հայաստան-Տաջիկստան» գործարար համաժողովը՝ երկու երկրների ձեռներեցների միջև նոր գործարար կապեր ստեղծելու, հետաքրքրություն ներկայացնող և ներդրումների համար գրավիչ ոլորտները ներկայացնելու համար։ Համաժողովը կազմակերպվել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցի շրջանակում։

Համաժողովին մասնակցում են շուրջ 100 հայաստանյան և 36 տաջիկական ընկերությունների գործարարներ։ Համաժողովից հետո հանքարդյունաբերության, գյուղմթերքի վերամշակման, քիմիական, ոսկեգործության, շինանյութերի արտադրության, տուրիզմի և բանկային ոլորտներում գործող տնտեսվարողների համար նախատեսված են B2B հանդիպումներ։ «Պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումները հայկական ընկերություններին հնարավորություն կտան քննարկելու համատեղ ներդրումային ծրագրերն ու մեծացնել հայկական արտադրանքի արտահանման ծավալները»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Երկու երկրների գործարարների համար կազմակերպվել են Հայաստանի և Տաջիկստանի ներդրումային միջավայրերի շնորհանդեսներ, «Թեքնոլոջի ընդ սայենս դայնամիքս» ընկերության ղեկավարը ներկայացրել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն ու հեռանկարը։
Նախօրերին՝ հունիսի 13-ին, տեղի է ունեցել Հայաստանի և Տաջիկստանի միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը: Համանախագահել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՏՀ տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան:

Վիճակագրություն։ Ըստ ՀՀ մաքսային վիճակագրության՝ նախորդ տարի Հայաստանից Տաջիկստան արտահանվել է 663,8 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, այդ թվում՝ դեղամիջոցներ, ակրիլային պոլիմերներ, օգտագործված հագուստ, ոսկերչական իրեր և գործիքներ, ինչպես օրինակ, խարտոց, ակցան, ունելի։ Առևտրային ծավալներով ներմուծում չի գրանցվել։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս