Եթե կարծում են՝ կարող են ահաբեկել մեզ, չարաչար սխալվում են. Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի` պատերազմով սպառնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը (Ռուսաստան) Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է՝ կողմերը կշարունակեն քաղաքական երկխոսությունը: Այս հարցի առնչությամբ ArmLur.am-ի զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

– Պարո′ն Բաբայան, ԵԱՀԿ Մինսկիի խմբի հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք: Արդյեք այն հասցեական էր:

– Նախևռաջա վերլուծելով հայտարարությունը, կարող ենք ասել, որ կան մի քանի կարևոր կետեր: Նախ այնտեղ նշված է երեք կողմ: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը և ինչ-որ այլ ուժեր փորձում են ցույց տալ, որ հակամարտող կողմերն Ադրբեջանն ու Հայաստանն են: Նախևառաջ պահպանված է հստակ ձևաչափը: Նշված է, որ այցելել են տարածաշրջան, հանդիպել են նաև Արցախի իշխանությունների հետ: Երկրորդը՝  այդ հայտարարության մեջ համանախագահներն առաջին հերթին դիմել են Ադրբեջանին, ինչը բնական է՝ ցույց է տալիս մեկ բան, որ Ադրբեջանն է խախտողը հրադադարի ռեժիմը: Հետևաբար, սա հասցեականություն իր մեջ պարունակում է: Ճիշտ է, մենք սպասում էինք ավելի կոշտ և հասցեական: Համեմատած նախորդ հայտարարությունների, իհարկե սա ավելի հասցեական էր և պետք է շարունակվի այս ոճը:

-Երեկ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովը, կարելի է ասել, սպառնաց պատերազմով: Նման հայտարարություններն ի՞նչ նպատակ են հետապնդում:

– Ոչ միայն սպառնում է: Ես կարծում եմ՝ նման հայտարարությունները պետք է պատասխանատվության կանչեն: Եթե մենք խոսում ենք մեխանիզմների մասին, դա պետք է այնպես արվի, որ լարվածությունն իջնի և խախտումները վեր հանվի: Ինչու է Ադրբեջանը դեմ դրան, որովհետև նա հասկանում է, որ ինքն է խախտում և չի ցանկանում պատասխանատվությունն իր վրա վերցնել: Բացի այդ, նման հայտարարությունները պետք է դիտարկել որպես զինադադարի ռեժիմի խախտման կոչեր, ինչը նույնպես պետք է համապատասխան գնահատականի արժանանա: Ինչ է նշանակում, որ Հասանովը նախատի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ո՞վ է նախատում, ինչ-որ մեկը, ով բարոյական իրավունք չունի նման բան անելու:

– Միգուցե այդ հայտարարությունները վախի մթնոլորտ ստեղծելո՞ւ միտում ունեն:

– Այդպիսի հայտարարությունները չեն ազդում մեզ վրա: Եթե նրանք մտածում են, որ այդպիսի հայտարարություններով կարող են ահաբեկել մեզ, չարաչար սխալվում են: Նման հայտարարություններով նրանք առաջին հերթին ահաբեկում են իրենց, իրենց բնակչությանը, որը չի ուզում պատերազմել: Մենք ադրբեջանական ժողովրդին չենք ընդունում որպես թշնամի: Ադրբեջանական ժողովուրդն ինքն է կրակն ընկել իր աննորմալ ղեկավարության ձեռքին, որոնք խաբելով, թալանելով, փորձում են ուշադրություն շեղել: Բայց դա անպայման կատաստրոֆայի է բերելու հենց Ադրբեջանի համար:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս