Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած Caucasus SME Banking Club Conference 2017-ի ընթացքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ներկայացրեց 2013 թվականից ներդրված ոչ ֆինանսական պրոդուկտները և դրանց շրջանակում գործընկերներին տրամադրվող անվճար բիզնես-դասընթացները, ինչպես նաև այս տարիների ընթացքում կուտակած լավագույն փորձը:
«Շատ դեպքերում սեփական բիզնես սկսողները չեն ունենում համապատասխան կրթություն ու հմտություններ և այս պատճառով էլ, չդիմանալով մրցակցությանը, շատ շուտ դուրս են մղվում շուկայից: 21-րդ դարը մրցակցային առավելությունների և գիտելիքահեն բիզնեսի վարման շրջան է: Հենց այս հանգամանքը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից որդեգրված` կայուն ու վստահելի գործընկեր լինելու տեսլականը դրդեցին մեզ վերաիմաստավորելու հարաբերությունները հաճախորդների հետ: Մենք վստահ ենք, որ առաջընթացի և զարգացման հիմնական գրավականը փոխօգնության վրա հիմնված կայուն, երկարաժամկետ, վստահելի գործընկերային հարաբերություններն են: Այս ամենը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կունենանք գրագետ բիզնես հարաբերություններ: Թվարկված գործոնների ստեղծման և խոչնըդոտների չեզոքացման համար բանկն ընտրել է իր գործընկերներին հավելյալ գիտելիքների և իր կողմից կուտակած փորձի տրամադրման ճանապարհը», – իր խոսքում նշեց բանկի Մարքեթինգի և զարգացման վարչության ղեկավար Արսեն Մելքոնյանը:
Թբիլիսիում իրականացվող Caucasus SME Banking Club Conference 2017-ին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ:
Համաժողովը ամենամյա է և վերաբերում է տարածաշրջանի ֆինանսաբանկային համակարգի հիմնախնդիրներին: